Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 19-ին իրավապահները դարանակալել են, քանի որ կասկածներ են ունեցել, թե տվյալ հատվածում է գտնվում ամիսներ առաջ Շենգավիթ վարչական շրջանում սպանության գործով հետախուզվողը:
Մասնավորապես, իրավապահները, շրջափակելով Ամիրյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկի հատվածը, հորդորել են վարորդներին շտապ հանել տարածքից մեքենաները, որպեսզի իրենք կարողանան իրականացնել իրենց օպերացիան եւ սպանության մեջ կասկածվողին բռնել: Ականատեսների պատմելով՝ իրավապահները եղել են զինված, եւ անգամ տարածաքում գտնվող քաղաքացիները լսել են կրակոցի ձայներ:
Ի վերջո, ի՞նչ օպերացիա են իրականացրել իրավապահները, եւ ո՞ւմ են փնտրել վերոնշյալ տարածքում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջիններս փնտրել են ամիսներ առաջ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում «Ռիմա-Թրավել»-ի սեփականատեր, 28-ամյա Աշոտ Պետրոսյանի սպանողին, իսկ, ահա, մամուլի հրապարակումների համաձայն՝ վերջինիս սպանության մեջ կասկածվում է Կոնստանտին Հունանյանը, որը իր շրջապատում հայտնի է Կոկո մականվամբ: Ըստ ամենայնի, իրավապահները հենց վերջինիս մասով տեղեկություն են ստացել, որ նա գտնվում է այդ խաչմերուկի հատվածում գտնվող շենքերից մեկի բնակարանում: Սակայն մեզ հայտնի դարձավ, որ օպերացիան չի ստացվել, քանի որ սպանության մեջ մեղադրվող ենթադրյալ հանցագործին, որին փնտրել են, այդպես էլ չեն գտել:
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ հունիսի 9-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում տեղի էր ունեցել սպանություն:
Պարզվել էր Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակում մարտաֆիլմ հիշեցնող ինքնաձիգներից կատարված դեպքի մասնակիցների եւ սպանվածի ինքնությունը։ Պարզվել էր՝ մահացածը նշված փողոցի նշված շենքի բնակիչ, «Ռիմա Թրավել» ՍՊԸ-ի սեփականատեր 28-ամյա Աշոտ Պետրոսյանն էր, ով Շենգավիթում հայտնի Կյաժ Աշոտն էր։
Պարզվել էր նաեւ, որ նույն օրը՝ ժամը 17։05-ի սահմաններում, Ա. Պետրոսյանի եւ մի խումբ անձանց միջեւ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ժամանակ փոխադարձ կրակոցներ էին արձակվել միմյանց նկատմամբ, 30-ամյա Կոնստանտին Հունանյանը իր մոտ պահվող ապօրինի հրազենով կրակել էր Աշոտ Պետրոսյանի ուղղությամբ, որը «Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացել էր։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին նաեւ, որ վիճաբանությանը մասնակցել են Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Արամ Եղիազարյանը, Երեւանի բնակիչ 30-ամյա Սամվել Քրմոյանը, Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Դավիթ Թադեւոսյանը, Երեւանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խաչատրյանը, Երեւանի բնակիչ 32-ամյա Ժակ Այվազյանը, Երեւանի բնակիչ 29-ամյա Անդրանիկ Մգոյանը, Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Տիգրան Հակոբյանը, Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Կամո Խաչատրյանը, Երեւանի բնակիչ 30-ամյա Վարդգես Այվազյանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ Ա. Խաչատրյանը, Ս. Քրմոյանը եւ Դ. Թադեւոսյանը իրենց մոտ ապօրինի պահվող հրազենից նույնպես կրակոցներ էին արձակել Ա. Պետրոսյանի ուղղությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ նշված անձանց եւ հանցագործության գործիք համարվող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցներից Ա. Մգոյանի հայրը՝ Արայիկ Մգոյանը, ոստիկանության նախկին ծառայող է, կոչումով՝ ոստիկանության գնդապետ, եւ նա երկար տարիներ աշխատել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության՝ «օրենքով գողերի» եւ քրեական հեղինակությունների դեմ պայքարի վարչության պետ։ Իսկ կրակոցներ արձակած Կ. Հունանյանը նախկինում ավազակային հարձակում կատարելու համար եղել է դատապարտված եւ ազատ է արձակվել համաներմամբ։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
2 ՄԱՀ
Նախօրեին Արագածոտնի մարզային ճգնաժամային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին բախվել են «Mercedes E» (վարորդ՝ Արտակ Մ.) եւ «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Յուրիկ Ս., ծնված 1949թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հինգ ուղեւոր հոսպիտալացվել է Երեւանի տարբեր բժշկական կենտրոններ:
Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Յուրիկ Ս.-ի եւ ուղեւոր Շուշանիկ Գ.-ի (ծնված 1949 թ.) դիերը եւ մոտեցրել շտապ օգնության ավտոմեքենային: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:
ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է
Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործից մաս է անջատվել, որը գտնվում է դատարանում, այլեւս նախաքննական մարմնի տիրույթում չէ: Այս մասին ասել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը: Ինչ վերաբերում է ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործին, որտեղ շոշափվում է Գագիկ Ծառուկյանի անունը, ԱԱԾ տնօրենը նշել է, որ այն շատ մեծ ծավալներով քննվում է, կան մի քանի տասնյակ մեղադրյալներ: «Առաջիկայում գործը կարող է ուղարկվել դատարան, ուղղակի այսպիսի քրեական գործերի առանձնահատկությունն այն է, որ դրանցից անընդհատ նոր քրեական գործեր են հարուցվում, լինում են նոր դրվագներ, որոնք լրացուցիչ քննության առարկա են դառնում»,-հայտնել է ԱԱԾ տնօրենը: Իսկ թե ինչու է հենց ԱԱԾ-ն քննում Գագիկ Ծառուկյանի գործը, ոչ թե ՀՔԾ-ն, Քյարամյանը նշել է, որ դատախազությունն իրավասություն ունի ցանկացած քրեական գործ վերցնել մեկ նախաքննական մարմնից եւ փոխանցել այլ նախքննական մարմնի. «Այս հարցի վերաբերյալ ունենք նաեւ դատարանի որոշում, դատարանն օրինաչափ է համարել այն հանգամանքը, որ սույն քրեական գործը քննում է ԱԱԾ-ն: Այն հավելյալ ճնշման գործիք չէ»: Հարցին, թե երբ նորություններ կլինեն հայտնի գաղտնալսման գործից, Քյարամյանն ասաց, որ հարցը պետք է ուղղել ՔԿ-ին:
ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՕՊԵՐԱՑԻԱ՝ ՄԵՏՐՈՅԻ ԿԱՅԱՐԱՆՈՒՄ
Մեզ հայտնի դարձավ, որ Նունե Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա Երեւան քաղաքի Շենգավիթ մետրոյի կայարանի հարակից տարածքում գտնվող շուրջ 7 քառակուսի մետր մակերեսով մետաղական կրպակում, առանց համապատասխան լիցենզիայի, իրականացրել է արտարժույթի առուվաճառք: 2019 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 12:50-ի սահմաններում, Երեւան քաղաքի Շենգավիթ մետրոյի կայարանի հարակից տարածքում «սկիչ գնում» օպերատիվ հետախուզական միջոցառման ընթացքում Նունե Եղիազարյանին են մոտեցել ՀՀ ՊԵԿ ՀՕՀ վարչության թիվ 1 բաժնի աշխատակիցները եւ փոխանակման համար վերջինիս տվել 250 ԱՄՆ դոլար գումար՝ թվով երկու հատ 100 ԱՄՆ դոլար եւ մեկ հատ 50 ԱՄՆ դոլար: Վերջինս, չունենալով համապատասխան լիցենզիա, իրականացրել է արտարժույթի առուվաճառք եւ փոխանակել է ՀՀ դրամի՝ դրա դիմաց ՀՀ ՊԵԿ ՀՕՀՎ թիվ 1 բաժնի աշխատակիցներին տալով արտարժույթի հարյուր հազար ՀՀ դրամը գերազանցող 118.000 ՀՀ դրամ գումար: Նունե Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188.1-րդ հոդվածի առաջին մասով (Առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի իրականացումը, որը կատարվել է արտարժույթի հարյուր հազար դրամի կամ ավելի գումարի փոխանակման ձեւով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով): Նունե Եղիազարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
ՀՐԴԵՀ՝ ԱԲՈՎՅԱՆՈՒՄ
Աբովյան քաղաքում ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը դեռեւս սեպտեմբերի 18-ին բռնկված հրդեհի վայրում հերթափոխով իրականացրել է հերթապահություն։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 08։18-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանում՝ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի մոտակայքում, ծխում է տորֆ:
Հրդեհը մեկուսացվել է։ Պարզվել է, որ մոտ 3000 քմ տարածքում այրվում է սնկի մշակման մոտ 3000 խմ կուտակած թափոն: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Աբովյանի համայնքապետարանի մեկ տրակտոր եւ երկու ջրատար ավտոմեքենա։