ՏՈՒՅԺԵՐ՝ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Կառավարության ներկայացրած օրինագծով առաջարկվում է տույժեր սահմանել Հայաստանի ողջ տարածքում հայտարարված ռազմական դրության սահմանափակումները խախտելու համար: «Օրենսդրության վերլուծությունը ցույց է տալիս, որ ռազմական դրության ընթացքում միջոցառումներն ապահովելու տեսանկյունից մի շարք իրավահարաբերություններ կարգավորված չեն:

 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է ամբողջականացնել ու հստակեցնել ռազմական դրության իրավական ռեժիմը խախտելու դեպքում պատասխանատվության միջոցների շրջանակը: Սահմանափակումների չպահպանման կամ միջոցառումների խախտման համար նախատեսվել են վարչական պատասխանատվության միջոցներ»,-ասել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Վարչական պատասխանատվության միջոցներ են սահմանվել ազատ տեղաշարժվելու իրավունքի, ֆինանսատնտեսական գործունեության, ապրանքների շրջանառության, պարետային ժամի, կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումները խախտելու դեպքում, անհետաձգելի աշխատանքներին ներգրավվելուց կամ տրանսպորտային միջոց տրամադրելուց հրաժարվելու դեպքում, ռազմական դրության ժամանակ գործադուլներ, հավաքներ կազմակերպելու, մասնակցելու եւ կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելու համար եւ մի շարք այլ դեպքերում: Առավել մեծ տույժ է նախատեսվում նշված խախտումներից որեւէ մեկը վարչական տույժը նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու համար:

Նախագծում ներկայացված են համապատասխան տույժերի չափերը:

Ռազմական դրություն հայտարարված տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը կամ տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

Ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների՝ ներառյալ ծառայությունների մատուցման, ապրանքների եւ ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

Սահմանված` սննդամթերքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման եւ շրջանառության հատուկ կարգը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

Պարետային ժամի սահմանման դեպքում առանց անձը հաստատող փաստաթղթերի եւ հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելքը խախտելը կամ սահմանված այլ կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը, լրագրողի կողմից հավատարմագրման հատուկ կարգը չպահպանելը, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

Լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը կամ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ յոթհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով նախատեսված տույժերին ենթարկվելուց հետո անհապաղ, ռազմական դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտմամբ տարածված հրապարակումը չվերացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկի չափով:

Զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ եւ թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի սահմանափակումը կամ արգելքը խախտելը, թմրեցնող, հոգեմետ, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների եւ պրեպարատների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

Պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական եւ այլ անհետաձգելի աշխատանքներին սահմանված կարգով ներգրավումից աշխատունակ անձի հրաժարվելը կամ տրանսպորտային միջոց տրամադրելուց հրաժարվելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:

Ռազմական դրության ժամանակ գործադուլներ եւ հավաքներ կազմակերպելը, անցկացնելը եւ դրանց մասնակցելը, կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչեւ յոթհարյուրապատիկի չափով:

Կազմակերպությունների ՀՀ տնտեսության, պաշտպանության եւ բնակչության կենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկման առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների գործունեությանը խոչընդոտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:

Ռազմական դրության գործողության ընթացքում սահմանված այլ միջոցառումները եւ սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ից հայտարարվել է ռազմական դրություն՝ պայմանավորված Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններով:

 

 

ԿՎՃԱՐԵՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՑ

Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020թ. հոկտեմբերի՝ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները եւ պետական նպաստները կվճարվեն ՀՀ-ում՝ սկսած սույն թվականի հոկտեմբերի 9-ից։ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ  կենսաթոշակ եւ (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» ՓԲԸ-ի՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։ Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծ 114 հեռախոսահամարով կամ «Հայփոստ» ՓԲԸ-ի հեռախոսազանգերի կենտրոն  (010) 514-514 հեռախոսահամարով:

 

 




Լրահոս