Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Լեհաստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարար պրոֆեսոր տիկին Բարբարա Կուդրիցկայի հրավերով սեպտեմբերի 28-ին Բիալիստոկ քաղաքում մասնակցել է Եվրամիության և Արևելյան համագործակցության երկրների նախարարների հավաքին: Միջոցառմանը մասնակցել են նաև Ավստրիայի, Չեխիայի, Լիտվայի, Լատվայի, Նիդերլանդների, Վրաստանի, Մոլդովայի և այլ երկրների կրթության ոլորտի պատասխանատուներ:Հավաքի ընթացքում քննարկվել են Եվրոպական ակադեմիական շարժունակության ծրագրերի, մասնավորապես “էռազմուս Մունդուս” նախագծի ընդլայնմանը և զարգացմանը վերաբերող հարցեր: Իր ելույթում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կարևորել է եվրոպական կրթական ծրագրերի շարունակումը նաև Եվրամիության շրջանակից դուրս, և նշել, որ անհրաժեշտ է մշակել նոր պլատֆորմ` Եվրամիության և Արևելյան համագործակցության երկրների երկխոսությունը զարգացնելու և ամրպնդելու նպատակով: Նախարար Ա. Աշոտյանը, անդրադարձ կատարելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումներին, մասնավորապես նշել է. “Կրթական գործընթացը ոչ միայն գիտելիքի և մտածողության, այլ նաև կայուն արժեքների ձևավորման և փոխանցման համակարգ է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կրթության ոլորտը դիտարկում է, որպես գերակա առաջնահերթություն”:Քննարկումների ընթացքում մասնավորապես կարևորվել է Եվրամիության աջակցությամբ “էռազմուս Մունդուս” ծրագրի 2-րդ փուլի իրականացումը: “էռազմուս Մունդուս” ծրագիրը հնարավորություն է ընձեռում ուսանողներին, հետազոտողներին և երիտասարդ գիտնականներին օգտվել համագործակցող երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու և հետազոտական աշխատանքներ իրականացնելու հնարավորություններից:2014-20 թվականների աջակցության ծրագրով կստեղծվեն բոլոր հնարավորությունները` ապահովելու Արևելյան համագործակցության երկրների ուսանողների լիարժեք մասնակցությունը վերոնշյալ նախագծին: Քննարկման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել հնարավորինս աջակցել Եվրամիության և Արևելյան համագործակցության երկրների շարժունության և համագործակցության ընդլայնմանը: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պաշտոնական հանդիպում է ունեցել նաև Լեհաստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարար Բարբարա Կուդրիցկայի հետ, որի ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկու պետությունների համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Երամիության եվ Արեվելյան համագործակցության երկրների նախարարների հավաք
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ