Ուշագրավ միջադեպ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան դիմաց: Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի բնակիչ Արիգ Տիգրանյանը գնացել է ՀՀ երկրորդ նախագահի տան դիմաց եւ սկսել հայհոյանքներ հնչեցնել, սպառնալիքներ տալ վերջինիս ընտանիքի հասցեին, բարձրաձայն գոռալ եւ մեծ աղմուկ բարձրացնել: Դեպքի վայրն են ժամանել ոստիկանության աշխատակիցները եւ բերման են ենթարկել Արիգ Տիգրանյանին, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստել: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Արիգ Տիգրանյանին ոստիկանության բաժին տանելուց հետո նրանից բացատրություն են վերցրել եւ ստորագրությամբ ազատ արձակել:
Տեղեկությունը փորձեցինք պարզել ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ օգոստոսի 9-ին՝ ժամը 22:40-ի սահմաններում, հաղորդում է ստացվել ոստիկանության բաժին, որ ժամը 21:15-ի սահմաններում Օսակովի պողոտայի 27 հասցեում ՀՀ քաղաքացին բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորում հասարակության նկատմամբ, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցնում: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ կոնկրետ անձինք գնում են ՀՀ երկրորդ նախագահի տան դիմաց եւ կոնկրետ քայլերի են դիմում:
Դեռեւս 2016 թվականին նմանօրինակ եւս մեկ դեպք արձանագրվեց Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ: Ապրիլի 21-ին Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու համար մեղադրվեց Հովհաննես Մուրադյանը, որին ավելի ուշ ստորագրությամբ ազատ արձակեցին եւ ուղարկեցին «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոն՝ բուժում ատանալու:
Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի առաջին մասի` խուլիգանության, եւ 268-րդ հոդվածի առաջին մասի` թմրանյութ պահելու հատկանիշներով: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ հարուցված քրեական գործը կարճվել է, եւ Հովհաննես Մուրադյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, նրան ուղարկել էին «Նուբարաշեն» հոգեբուժարան` հարկադիր բուժման: Մինչ օրս Հովհաննես Մուրադյանը գտնվում է «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում:
Նշենք, որ Հովհաննես Մուրադյանի հայրը՝ Սերգեյ Մուրադյանը, ասել էր՝ չգիտի, թե ինչու է որդին նռնակ նետել Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ, սակայն ենթադրում է, որ երկրորդ նախագահի փոխարեն կարող էր լինել քաղաքական վերնախավի ցանկացած ներկայացուցիչ. «Որ վիճակը սրանում էր, ինքը արդեն սկսում էր հայհոյանքներից սկսած… էս մեր կառավարությունից բռնած՝ Լեւոնից բռնած, Քոչարյանով, Սերժ Սարգսյանով, մինչեւ Ալիեւով, Պուտինով, Օբամայով… Սաղին հայհոյանքների տարափի տակ բան էր անում ու բողոքում էր անընդհատ»:
Սերգեյ Մուրադյանի խոսքով՝ իրենց տան պահոցում խորհրդային տարիներից մնացել էր ուսումնական մի նռնակ, իսկ միջադեպի օրը՝ ապրիլի 15-ին, Հովհաննեսը մոտ մեկ ժամով բացակայել է տնից. «Ինձ զանգեց, ասեց՝ պա՛պ, մեքենան չկանգնացնես, տեղ ունեմ գնալու»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Օգոստոսի 10-ին բաժին է ներկայացել 27-ամյա Գեղամ Ղ.-ն, որը օգոստոսի 5-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով, առանց խափանման միջոցի: Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 10-ին Էրեբունու բաժին է ներկայացել 64-ամյա Արշալույս Հ.-ն, որը ապրիլի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախությունը) 1-ին եւ 3-րդ մասերի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
ՀԱՅՐԸ ՎՐԵԺ ԿԼՈՒԾԻ
Վարդենիսում 25-ամյա Թորգոմ Հարությունյանի սպանության առեղծվածը շարունակում է մնալ իրավապահների կոկորդին: Անցել է մեկ ամիս, եւ մինչ օրս իրավապահները չեն կարողանում բացահայտել երիտասարդ տղայի դաժան սպանությունը։ Նկատվում է, որ բացահայտման ուղղությամբ իրավապահների քայլերն իրականացվում են շատ դեպքերում ուշացած: Մասնավորապես, ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ իրավապահները դեպքից հետո բավականին ուշացումով են առգրավել այն տեսախցիկները, որոնք կարող էին օգնել բացահայտել սպանությունը, ասել է թե՝ տաք հետքերով չեն գնացել: Մեզ հետ զրույցում սպանված Թորգոմ Հարությունյանի հայրը՝ Մուխայիլ Հարությունյանը, ասաց, որ որդու սպանության գործով ոչինչ չեն անում. «Իմ երեխային սպանել են, իբր, քննություն են իրականացնում, ոչինչ էլ չեն անում, եւ մինչ օրս բացահայտված չէ սպանությունը: Ես իրավապահներին կոնկրետ անձանց անուններ եմ տվել, կոնկրետ ասել եմ, թե ես ում եմ կասկածում, բայց ոչինչ էլ չեն անում: Կոչով դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բոլոր ուժային կառույցներին՝ եթե իմ երեխու դեպքը չբացահայտեն, ես կգնամ, իմ վրեժը կլուծեմ, թող իմանան, կոնկրետ քայլեր անեն, իմ երեխու սպանությունը բացահայտեն, թե չէ ես հրապարակավ հայտարարում եմ՝ իմ վրեժը կլուծեմ նրանից, ում կասկածում եմ իմ որդու սպանության մեջ»:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ի գիշերը Վարդենիս քաղաքում կրակոցներ էին հնչել. հնչել էին 18 կրակոց, որից 9-ը կպել էին 25-ամյա Թորգոմ Հարությունյանին։ Նշենք, որ 18 կրակոցից երկուսը մահացու էր եղել երիտասարդի համար, որը Վարդենիսի հոսպիտալում երկար պայքարել էր կյանքի համար, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը: Հավելենք, որ սպորտսմեն Թորգոմ Հարությունյանը 3 տարի առաջ էր քրեակատարողական հիմնարկից դուրս եկել ու, ըստ ամենայնի, որոշ անձանց հետ հարց ու պատասխաններ է ունեցել։ Թե կոնկրետ ում հետ, ինչ խնդիր է ունեցել, եւ ով կարող էր սպանությունն իրականացնել, իրավապահները 1 ամիս է` դեռ պարզում են։
ԿԱՆԽՎԵԼ Է ՓՈՐՁԸ
Երեկ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երեւանի Դավիթաշեն կամրջից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ ԱԻՆ հոգեբանը կանխել է քաղաքացու ինքնասպանության փորձը։
1283 ԳՈՐԾ՝ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են քննչական բոլոր մարմինների վարույթում քննվող քրեական գործերով պետությանը եւ համայնքներին պատճառված վնասների բացահայտման, պատճառված վնասների վերականգնման, ինչպես նաեւ պատճառված վնասների վերականգնումն ապահովելու նպատակով կիրառված միջոցների կիսամյակային արդյունքները:
Ըստ այդմ՝ 2020 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ իրավասու մարմինների վարույթներում եղած թվով 1283 քրեական գործերով հարուցման պահին արձանագրվել է հանցագործությամբ պետությանը եւ համայնքներին պատճառված նախնական հարշվարկով 214.782.710.692 ՀՀ դրամի վնաս, որից 204.685.121.146 դրամը հանդիսացել է պետությանը, իսկ 10.097.589.546 դրամը՝ համայնքներին պատճառված վնասը:
Քրեական գործերի նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննությունների կամ այլ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում վերը նշված ընդհանուր վնասից արդեն իսկ հաստատվել է 128.870.997.477 ՀՀ դրամը, որից 127.428.746.833 դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 1.442.250.644 դրամը՝ համայնքներին։
Նույն ժամանակահատվածում արձանագրված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 24,906,055,052 դրամը, որից 24,197,560,432 դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 708.494.620 դրամը՝ համայնքներին։
Պատճառված վնասների վերականգնումը, հնարավոր բռնագանձումն ապահովելու նպատակով հիշյալ քրեական գործերի նախաքննության ընթացքում արգելանք է դրվել ընդհանուր առմամբ 84.502.200 ՀՀ դրամ գումարի, 5.838.598.990 ՀՀ դրամ հաշիվների վրա: Արգելանք է կիրառվել նաեւ 85 անուն շարժական եւ 148 անշարժ գույքերի, ինչպես նաեւ 22 հողատարածքների նկատմամբ, որից այս պահի դրությամբ գնահատված է 26.381.004.571 դրամ արժողությամբ շարժական եւ անշարժ գույքը, իսկ մնացածի արժեքը որոշման ընթացքում է։
Վերը նշված թվով 1283 քրեական գործերի նախաքննության ընթացքում հանցագործություն կատարած ենթադրյալ անձանց թիվը հունիսի 30-ի դրությամբ կազմել է 873 անձ, որոնցից 529 անձի արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել, կամ որոշում կայացվել՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին։