ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի մասով ՀՀ վարչական դատարանը կայացրեց որոշում: Ինչպես հայտնի է, Մանվել Գրիգորյանի պաշտպանները վարչական դատարան հայց էին ներկայացրել առողջապահության նախարարության դեմ։
«Հայցը Ֆրանսիայի Վալ Դ՛Օրի բժշկական կենտրոնում հետագա հետազոտություններն ու բուժումը ստանալու հարցը քննարկելու նպատակով բժշկական հանձնաժողով հրավիրելու և համապատասխան եզրակացություն տալու պարտավորեցնող պահանջով է»:
Այս հայցադիմումը մակագրվել էր վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին: Փաստաբան Լևոն Բաղդասարյանի փոխանցել էր, որ Մանվել Գրիգորյանի պահով ՄԻԵԴ–ն իրականացրեց անհապաղ միջոցառումներ։ Դրանցից մեկի համաձայն` առաջնահերթության կարգով լսվելու էր պաշտպանական կողմի գանգատը դաժան վերաբերմունքի, խոշտանգման փաստի ու անօրինական կալանքի հետ կապված։ Երբ կալանքը փոխեցին, ՄԻԵԴ–ը տեղեկացրեց, որ գործը, միևնույն է, գտնվում է իր վարույթում։
Բաղդասարյանի խոսքով` իրենք հիմա փորձում են առողջապահության նախարարության անգործությունը վիճարկել վարչական դատարանում։ Արդյունքում, 4 ամիս տեւած դատաքննությունից հետո ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը կայացրեց որոշում եւ վճռեց Մանվել Գրիգորյանի հայցը՝ ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության՝ Ֆրանսիայի Վալ Դ՛ Օրի բժշկական կենտրոնում Մանվել Գրիգորյանի հետազոտություններն ու բուժումը ստանալու հարցը քննարկելու համար բժշկական հանձնաժողով հրավիրելուն և համապատասխան եզրակացություն տալուն ՀՀ առողջապահության նախարարությանը պարտավորեցնելու պահանջի մասին, մերժել:
Ասել է, թե դատարանը եւս մերժեց ԱԺ նախկին պատգամավորի բուժման հարցը Ֆրանսիայում կազմակերպելու գործընթացը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, պաշտպանական կողմը այս որոշումը կբողոքարկի ՀՀ վերաքննիչ դատարան :
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան