Զինադադա՞ր, թե՞ հրադադար․ ում ջանքերով կայացվեց նոր որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել հաստատել մարդասիրական զինադադար։ Այս ձևակերպումը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց՝ հատկապես հաշվի առնելով Արցախի եւ Ադրբեջանի արձագանքը։

Նախ հայտարարություն տարածեց Արցախի ԱԳՆ-ն՝ տալով մարդասիրական հրադադար ձևակերպումը․ «Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը մարդասիրական հրադադարի պայմանները փոխադարձ հիմունքներով պահպանելու պատրաստակամության վերաբերյալ․ ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և Հայաստանի ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։ Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները՝ 2020 թ․ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարության և հոկտեմբերի 17-ի պայմանավորվածությունների համաձայն»։

Ապա մի փոքր հետո ադրբեջանական կայքերը ևս սկսեցին հոդվածներ հրապարակել՝ հայտնելով, թե համաձայնություն է ձեռք բերվել ժամանակավոր հումանիտար հրադադարի մասին։ Այսինքն, Ադրբեջանի կողմից հստակ նշվեց ժամանակավոր բառը, ինչը չկար Հայաստանի եւ Արցախի գերատեսչությունների տարածած հաղորդագրություններում։

Իսկ որն է հրադադարի եւ զինադադարի տարբերությունը․ սովորաբար հրադադարն ու զինադադարը շփոթում են։

Հրադադարը գործում է որևէ կարճ ժամանակահատվածի համար, սովորաբար՝ մի քանի օր։ Զինադադարը ռազմագործողությունները դադարեցնելու պաշտոնական համաձայնություն է, որը կարող է լինել որևէ փաստաթղթի՝ համաձայնագրի կամ պայմանագրի տեսքով։ Զինադադարը կարող է լինել բավական երկար ժամանակահատվածի համար։ Զինադադարը նաև կարող է լինել անժամկետ՝ մինչև հաշտության պայմանագրի կնքումը։ Սովորաբար հրադադարին հաջորդում է զինադադարը և հետո նոր հաշտության պայմանագիրը։

Հավելենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական զինադադարի մասին պայմանավորվածությունները:

«Հանրապետության նախագահը ողջունում է մարդասիրական զինադադարը, որը հայտարարվել է այսօր երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի կողմից համատեղ՝ Մինսկի խմբի համանախագահների հետ համաձայնեցված վերջին օրերի և ժամերի ֆրանսիական միջնորդությունից հետո: Այս հրադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկու կողմերի կողմից», – ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։




Լրահոս