ՖՈՏՈ. Ես այնքան բան եմ տեսել իմ կյանքում և հասկացել եմ… . Աննա Էլբակյանը՝ 57-ամյակի եւ հոգեվիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Աննա Էլբակյանն այսօր տոնում է իր 57-ամյակը: «Ժողովուրդ» օրաթերթն այդ կապակցությամբ զրուցել է սիրված դերասանուհու հետ` օրվա, թոռնիկների անակնկալի, տարիքի եւ հոգեվիճակի մասին:

Դերասանուհին մեզ հետ զրույցում պատմում է, որ  արթնալիս իրեն զգացել է  ինչպես երեք տարեկան մանուկ. «Արթնացել եմ երեք տարեկան մանուկի նման, քանի որ ես ինձ առաջինն ընկալել եմ հենցերեք տարեկանում:  Ես հիշում եմ, հետո մայրս հաստատեց, որ իրոք այդպես է եղել, երեք տարեկանում էլ այդ շորն էր հագս: Նայեցի հայելու մեջ եւ ասացի, այս ես եմ, ես եւ ես երեք  տարեկան եմ:  Եվ հիմա, ամեն օր, երբ արթնանում եմ, ինձ թվում է, որ ես նույն երեխան եմ, իսկ հետո արդեն օրն իր հետ բերում է առօրյա հոգեսերը, եւ հասկանում եմ, որ չէ, ես արդեն 57 տարեկան եմ: Եվ ինձ հանգստացնում է, որ հինգն էլ, յոթն էլ լավ թիվ են,  եւ ընդհանրապես բոլոր թվերն էլ: Ես բացարձակապես չեմ վախենում  ծերությունից», – նշում է նա:

ՀՀ վաստակավոր արտիստուհու տարեդարձն առաջինը շնորհավորել են թոռնիկները, եւ էլ ավելի պայծառ ու երջանիկ դարձրել նրա օրը:

«Առավոտյան թոռնիկներս օրս տոն դարձրեցին իրենց պատրաստած անակնկալով եւ շնորհավորանքով: Ինձ նվիրել են երբեւէ իմ ստացած ամենամեծ նվերները՝ ինձ համար նկարել են հրաշք նկարներ եւ ինձ համար երգել են: Վաղ առավոտից ինձ շնորհավորում են ինձ շրջապատող հրաշք մարդիկ, ցավոք բոլորին չեմ կարող պատասխանել»,-նշում է մեր զրուցակիցը:

Անդրադառնալով տարիքին եւ հոգեկան ապրումներին, Աննա Էլբակյանն ընդգծում է, որ ամեն տարիք ունի իր բարդության սահմանները, որոնք պետք է հաղթահարել, անկախ վախի եւ տագնապի զգացողություններից:

«Ես հիշում եմ, երբ ավելի երիտասարդ էի, միշտ ինչ-որ սահմանագծեր կան անցնելու, տագնապներ, վախեր, որոնց պետք է հաղթահարել յուրաքանչյուր տարիքում, հատկապես անցման տարիքում դրանք շատ սրվում եւ ավելի շատանում են, բայց դրանից չենք վախենում մինչեւ կյանքի վերջ, եւ ես Ձեզ հավատացնում եմ, որ ինչ էլ բերի նոր չի լինի ինձ համար: Ես այնքան բան եմ տեսել իմ կյանքում, եւ հասկացել եմ, որ երբ հաղթահարում ես այդ նեղությունները, տագնապները, մարտահրավերները կյանքի, ապա դու դառնում ես ավելի ուժեղ եւ ավելի երիտասարդ, որովհետեւ մարդ զորանում եւ ավելի ուժեղանում է դրանից, եւ չի պակասում այդ մարդու ոչ մի բանը, այլ հակառակը, պետք է պարզապես ճիշտ անցնել այդ փուլերը: Պետք է իմանալ, որ դրանք միշտ կլինեն, քանի որ դրանք մեր կյանքի ուղղորդող պայմաններն են, բայց դրանցով չի պակասում մեր կյանքը»,-շեշտում է նա:

Իսկ, թե օրն ինչպես եւ ում հետ անցկացնելու, դերասանուհին նշում է. «Այս օրն ինձ համար լինելու է տոնական օր, քանի որ  մենք դրսում, փողոցում անում ենք մեր արդեն ավանդական դարձած ներկայացումը: Եվ արդեն մի քանի տարի է, եւ դա ինձ համար մեծ նվեր է: Շատ պարզ մարդիկ, եւ մարդիկ որոնք ուղղակի անցնում են փողոցով կամ որոնք նույնիսկ չգիտեն, թե ես ով եմ, գալիս ու ուրախանում են ինձ հետ: Ես բոլորովին ինքնահաստատվելու կարիք չունեմ, բայց ուզում եմ աչքերով  տեսնել իմ հարազատ եւ մտերիմ մարդկանց, ովքեր ապրում են Երեւանում, իհարկե պահելով հակահամաճարակային բոլոր անվտանգության կանոնները: Ես երբեք հատուկ հյուրեր չեմ ունենում, ինձ համար բոլորն են հատուկ: Մարդիկ, ովքեր ուղղակի անցնում են, անցորդներ, աղքատներ, ովքեր փողոցի անկյունում միշտ նստած են լինում եւ իմ ամենահարազատներն են դարձել», – եզրափակում է նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս