ArmLur.am-ը տեւական ժամանակ է, ինչ դժգոհություն է ստանում Երեւանի Թումանյան փողոցի բնակիչներից: Պատճառը Թումանյան 22 հասցեի մայթին փորված հսկայական փոսերն են, որոնք արդեն մի քանի օր է՝ չեն լցվում: Բնակիչների պատմելով՝ իրենք ողջ օրը ստիպված են լինում կուլ տալ այդ փոշին, իսկ թեթեւ քամու դեպքում այն անտանելի է: Բայց սա դեռ ամենը չէ. բնակիչներին ավելի շատ զայրացրել է Երեւանի քաղաքապետարանի, ապա Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի անտարբերությունը: Պարզվում է՝ ավելի քան մեկ շաբաթ է, ինչ բնակիչները փորձում են հետաքրքրվել, թե ինչու է դադարեցվել շաբաթներ առաջ սկսված շինաշխատանքները, ինչու են փոսերը շարունակում փորված մնալ: Սակայն ո՛չ քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությունից են նրանք պատասխան ստանում, ո՛չ էլ Կենտրոնի թաղապետարանից:
ArmLur.am-ը եղավ Թումանյան 22 հասցեում եւ պարզեց, որ շինաշխատանքները իրականացվել են էլեկտրամոնտաժային աշխատանքներ իրականացնող «ՀԷՄ» ընկերության կողմից:
Մեր տեսախցիկն արձանագրեց, որ փորվել էին հսկայական փոսեր, անգամ վնասվել են ծառերի արմատները, եւ արդեն մի քանի օր է՝ այդ փոսերը բացված են: Ի դեպ, տեղեկացնենք, որ ավտոմեքենաների համար նախատեսված ճանապարհը փոքր-ինչ նեղացել է այդ շինաշխատանքների պատճառով. երկու մեքենա միաժամանակ չի կարող անցնել, ինչն էլ, բնակիչների պատմելով, խցանումներ է առաջացնում:
ArmLur.am-ը կապ հաստատեց ՀԷՄ-ի հետ, որտեղից մեզ պատասխանեցին հետեւյալը. «Տեխնիկական խնդիր է հիմա լուծվում, նախագծային փոփոխություններ են անում, շուտով կվերսկսեն: Գլխավոր կապալառուի եւ քաղաքապետարանի միջեւ ուղղակի նախագծային լուծումներ են այս պահին ճշտվում, վերջնական հաստատումից հետո աշխատանքները վերսկսվելու են»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՄՈՏԵՑՈՒՄ
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը պիտակավորել է լրագրողների մասնագիտական աշխատանքը։ Այս մասին ասվում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության հայտարարության մեջ։ «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը օգոստոսի 18-ին, անդրադառնալով մամուլում շրջանառվող իր հավանական հրաժարականի մասին լուրին, պիտակավորել է լրագրողների մասնագիտական աշխատանքը եւ լրատվականները բաժանել «նախկինների ու ներկաների»։ Սա անընդունելի մոտեցում է։ Քաղաքապետը կարող է անհամաձայնություն ունենալ լրատվականի այս կամ այն հրապարակման հետ, հերքել հրապարակված լուրը, բայց պիտակավորել եւ քաղաքապետին ոչ վայել կեցվածքով հանդես գալ լրատվականների հետ դիսկուրսում անթույլատրելի է։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է քաղաքապետին չթիրախավորել ազատ խոսքը, հարգալից խոսել լրագրողների մասնագիտական աշխատանքի մասին եւ հայտնել իր անհամաձայնությունը պետպաշտոնյային վայել՝ հաշվի առնելով էթիկայի կանոնները»:
ՍՏՈՒԳԱՅՑԵՐ
ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը 2020 թվականի օգոստոսի 3-7-ն ընկած ժամանակահատվածում կատարած ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրել է շրջակա միջավայրին վնաս հասցնելու թվով 11 դեպք: «11 դեպքից 10-ով հաշվարկվել է 3 մլն 34 հազար 800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված թվով 5 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 393 հազար 500 դրամի չափով վնաս, եւ նշանակվել է 300 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 3 մլն 34 հազար 800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 393 հազար 500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, եւ նշանակվել է 100 հազար ՀՀ դրամի չափով վարչական տուգանք»,- հայտնում են ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից:
Մթնոլորտային օդի եւ ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման ոլորտում նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200 հազար ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Բնապահպանական հարկի եւ բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50 հազար դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 1 գործ, եւ նշանակվել է 181 հազար դրամի չափով վարչական տուգանք։
ՄԱՐԶՊԵՏԻՆ ԽՆԴՐՈՒՄ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ
2 ամիս առաջ Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի տեխնոլոգիայի ուսուցչուհի Լուսինե Մանուկյանը փոստով դիմում-նամակ է ուղարկել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, սակայն պատասխան չի ստացել, ուսուցչուհին պահում է փոստային կտրոնը։ Նա նամակում նշել է, որ 2019 թ. նոյեմբերի 4-ին իրենց դպրոցի հայտարարությունների պատին փակցված փաստաթղթից տեղեկացել է այն մասին, որ դպրոցի տնօրեն Գոհար Թամամյանն իր նկատմամբ կիրառել է կարգապահական տույժ՝ նկատողություն՝ առանց թուլտվության աշխատանքային ժամին աշխատավայրը լքելու պատճառով, մինչդեռ աշխատանքից բացակայելը եղել է հարգելի այն պատճառաբանությամբ, որ հիվանդ ծնողին խնամելու նպատակով աշխատանքից վաղ հեռանալու եւ Դիլիջան մեկնելու թույլտվություն ինքը ստացել է փոխտնօրենից, որովհետեւ տնօրենն ու ուսումնական աշխատանքի գծով տեղակալն այդ պահին դպրոցում չեն եղել: 2019թ. նոյեմբերի 27-ին տնօրենը Լ. Մանուկյանի նկատմամբ կիրառել է երկրորդ կարգապահական տույժը՝ խիստ նկատողություն, այն բանի համար, որ դպրոցի տնօրենի 2019 թվականի նոյեմբերի 4-ի հրամանի վրա նա փակցրել է ծիծաղող դիմապատկեր (սմայլիկ)։ Լ. Մանուկյանը տնօրենների վերոհիշյալ հրամանները վիճարկել է դատական կարգով, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան դատավոր Արման Կուրեխյանի 2020թ. մարտի 13-ի վճիռներով այդ հրամաններն անվավեր են ճանաչվել, այդ վճիռներն օրինական ուժի մեջ են մտել։ Ուսուցչուհին մարզպետին հայտնել է, որ իր նկատմամբ կիրառված նկատողության քաղվածքի վրա ծիծաղող դիմապատկեր (սմայլիկ) փակցնելու վերաբերյալ դպրոցի տնօրեն Գ. Թամամյանի կողմից գրավոր բացատրություն պահանջելու օրը՝ 2019թ. նոյեմբերի 20-ին, Գ. Թամամյանը գտնվելիս է եղել անաշխատունակության մեջ, ինչը հիմնավորվում է «Հաղարծինի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Ժամհարյանի կողմից տրված քաղվածքով այն մասին, որ Գ. Թամամյանը հիվանդության պատճառով 2019թ. նոյեմբերի 18-26-ը գտնվել է անաշխատունակության վիճակում։ Դպրոցի տնօրենը աշխատանքային վեճը փորձել է լուծել նաեւ ոստիկանության ներգրավմամբ, 2019 թ. նոյեմբերի 14-ին Հաղարծինի դպրոց էր այցելել Տավուշի մարզի ոստիկանապետը՝ մի խումբ ենթակաների հետ, որի ընթացքում ոստիկանության ծառայողները հանդիպում են ունեցել նաեւ դպրոցի ուսուցչական անձնակազմի հետ՝ անդրադառնալով դպրոցում արձանագրված չարաշահումների փաստով հարուցված քրեական գործերին ու առկա աշխատանքային վեճին։ Ուսուցչուհին մարզպետին դիմել է՝ հաշվի առնելով հանրակրթության բնագավառում որպես լիազոր մարմնի ունեցած նրա լիազորությունները, եւ խնդրել քննարկման առարկա դարձնել ներկայացված փաստաթղթերում առկա փաստերը ու իրավական գնահատական տալ Հաղարծնի միջնակարգ դպրոցի տնօրենի գործողություններին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ