Ադրբեջանական կողմը սպառնում էր ուժի կիրառմամբ, եւ այժմ նրանք ուժ են կիրառում` ձգտելով հակամարտության ռազմական լուծմանը եւ Արցախից ու Հայաստանից ակնկալելով միակողմանի զիջումներ, ինչը բացառված է. այս մասին նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Սքայ Նյուզ Արաբիա»-ին տված հարցազրույցում:
-Առաջին հերթին կցանկանայի հարցնել՝ որոնք են այն նախապայմանները, որոնց հիման վրա Հայաստանը կգնա բանակցությունների:
-Հայաստանը չունի որեւէ նախապայման: Հայաստանը հաստատապես հանձնառու է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Ադրբեջանական կողմը սպառնում էր ուժի կիրառմամբ, եւ այժմ նրանք ուժ են կիրառում` ձգտելով հակամարտության ռազմական լուծմանը եւ Արցախից ու Հայաստանից ակնկալելով միակողմանի զիջումներ, ինչը բացառված է: Մենք հաստատակամորեն հանձնառու ենք խաղաղ կարգավորմանը: Միաժամանակ մենք ունենք անկոտրում կամք եւ վստահություն մեր կարողությունների վրա՝ պաշտպանելու մեր հողը, պաշտպանելու մեր ժողովրդին, պաշտպանելու Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը: Արցախի հայ բնակչությունը շատ վճռական է իրեն պաշտպանելու հարցում: Եվ Հայաստանը եղել է եւ մնում է Արցախի անվտանգության միակ երաշխավորը: Մենք պաշտպանելու ենք: Խաղաղությունն այլընտրանք չունի: Ադրբեջանը պետք է դադարեցնի իր ռազմական ագրեսիան` ուղղված Արցախի բնակչության դեմ, պետք է գա ողջամտության դաշտ եւ ներգրավվի հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններում:
-Ինչպե՞ս եք գնահատում այս հակամարտությունում Թուրքիայի միջամտությունը եւ նմանօրինակ համակարտությունների կարգավորման համար որոշ մարդկանց ներգրավելը:
-Թուրքիան այս ամբողջ իրավիճակում ապակայունացնող ուժ է: Նրանք իրենց ողջ ագրեսիվ քաղաքականությամբ լարվածություն են հրահրում Հարավային Կովկասում: Նրանք միակողմանիորեն աջակցում են Ադրբեջանին` տեղափոխելով սպառազինություն, տեղափոխելով ահաբեկիչներ, որոնք հավաքագրվել են Սիրիայի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից եւ Լիբիայից: Մենք ունենք բացարձակ հավաստի տեղեկություններ եւ փաստեր վերջինիս վերաբերյալ: Նրանք տեղափոխվել են Ադրբեջան: Նրանք այսօր կռվում են մեր ժողովրդի դեմ: Նրանց սարքավորումները եւ ավիացիան օդում են, նրանք` ռազմի դաշտում: Նրանք օգտագործվում են մեր մարդկանց դեմ: Թուրքիան այս հակամարտության ապակայունացնող կողմն է: Նրանք այս նույն քաղաքականությունն են վարել Արեւելյան Միջերկրականում, Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում: Այժմ Թուրքիան նույն քաղաքականությունն արտահանում է Հարավային Կովկաս: Այդ քաղաքականությունը կտրականապես մերժված է. նրանք այստեղ անելիք չունեն:
-Այս միջամտության վերաբերյալ տեղեկություններ ստանալուց հետո ի՞նչ միջոցառումներ եք ձեռնարկել միջազգային հարթակում, հատկապես՝ ՄԱԿ-ում:
-Մենք աշխատում ենք խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգայնորեն համաձայնեցված ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որը բաղկացած է Ֆրանսիայից, Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից: Մենք սերտորեն աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ իրավիճակը հանդարտեցնելու, լարվածությունը թուլացնելու եւ բանակցություններին վերադառնալու ուղղությամբ: Ֆրանսիան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն շատ ակտիվ աշխատում են, եւ ես կարծում եմ, որ ականատես ենք լինում միջազգային հանրության շատ լավ համախմբման՝ ի թիվս այլոց՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի Դաշնության, որը մերժում է Թուրքիայի ապակայունացնող դերը տարածաշրջանում: Մենք շարունակելու ենք սերտ համագործակցությունը մեր բոլոր գործընկերների հետ՝ լարվածությունը թուլացնելու եւ արտատարածաշրջանային դերակատարներին դուրս մղելու ու նրանց ձեռնարկած ապակայունացնող գործողությունները դադարեցնելու ուղղությամբ:
-Հայաստանը հրաժարվեց Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններից: Այս պահին ո՞րն է Ձեզ համար ամենամոտ կամ ամենալավ միջնորդությունը բանակցությունների համար:
-Կարծում եմ, որ Դուք լավ տեղեկացված չեք այս ամենից, որովհետեւ Հայաստանը երբեք չի մերժել բանակցային գործընթացը: Ես պետք է կրկնեմ, որ բանակցությունները ընթանում են միջազգայնորեն հաստատված ձեւաչափի շրջանակներում, որը բաղկացած է երեք երկրներից` Ռուսաստանից, Ֆրանսիայից եւ Միացյալ Նահանգներից: Եվ մենք աշխատում ենք միջազգայնորեն համաձայնեցված այս ձեւաչափի շրջանակներում: Մենք հանձնառու ենք դրան եւ կշարունակենք դա: Ոչ ոք չի կարող ասել, որ Հայաստանը մերժում է բանակցությունները: Ճիշտ հակառակը. մենք այժմ ականատես ենք լինում Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշմանը եւ ուժի կիրառմանը, ինչն էլ իր հերթին ենթադրում է, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Պաշտպանվելու մեր վճռականությամբ մենք մերժում ենք լուծման ռազմական տարբերակը: Այս հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով:
ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ
Արցախաադրբեջանական շփման գծում, հետախուզության հայտնած տվյալներով, սեպտեմբերի 27-ից մինչ օրս առաջնագծի տարբեր ուղղություններում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը նշում է. «Սրանք հստակ հետախուզական տվյալներ են: Կարող ենք հայտարարել, որ միայն մի ուղղությամբ 148 լեզգի զինվոր է զոհվել, ինչպես նաեւ մի քանի հարյուր ազգությամբ թալիշ զինվոր»: Նրա խոսքով՝ հետախուզության տվյալների համաձայն՝ այդ փաստը լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների մոտ, եւ առաջիկայում, հավանաբար, այդ ազգերի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ կանեն: Ամփոփելով խոսքը՝ Պողոսյանը շեշտեց, որ Պաշտպանության բանակն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը, եւ հակառակորդի բոլոր սադրիչ գործողությունները ստանալու են արժանի եւ համաչափ պատասխան։
ԱԱԾ-Ն ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ այս օրերին անհրաժեշտ է լիովին զերծ մնալ հեռախոսային խոսակցությունների ու առավելապես կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով զինվորական տեխնիկայի տեղաշարժի, առաջնագծում եւ ռազմական գործողությունների տարբեր վայրերում կատարվող իրադարձությունների վերաբերյալ միմյանց տեղեկություններ փոխանցելուց՝ անգամ ականատես լինելու պարագայում: «Դարձյալ հորդորում ենք բացառապես օգտվել պաշտոնական տեղեկատվությունից եւ հիմք ընդունել միմիայն պաշտոնական լրահոսի մեկնաբանություններն ու վերլուծությունները՝ զերծ մնալով անգամ ձեզ հավաստի տվյալներ միմյանց փոխանցելուց: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ հակառակորդի կողմից նմանատիպ տեղեկությունների նկատմամբ հասանելիություն ունենալու դեպքում հնարավոր են ամենատարբեր բացասական դրսեւորումներ՝ իրենց անցանկալի հետեւանքներով»,-ասված է հաղորդագրությունում:
3 ԱՄԻՍ ԱՆՑ ՊԵՏՔ Է ԶՈՐԱՑՐՎԵՐ
Արցախում զոհվել է Բերդ համայնքի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի 20-ամա բնակիչ Տիգրան Սիմոնյանը։ Ներքին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը հայտնեց, որ նրան 3 ամիս էր մնում ծառայելու, 2021թ. հունվարին պետք է զորացրվեր։ Տիգրանը ծառայել է Արցախի Իվանյան բնակավայրում, տանկիստ է եղել։ Գյուղի վարչական ղեկավարը, ով Տիգրանի դին հայրենի գյուղ է տեղափոխել, ասաց, որ նա զոհվել է արկի մի բեկորից, հավանաբար, երբ բաց տեղանքում հրետակոծություն է եղել։ Տիգրանն ունի պապ, տատ, ամուսնացած եղբայր եւ ամուսնացած քույր, ծնողներ։ Տիգրանի հայրը 1990-ական թվականների ազատամարտի մասնակից է, հաշմանդամ. ականի պայթյունից կորցրել է ոտքը։ Լեւոն Առաքելյանը հայտնեց, որ սահմանամերձ ողջ գյուղը սգում է Տիգրանի կորուստը՝ ասելով, որ իր կարճ կյանքը Տիգրանն ապրել է ադրբեջական կրակոցների տակ։ Տ. Սիմոնյանի հուղարկավորությունը կկատարվի հոկտեմբերի 2-ին։
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԸ ԵԿԵՂԵՑԻ ԿՈՒՆԵՆԱ
Առողջարանային եւ զբոսաշրջային կենտրոն Դիլիջան քաղաքը շուրջ 80 տարի չունի եկեղեցի: Կրոնական արարողությունններն իրականացվում են «Հին Դիլիջան» հյուրանոցային համալիրում: Դիլիջանում սեպտեմբերի 22-ին կայացել է կառուցվող եկեղեցու առաջին քարերի օրհնության եւ տեղադրման արարողություն՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի եւ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի օրհնությամբ ու գլխավորությամբ: Եկեղեցու կառուցման ծրագիրն իրականացնում է Դիլիջանի զարգացման հիմնադրամի եւ «ԱՆԻ» հայկական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնությունը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Դիլիջանի համայնքապետարանի համագործակցությամբ: Նոր եկեղեցու շահագործումը հնարավորություն կտա ավելի քան 300 հավատացյալի միաժամանակ մասնակցելու հոգեւոր ծիսակատարություններին: Դիլիջանի համայնքապետարանը հայտնում է, որ եկեղեցու գլխավոր ճարտարապետ Մաքսիմ Աթայանցը ի սկզբանե Դիլիջանի եկեղեցու համար ընտրել է վաղ միջնադարի, գմբեթավոր դահլիճների տիպը, հատակագծային լուծումը հարազատ է տվյալ ժամանակաշրջանին: Հոգեւոր կառույցի ճարտարապետական դետալներում հետագայում լինելու են նաեւ դեկորատիվ հարդարանքներ, շենքի հատակագծային չափերն են՝ 27x36x30 մետր: Շինարարությունն իրականացնող «Արամ Զուրաբյան» ՍՊԸ տեղամասի պետ Գագիկ Չոբանյանի խոսքով՝ աշխատանքները պետք է ավարտվեն չորս տարում, արդեն սկսել են քարի շարվածքներ սարքել: Օգտագործվում է հայկական տրավերտին, թեեւ նախապես ընտրված էր տուֆ քարը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ