ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդում ամփոփվել են 2020թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները:
Կորոնավիրուսային համաճարակը չի խաթարել բողոքարկման գործընթացը. հանձնաժողովն ստացել է 164 դիմում-բողոք` 20%-ով ավել 2019 թ. ամառային զորակոչի համեմատ:
Հանձնաժողովի աշխատանքը կենտրոնացել է զորակոչի գործընթացում իրականացվող բժշկական հետազոտությունների և փորձաքննությունների կապակցությամբ ծագող խնդիրների ուսումնասիրման և լուծման վրա: Դրանց վերաբերյալ հանձնաժողովի միջնորդագրերին արձագանքելով` զորակոչային իրավասու մարմիններն իրականացրել են զորակոչիկների լրահետազոտման, հետազոտական տվյալների ճշտման և գնահատման միջոցառումներ, կայացրել են զինծառայության պիտանիության մասին փորձաքննական եզրակացությունների վերանայման որոշումներ:
46 զորակոչիկ ուղեգրվել են լրացուցիչ և ստուգիչ բժշկական հետազոտությունների, որոնց արդյունքների հիման վրա վերանայվել են նրանցից 32-ի զինծառայության պիտանիության մասին եզրակացությունները, ևս 10 այդպիսի եզրակացություններ կայացվել են բժշկական հետազոտությունների տվյալների վերագնահատման միջոցով: Հիշյալ զորակոչիկներից 7-ը համարվել են զինծառայության համար ոչ պիտանի, 3-ը` ժամանակավորապես ոչ պիտանի, 32-ին տրվել են տարկետումներ մինչև 1 տարի ժամկետով:
Բողոքարկման գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստել են զորակոչային բոլոր մարմինների ցուցաբերած պատասխանատու վերաբերմունքը, ինչպես նաև քաղաքացիների հետ հանձնաժողովի գործուն համագործակցությունը:
ՀՀ պաշտպանության նախարարին զեկուցվել է նաև զորակոչի գործընթացում բողոքների տեղիք տվող առանձին երևույթների մասին: