Այսօր առավոտյան ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ տևական ժամանակ է ինչ առողջական խնդիրներ ունի, որոնք այս ընթացքում փորձել է լուծել՝ աշխատանքի հետ զուգահեռ։ Սակայն դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ, ինչի համար որոշում է կայացրել: «Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ«,-նշել էր Թանդիլյանը։
Մանե Թանդիլյանը համարվում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության լավագույն պատգամավորներից, որը կարելի է ասել շատ սուր քննադատության էր ենթարկում կառավարությանը, սակայն վերջին ժամանակահատվածում Թանդիլյանը այդքան էլ ակտիվ գործունեությամբ չէր զբաղվում: Ու ըստ մեր տեղեկությունների` Թանդիլյանն ու կուսակցությունը որոշում են կայացրել, որ լավագույն տարբերակն այն կլինի, որ Թանդիլյանը զբաղվի իր առողջական խնդրով, քանի որ չի հասցնում քաղաքական գործունեությամբ զբաղվել:
Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը 2015 թվականի դեկտեմբերի 15-ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է։ Նույն թվականի դեկտեմբերի 21-ին ընտրվել է կուսակցության խորհրդի քարտուղար:
Թանդիլյանը 2017 թվականին «Ելք» դաշինքի ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է այդ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրված միակ կին պատգամավորը: Եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը: 2018 թվականի փետրվարի 19-ին ԼՀԿ կառավարման խորհրդի նիստում ընտրվել է ԼՀԿ փոխնախագահ:
Իսկ 2018 թվականի մայիսի 11-ին ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Մանե Թանդիլյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: 2018 թվականի հունիսի 12-ին, դեմ լինելով կառավարության կողմից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը, հրաժարական էñ ներկայացրել նախարարի պաշտոնից: Հունիսի 21-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը, և վերջինս կշարունակի պաշտոնավարել:
Իսկ 2018 թվականի նոյեմբերի 14-ին հրաժարական էր տվել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար: ԼՀԿ համապետական ցուցակում զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում ու ընտրվել պատգամավոր:
Իսկ խորհրդարանում ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր։
Ըստ մեր տեղեկությունների, այժմ ԼՀԿ-ում քննարկվում է, թե ով է Մանե Թանդիլյանին փոխարինելու խորհրդարանում:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան