ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄ՝ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ» ՕՇԱԿԱՆՑԻ ԳԵՎՈՐԻԿԻ ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, 2020 թվականի օգոստոսի 28-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ԱԱԾ  քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակում Օշականցի Գեւորիկ մականվամբ Գեւորգ Մելիքյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Եվ, ահա, այս գործով ԱԱԾ-ն հայտարարել է նախաքննության ավարտ:

 

Գեւորգ Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1994 թվականին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Մկան մականվամբ Ռաֆայել Փիլոյանի եւ Էջմիածնցի Հարութիկ մականվամբ Հարություն Ռոստամյանի կողմից «թագադրվելով», ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ եւ քրեական աշխարհում հայտնի դառնալով որպես Օշականցի Գեւորիկ, հանդիսանալով քրեական աստիճանակարգության ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման` քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, որը գործում է իր կողմից սահմանված ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձեւերին, եւ որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը՝ 2020 թվականի փետրվարի 22-ից հետո շարունակել է պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը եւ սպառնալիքի միջոցով իրեն դիմած անձի օգտին լուծել է հարցեր:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել Արա Պողոսյանին, որ նա դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին՝ վերջինիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական օգուտ ստանալու համար:

Աբրահամ Ինջիղուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խոչընդոտները վերացնելով, օժանդակել է եղբորը՝ Արա Պողոսյանին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հարցում՝ վերջինիս անօրինական ազդեցությունը օգտագործելու միջոցով նյութական օգուտ ստանալու համար:

Գեւորգ Ինջիղուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խոչնդոտները վերացնելով, օժանդակել է մորեղբոր որդուն` Արա Պողոսյանին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հարցում` վերջինիս անօրինական ազդեցությունը օգտագործելու միջոցով նյութական օգուտ ստանալու համար: Արա Պողոսյանը, Աբրահամ Ինջիղուլյանը, Գեւորգ Ինջիղուլյանը ստորագրությամբ ազատ են արձակվել, եւ միայն կալանքի տակ է գտնվում Օշականցի Գեւորիկը:

 

 

ՀՈՐԴՈՐ՝ ՄԻՊ-ԻՑ

Ադրբեջանական ռազմաօդային եւ հրետանային հարձակումները Արցախի ու Հայաստանի բնակչության նկատմամբ, սեպտեմբերի 27-ից սկսած, շարունակվում են ուղեկցվել էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով:

 

Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը:

«1. Զանգվածային լրատվության միջոցներով եւ հատկապես սոցիալական ցանցերով տարածվում են ատելության եւ բռնության, այդ թվում՝ սպանության կոչեր, որոնք տարածվում են թուրքական ու ադրբեջանական աղբյուրներից: Գործում են մեծ թվով ագրեսիվ էջեր ու խմբեր, որոնցով տարածվում են էթնիկ հայերի նկատմամբ ատելություն սերմանող, բռնության, այդ թվում՝ կենդանի կամ մահացած մարդկանց նկատմամբ դաժան վերաբերմունքի, սպանությունների ու ավերածությունների տեսարաններ պարունակող տեսանյութեր ու տեքստեր:

Առկա են նաեւ զգալի թվով հայկական անուն-ազգանուններով կեղծ էջեր, որոնցից նաեւ հայերենով սպառնալիք պարունակող ու ահաբեկող հաղորդագրություններ են ուղարկվում հայ իրական օգտատերերին: Նշված բոլոր նյութերը տարածվում են «Ֆեյսբուք», «Թվիթեր» եւ սոցիալական այլ ցանցերով: Այս ամենը հաստատված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անկախ քննությամբ հավաքագրած ապացույցներով: Դրանք առավելապես օբյեկտիվ ապացույցներ են, այսինքն՝ լուսանկարներ, սոցիալական ցանցերի արտապատկերներ ու տեսանյութեր:

Հատուկ նշում եմ, որ Ադրբեջանում ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ ունի խորքային արմատներ եւ վայելում է պետական աջակցություն: Զինված հարձակումների առաջին օրից ատելության սփռումն ու դաժան վերաբերմունքի ու սպանության կոչերը ձեռք են բերել առավել համակարգված բնույթ՝ հասնելով ծայրաստիճան վտանգավոր ծավալների: Միջազգային հանրության ուշադրությունը վճռականորեն հրավիրում եմ այս ծայրաստիճան վտանգավոր երեւույթի վրա: Անհրաժեշտ են իրական արդյունք տվող հրատապ եւ արդյունավետ քայլեր՝ դադարեցնելու համար այս սարսափելի երեւույթը: Այն ուղեկցվում է միջազգային բոլոր պահանջների կոպիտ խախտումներով ու սպառնալիք է ողջ տարածաշրջանում խաղաղությանը:

Ծնողներին խնդրում եմ սոցիալական ցանցերի հարցում ցուցաբերել բացառիկ զգուշավորություն ու հատկապես զգույշ լինել սոցիալական ցանցից երեխաների օգտվելու հարցում, իսկ փոքրահասակ երեխաների դեպքում բացառել սոցիալական ցանցից օգտվելը: Երեխաներին խնդրում եմ սոցիալական ցանցերում զերծ մնալ անծանոթ էջեր մտնելուց կամ դրանց հետեւելուց, ինչպես նաեւ որեւէ պարագայում չբացել ու չկարդալ սոցիալական ցանցի էջի միջոցով ստացվող անծանոթ նամակները: Նկարավորված վտանգավոր երեւույթների վերաբերյալ հավաքագրված բոլոր ապացույցները կուղարկվեն միջազգային

գործընկերներին, դեսպանություններին բոլոր անհրաժեշտ ձեւաչափերով: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է աշխատել 24 ժամյա աշխատանքային արտակարգ ռեժիմով: Ապահովված է սերտ համագործակցություն Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ»,-ասված է հայտարարության մեջ:

 

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

«Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը 10 օր է, ինչ որդուց որեւէ տեղեկություն չունի»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավորը՝ նշելով, որ ինչպես մյուս երեխաները, այդպես էլ իր որդին. «Կներեք, այլ բան չեմ կարող ասել, տեղս հարմար չէ, Աստված պահապան բոլոր զինվորներին»: Հիշեցնենք, որ Դավիթ Մովսիսյանն անցնում էր ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով։ Քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է

«Շենգավիթ» բկ-ն փոխանցում է. «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, հիմնադիր, Երեւան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ԱԱԻ-ի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Սերգեյ Ալեքսանդրի Ուռումյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Երեւանի Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 14:00-ին, եկեղեցուց»:

 

 

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ

Սեպտեմբերի 8-ին Շուշիում ադրբեջանական հարվածների հետեւանքով վիրավորված 3 ռուս լրագրողներից երկուսը տեղափոխվել են  Հայաստան։ Նրանց վիճակը միջին ծանրության է։ Իսկ երրորդ վիրավորը, որի վիճակը կայուն ծանր է, այս պահին տեղափոխման փուլում է կամ արդեն հասել է Երեւան։ Նշենք, որ Wargonzo-ն իր հերթին փոխանցել է, որ լրագրողը դեռեւս գտնվում է արհեստական կոմայի մեջ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արցախում տուժել են ՌԴ քաղաքացի 3 լրագրողներ, որոնցից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ երկուսինը՝ ծանր: Պաշտպանը պարզել է, որ հարվածի պահին լրագրողները մասնագիտական աշխատանք են կատարել Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում՝ լուսաբանելով եկեղեցուն հասցված առաջին հարվածի հետեւանքները:




Լրահոս