ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ, ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ԼԱՐՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախնական արդյունքների հրապարակումից ընդամենը ժամեր անց Բելառուսի նախագահին վերընտրվելու առթիվ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ հղեցին:

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Լուկաշենկոյին մաղթել է առողջություն, հաջողություն, ամենայն բարիք, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական տեքստում, մասնավորապես, ասված է. «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ամրապնդել մեր ժողովուրդների միջեւ բարեկամությունը եւ ընդլայնել մեր երկրների միջեւ փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների եւ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում»:

Վարչապետն ընդգծել է, որ պատրաստ է ամեն ջանք գործադրել, որպեսզի լիովին իրագործեն երկու երկրների ու ժողովուրդների միջեւ հարաբերությունների ամբողջ ներուժը:

Վեցերորդ անգամ նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորող երկրների թվում Հայաստանն առաջիններից է: Ցանկում նաեւ Ռուսաստանն է, Չինաստանն ու Ադրբեջանը:

Սակայն նկատենք, որ ՀՀ վարչապետի շնորհավորանքը քննադատվեց: Բանն այն է, որ, շատերի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը շատ է շտապել։  Վարչապետին խիստ քննադատեցին նաեւ մի շարք իրավապաշտպաններ:

Նման պայմաններում հեղափոխությամբ իշխանության եկած Փաշինյանի շտապ շնորհավորանքը իրավապաշտպան Արթուր Սաքունցն անընդունելի է համարում: Իրավապաշտպանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մի պետություն, որի վարչապետը շնորհավորում է բռնապետ Լուկաշենկոյին, ապա ոնց կարող է նույն արարքի համար քրեական հետապնդում իրականացնի Ռ. Քոչարյանի նկատմամբ: Սա արժեքների ու սկզբունքների կատարյալ անախրոնիզմ է….. Սա ուղղակի աբսուրդ է…»:

Նախնական արդյունքների համաձայն՝ Լուկաշենկոն 80-ից ավելի տոկոս ձայներով հաղթել է ընդդիմադիր հիմնական թեկնածու՝ ընտրողների ձայների մոտ տասը տոկոսը հավաքած Տիխանովսկայային։ Իսկ Բելառուսում հետընտրական բազմահազարանոց ցույցերը չեն դադարում, ոստիկանությունը կոշտ միջոցներ է կիրառում: Պաշտոնապես հայտնի է մեկ զոհի մասին:

Բելառուսում ընդդիմությունը համազգային գործադուլ է հայտարարել: Այսօր առավոտյան Լիտվայի արտգոծնախարարը հաղորդեց, որ Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան հեռացել է Մինսկից եւ այժմ գտնվում է Վիլնյուսում: Ըստ Լինաս Լինկեւիչուսի՝ մինչ այդ Բելառուսի իշխանությունները ձերբակալել են նրան եւ յոթ ժամ պահել անազատության մեջ՝ առանց որեւէ հիմնավորման։

Ավելի ուշ տեսաուղերձ է տարածել նաեւ ինքը՝ նախագահի ընդդիմադիր թեկնածուն, դողացող ձայնով պնդելով, որ մարդկային կյանքը վեր է ամեն ինչից։ Տիխանովսկայայի վստահված անձանցից մեկն էլ ասել է. «Այժմ մենք երկու խնդիր ունենք՝ պաշտպանել մեր ընտրությունը եւ դադարեցնել արյունահեղությունը, իրավիճակը ճգնաժամային է, եւ որքան էլ բարդ է, պետք է հրաժարվել բռնությունից եւ պաշտպանել մեր հաղթանակը օրինական, ոչ բռնի միջոցներով»։ Տիխանովսկայայի ամուսինը Լուկաշենկոյի հիմնական մրցակիցն էր եւ այժմ ազատազրկված է: Ամուսնու ձերբակալությունից հետո Տիխանովսկայան հասցրել է գրանցվել որպես նախագահի թեկնածու, ընտրությունների հաջորդ օրվանից Բելառուսի մայրաքաղաքում եւ տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են, իրավիճակն այսօր էլ շարունակում է մնալ լարված:

Ըստ որոշ աղբյուրների՝ այսօր Մինսկում անվտանգության խորհրդի նիստ է նախատեսված։ Մինչ այդ իրավապահները հերթական նախազգուշացումն են տվել ցուցարարներին: Նրանք, որ ապօրինի քայլերի կդիմեն, կկանչվեն քրեական պատասխանատվության.  հայտարարել է Քննչական կոմիտեն։

Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը խորը մտահոգություն են հայտնել՝ կոչ անելով Բելառուսի իշխանություններին հարգել հիմնարար ազատություններն ու իրավունքները եւ զերծ մնալ ուժի գործադրումից։ Պետքարտուղար Մայք Փոմփեոն առանձին հայտարարություն է տարածել՝ հորդորելով կառավարությանը հարգել խաղաղ հավաքների մասնակցելու սեփական քաղաքացիների իրավունքն ու ազատ արձակել ձերբակալվածներին:

Ն.Հ.

 

 

ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտնել է. «Դիմել եմ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ Խնձորեսկի ճոճվող կամուրջ տանող ճանապարհը հիմնանորոգելու առաջարկությամբ։ Սակայն տեղի միակ ճանապարհը խիստ անբարեկարգ վիճակում է՝ խոչընդոտելով զբոսաշրջիկների թվի աճին։ Ըստ այդմ՝ առաջարկել եմ հիմնանորոգել դեպի Խնձորեսկի ճոճվող կամուրջ տանող ճանապարհը, ինչն իհարկե կունենա դրական ազդեցություն զբոսաշրջային հոսքի եւ տեղի բնկաչության կենսապայմանների համար»։  Նախարարությունից արձագանքել են ընդդիմադիր պատգամավորին. «Խնձորեսկի կամուրջ տանող ճանապարհի հիմնանորոգումը արդեն իսկ ընդգրկված էր Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագրում: «Դեպի Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնման ծրագիրը» այս պահին գտնվում է Համաշխարհային բանկի կողմից հաստատման փուլում, առաջիկա երկու ամիսներին մրցույթ կհայտարարվի եւ կիրականացվի ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից:

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՄԵՋ Է

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել է արձակուրդի մինչեւ օգոստոսի 25-ը ներառյալ։ Ըստ քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կասրապետյանի՝ նա արձակուրդը կանցկացնի Հայաստանում։

 

 

ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: Նրանք խոսել են ֆրանկոֆոն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների եւ կազմակերպության առջեւ ծառացած խնդիրների հասցեագրման ուղիների շուրջ: Այդ համատեքստում նախարար Մնացականյանը եւ գլխավոր քարտուղար Մուշիկիվաբոն անդարադարձան Բեյրութում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետեւանքով Լիբանանում ստեղծված աղետալի դրությանը եւ Լիբանանին հումանիտար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերին:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին: Հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանը ու պաշտպանության ոլորտում Արցախի եւ Հայաստանի փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է

Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, որի համաձայն՝ Սեդա Հակոբյանն ազատվել է փոխվարչապետի ռեֆերենտի պաշտոնից:

 

 

ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Armlur.am-ը տեղեկացավ, որ «Օրինաց երկիր» կուսակցության նախկին ղեկավար Արթուր Բաղդասարյանը առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, վերջինս անգամ բավական երկար ժամանակ չի կարողացել քայլել: Ըստ մեր տեղեկությունների՝ վերջինս արտերկրում երկար ժամանակ բուժում է ստացել: Արդեն մի քանի օր է՝ փորձում ենք այս տեղեկությունը պարզել ԱԺ ՕԵԿ խմբակցության նախկին պատգամավորներից՝ հասկանալու համար, թե այժմ որտեղ է Արթուր Բաղդասարյանը, ու ինչ առողջական խնդիրների մասին է խոսքը: ՕԵԿ-ական նախկին պատգամավոր Իշխան Խաչատրյանից փորձեցինք պարզել տեղեկությունը: Վերջինս մեզ հետ զրույցում հայտարարեց. «Արթուր Բաղդասարյանը առողջ է, որեւէ խնդիր չկա: Մենք հաճախ ենք միմյանց հետ հանդիպում, քննարկումներ ունենում, քայլում ենք Երեւանում, հանդիպում տարբեր մարդկանց: Առողջական խնդիր չկա»: Մենք փորձեցինք նախկին պատգամավորից պարզել նաեւ, թե արդյոք Արթուր Բաղդասարյանը մտածում է քաղաքականություն վերադառնալու մասին: Մեր զրուցակիցն ասաց, որ քաղաքականության վերաբերյալ որեւէ բան չի կարող ասել, շտապում է ու մեր հարցերին չի կարող պատասխանել: Հիշեցնենք, որ դեռեւս 2018 թվականի դեկտեմբերին՝ հեղափոխությունից հետո, Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր. «Հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից՝ վայր դնելով նաեւ ՕԵԿ նախագահի լիազորությունները եւ իմ հետագա կուսակցական գործունեությունը»: Նա հայտնել էր, որ զբաղվելու է հանրային գործունեությամբ եւ փորձելու է իր հրապարակային առաջարկություններով նպաստել երկրում կուտակված եւ օրեցօր բազմացող խնդիրների լուծմանը: «Ակտիվ քաղաքականություն կվերադառնամ ժողովրդի ցանկությամբ, երբ զգամ դրա կարիքն ու անհրաժեշտությունը: Աստված պահապան մեր ժողովրդին»:

 

 

ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՍԽԵՄԱՆԵՐ

Շիրակի մարզի դատախազությունում իրականացված՝ մարզի վարչական տարածքում արձանագրված  կոռուպցիոն բնույթի դեպքերի, դրանց առթիվ հարուցված քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կոռուպցիոն դրսեւորումները շարունակում են տեղ գտնել նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող սոցիալական աջակցության եւ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության ոլորտներում: Դրանց հիմնական առանձնահատկությունն այն է, որ հանցավոր ոտնձգությունները կատարվում են առավել խոցելի խմբերի, ինչպես նաեւ տարբեր հիվանդություններով տառապող եւ սոցիալապես անապահով անձանց նկատմամբ:  Մասնավորապես, տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Գյումրի քաղաքի շուրջ 4100 նպաստառու ընտանիքների սպասարկող սոցիալական աջակցության տարածքային թիվ 1 բաժնի 5 մասնագետներ 2020թ. մարտ- հունիս ամիսներին՝ յուրաքանչյուր փաստագրման ժամանակ, իրենց տարածքային բաժնում հաշվառված մի շարք նպաստառու ընտանիքներից պահանջել եւ յուրաքանչյուրից ստացել են 30.000-60.000-ական ՀՀ դրամ ապօրինի վարձատրություններ, որոնց մի մասը պահել են իրենց, իսկ մյուս մասը հանձնել են բաժնի պետին:

 




Լրահոս