ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 14-ին իրավապահներին է դիմել Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հայտնելով, որ ֆեյսբուքյան օգտատեր Գեւ Գեւորգյանը գրառումներ է կատարել իր մասին, որտեղ սպանության մասին սպառնալիքներ են եղել: Ավելին, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նույն օրը՝ հոկտեմբերի 14-ին, պատգամավորը իրավապահներին եւս մեկ օգտատիրոջ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել` նշելով, որ Մանե Էլբակյան ֆեյսբուքյան օգտատերն իր հասցեին սպանության սպառնալիքներ պարունակող գրառումներ է կատարել: Մեզ հայտնի դարձավ, որ, այս երկու հաղորդումների հիման վրա, ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

Ի դեպ, մեր ձեռքում է հայտնվել նաեւ Պահպանողականների եւ ռեֆորմիստների եվրոպական դաշինքի՝ մտահոգություն հայտնող փաստաթուղթը՝ Հայաստանում շարունակվող քաղաքական իրավիճակի, մասնավորապես՝ անվտանգության ծառայությունների կողմից ընդդիմության նկատմամբ հետեւողական հարձակումների մասին, որ Հայաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը սեպտեմբերի 25-ին կալանավորվել է: Մենք նաեւ չափազանց մտահոգված ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ տիկին Նաիրա Զոհրաբյանի ֆիզիկական անվտանգությամբ: Տիկին Զոհրաբյանի վերաբերյալ մենք ցանկանում ենք Հայաստանի իշխանություններին հիշեցնել «Եվրոպայի խորհրդի արտոնությունների եւ անձեռնմխելիության մասին ընդհանուր համաձայնագիրը» (Փարիզ, 02/09/1949)։

Գլուխ 5, հոդված 13. Ոչ մի վարչական կամ այլ բնույթի սահմանափակում չի կարող կիրառվել Խորհրդակցական վեհաժողովի ներկայացուցիչների եւ նրանց փոխարինողների ազատ տեղաշարժի նկատմամբ Վեհաժողով մեկնելիս կամ այնտեղից վերադառնալիս: Իրենց կառավարության կողմից տրվում են նույն հնարավորությունները, ինչպիսիք տրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ արտասահման ժամանակավոր պաշտոնական այցի ժամանակ։

Հոդված 14. Խորհրդակցական վեհաժողովի ներկայացուցիչները եւ նրանց փոխարինողները չեն կարող հարցաքննվել, ձերբակալվել կամ հետապնդվել իրենց գործառույթները իրականացնելու ընթացքում արտահայտած կարծիքի կամ քվեարկության համար: Այս անձեռնմխելիությունները հատուկ ստեղծվել են քաղաքական դրդապատճառներով հետապնդումից խուսափելու համար, եւ մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին ամբողջությամբ հարգել ԵԽ արտոնությունների եւ անձեռնմխելիության մասին ընդհանուր համաձայնագիրը եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, մասնավորապես՝ 6-րդ հոդվածը, որը սահմանում է արդար դատաքննության իրավունքը:

Մենք նաեւ հիշեցնում ենք Հայաստանի իշխանություններին, որ պետության պարտքն է պաշտպանել իր քաղաքացիներին եւ ապահովել տիկին Զոհրաբյանի ֆիզիկական եւ էմոցիոնալ անվտանգությունը:

Մենք հորդորում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին հարգել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը, որը սահմանում է ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը եւ պահպանել մարդու իրավունքների բարձրագույն չափանիշները, նաեւ երբ խոսքը վերաբերում է ընդդիմության անդամներին:

 

 

ՆՈՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ

Արցախում սկսված պատերազմի հենց առաջին օրվանից ամբողջ աշխարհը խոսում է Թուրքիայի կողմից Ադբեջան ուղարկված սիրիացի վարձկանների մասին, նաեւ բավարար ապացույցներ են ներկայացվել: Այդ մասին գրառումները չեն դադարում նաեւ միջազգային մամուլում, եւ հեղինակավոր լրատվամիջոցները բազմաթիվ հրապարակումներ են ներկայացրել եւ փաստեր մատնանշել:

 

Սակայն, չնայած դրան, երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր. «Մեզ զանգողներն ասում են, թե Սիրիայից մոջահիդների եք ուղարկել այնտեղ: Մենք նման խնդիր չունենք: Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել մեր ադրբեջանցի եղբայրներին եւ աջակցելու ենք: Սիրիացի վարձկանները Ադրբեջան չեն գնա, նրանք իրենց հողերում անելիք ունեն»: Սիրիացի վարձկանների մասին ամենաթարմ գրառումը հանդիպում ենք The Washington Post-ում: Պարբերականը հայտնում է, որ առնվազն 52 սիրիացի վարձկան է սպանվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտերի ընթացքում, եւ հավելում, որ ավելի վաղ թուրք-սիրիական սահմանին նրանց դիերը փոխանցվել են հարազատներին։ Վերջինները հայտնել են, որ «սպանվածները վարձկաններ են եղել, որոնք ներգրավվել են Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող զինված խմբավորումների կողմից, որպեսզի մասնակցեն ընդդեմ Հայաստանի մարտական գործողություններին»։ Հարազատների խոսքով՝ զինյալներին խոստացել են ամենամսյա աշխատավարձ, իսկ Ադրբեջան են մտել Թուրքիայի հարավային մասից։

Ավելի վաղ ամերիկյան The Wall Street Journal-ն էր հայտնել, որ Թուրքիայի հետ կապված հարյուրավոր զինյալներ Սիրիայից տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 2-ին հայտարարել էր, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստ է Թուրքիայի Ղազիանթեպ բնակավայրից տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերքել է այս տեղեկությունն ու Փարիզից պահանջել ներողություն խնդրել։ ՌԴ ՊՆ-ն եւս իր անհանգստությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի Մերձավոր Արեւելքից խմբավորումների տեղափոխման կապակցությամբ։

 

 

ԿԵՂԾ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ

«Գիտե՞ք, թե միջազգային կառույցների հիմնական մասի գլխավոր խնդիրը որն է. մարդու իրավունքների կեղծ պաշտամունքը»,- նշել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Բոլորը խոսում են մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի մասին, ըստ քաղաքական նպատակահարմարության՝ աղմուկ են բարձրացնում նույնիսկ փոքրիկ դեպքերից, իսկ երբ չճանաչված պետության բնակիչները դաժանաբար սպանվում են կամ վիրավորվում կամ կորցնում ու լքում իրենց տները, ոչ միայն պաշտոնական ու հասցեական արձագանքներ չկան, այլ նաեւ պարզ մարդկային ցավակցություններն են խտրական կերպով կիրառում: Արդյոք Արցախում սպանված կամ վիրավորված քաղաքացիական անձը նույն իրավունքները չունի՞, ինչ բոլորը: Եվ այս ճշմարտությունը չեն ուզում ընդունել առնվազն հրապարակավ եւ շարունակում են թաքնվել քաղաքական նպատակահարմարության ու անկարեւոր մանդատների ետեւում, իսկ մարդիկ շարունակում են սպանվել ու կրել բազմաթիվ զրկանքներ»,-հայտնել է նա:

 

 

ԹՈՒՐՔԻԱՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ Է

Հոկտեմբերի 15-ին նախատեսված «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության դեպի Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երեւան չվերթը չի կայանալու, ինչի առնչությամբ ավիաընկերությունը հիմնավոր պատճառ չի նշել: Հումանիտար բեռը ամերիկահայ համայնքի կողմից է, որն ուղարկվում էր արցախաադրբեջանական պատերազմից տուժած խաղաղ բնակիչների համար: Ավիաչվերթի չեղարկման մասին «Քաթար էյրվեյզը» Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեին տեղեկացրել է հոկտեմբերի 14-ին: Օդանավը պետք է անցներ Թուրքիայի օդային տարածքով, որը, սակայն, խոչընդոտներ է հարուցում Հայաստան տեղափոխվող հումանիտար բեռի համար:

«Այլ երկրների, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության կամ Վրաստանի տարածքով օդանավի նոր թռիչքուղու կազմակերպումը ժամերի հարց է, ուստի ավիաընկերությունը պարտավոր է գտնել այլ ճանապարհներ հումանիտար բեռը տեղափոխելու համար: Վստահելի աղբյուրներից ստացվող տեղեկություններն այս պահին հիմք են տալիս ենթադրելու, որ «Քաթար էյրվեյզն» այդ բեռը չի կարողանալու տեղափոխել: Հիմքեր ունենք նաեւ պնդելու, որ Թուրքիան միտումնավոր է փակել օդային ճանապարհը: Առաջին անգամ չէ, որ Թուրքիան խոչընդոտում է դեպի Հայաստան բեռնափոխադրումները: Այդ երկիրը դեռեւս պատերազմից առաջ սկսեց խոչընդոտներ ստեղծել՝ ավիաընկերություններից պահանջելով բեռների մանրամասն ցանկը իր օդային տարածքով անցնելիս: Չնայած օդային տարածքի տրամադրումը յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է, սակայն, միջազգային պրակտիկայի համաձայն, տվյալներ պահանջում են միայն վտանգավոր բեռների մասին արտակարգ իրավիճակներում ճիշտ արձագանքելու համար (Չիկագոյի կոնվենցիա, հոդված 5): Այս բեռն, ընդ որում, զննման փուլն անցել էր»,- նշել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Տաթեւիկ Ռեւազյանը: Դեպքի առնչությամբ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն դիմել է աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպությանը՝ «EUROCONTROL»-ին:

 




Լրահոս