«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում մսի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները 3.9 տոկոսով նվազել են: Նույն պատկերն է նաեւ խոզի եւ ոչխարի մսի դեպքում. այս տարվա հունվար-հունիսին խոզի մսի արտադրության ծավալները պակասել են 6 տոկոսով, իսկ ոչխարինը՝ 2.9 տոկոսով: Փոխարենը ավելացել են թռչնամսի արտադրության ծավալները 10.8 տոկոսով:
Բացի այս, անկում արձանագրվել է նաեւ երշիկեղենի արտադրության ոլորտում 4.7 տոկոսի չափով: Փոխարենը Հայաստանում ավելացել է անասնագլխաքանակը. եթե 2017 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 655 հազար 800, 2018-ին այն դարձել է 590 հազար 600, 2019-ին՝ 571 հազար 861, իսկ 2020-ին՝ 579 հազար 256: Այս ամենի արդյունքում, մասնագետների խոսքերով, տավարի, խոզի եւ ոչխարի մսի արտադրության ծավալներն առաջիկայում կավելանան»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։