Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության օրվա առթիվ:
«Այսօր մենք միանում ենք Կանադայում հայ համայնքին եւ աշխարհի հայերին՝ նշելու Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձը: Կանադան արևմտյան առաջին երկրներից էր, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը՝ հաստատելով դիվանագիտական հարաբերություններ 1992 թվականին: Այդ ժամանակվանից մեր երկու երկրների միջև հարաբերությունները կառուցվել են ընդհանուր արժեքների վրա` ստեղծելով ամուր կապեր ժողովուրդների միջեւ»:
Նա նշել է, որ ավելի քան 60 հազար հայկական ծագմամբ կանադացի ամեն օր կարևոր ներդրում է ունենում երկրում: Հայաստանն ու Կանադան սերտորեն համագործակցում են միջազգային կառույցներում՝ ՄԱԿ-ում, Ֆրանկոֆոնիայում:
«2018 թվականին ես Հայաստանում էի, և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդելու ուղիները: Մենք ակնկալում ենք խորացնել մեր գործընկերությունը մի շարք կարևոր ոլորտներում»,-նշել է Ջասթին Թրյուդոն: