«ԱՄԵՆ ԻՆՉ ՉԷ, ՈՐ ԼՈՒԾՎՈՒՄ Է ՆԱՎԹՈՎ ԵՎ ԳԱԶՈՎ». ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ՝ ՄԱԿ-Ի ԴԻՄԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին շոուբիզնեսի ներկայացուցիչները մի շարք այլ քաղաքացիներ հետ միասին նախաձեռնել էին բողոքի ակցիա՝ ի աջակցություն Արցախի Հանրապետության: Հավաքի ներկայացուցիչները նախ հավաքվել են Մատենադարանի դիմաց, որից հետո երթով շարժվել են դեպի ՄԱԿ-ի գրասենյակ: Բողքի ակցիայի պատճառը կառույցի լռությունն է, ինչպես նաեւ այսօր կայանալիք նիստը, որի ժամանակ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը:

 

Երթի մասնակիցներից հայտնի երգիչ Սարոն  ArmLur.am-ի հետ զրույցում իր վրդովմունքն է  հայտնել աշխարհի լռությունից եւ նշել, թե պետք է այնպես անել, որ իրենց լսեն:

«Պետք է մեր խոսքը լսելի դարձնենք աշխարհին: Մենք այստեղից քայլերթով գնում ենք դեպի ՄԱԿ-ի գրասենյակ, որպեսզի մեր ասելիքն ասենք, եւ աշխարհին լսելի լինի: Ես կարծում եմ, որ միջազգային կառույցները  այնպես չեն արձագանքում Արցախում առկա իրավիճակին, ինչպիսին որ պետք է լինի: Պետք է շատ ավելի մանսակցություն ունենան, եւ մենք ամեն ինչ անելու ենք դրա համար՝ արձագանքեն նորմալ, պատշաճ մակարդակով այս ցեղասպանությանը»,-ասում է երգիչը:

Իսկ, ահա, դերասան Ռաֆայել Երանոսյանը, որն այս օրերին ակտիվ լծված էր մարդասիրական այլ նախաձեռնություններով, մեզ հետ զրույցում ընդգծում է, որ հայրենիքի հետ կապված ցանկացած հարց հուզում է յուրաքանչյուր հայի:

«Ուզում ենք մեր հայրենակիցների հետ միասին այս հարցը բարձրաձայնել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, որպեսզի արթնանան վերջիվերջո, որպեսզի պատշաճ մակարդակով գան լուսաբանեն, եւ աշխարհը վերջապես հասկանա, որ ամեն ինչ չէ, որ լուծվում է նավթով, գազով եւ զենքով»,-նշում է դերասանը:

Դերասանի փոխանցմամբ՝ նրանք պահանջում են նեյտրալ լուսաբանում եւ պարզաբանում, թե ինչու են լուռ:

«Բոլորիս պահանջը մեկն է. ինչո՞ւ է լռում աշխարհը, եթե Արցախն իրենց համար չեզոք գոտի է, ինչո՞ւ չեն այցելում Գորիս, Վարդենիս, ինչո՞ւ չեն այցելում կրթօջախները, մշակույթի տները, խաղաղ բնակչությանը: Մենք այս ամեն ինչին լինելու ենք հետեւողական, ոչ թե տալու ենք ծրար ու գնանք տուն սպասենք. եթե պետք լինի, վաղն էլ կհավաքվենք, այնքան, մինչեւ հայ ազգի ձայնը լսի ամբողջ աշխարհը»,- հավելում է Ռաֆայելը եւ հավելում, որ էլեկտրոնային տարբերակով նամակն ուղարկել են, բայց պատասխան չեն ստացել, իսկ, ահա, այսօր բերել են, որպեսզի իրենց ձեռքով հանձնեն այն:

Հիշեցնենք, որ արցախաադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերվա ընթացքում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:

Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային եւ հարավային ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում եմ համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ իրադրությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ պատերազմում հաջողությունը կարող է լուծել Արցախի կարգավիճակի հարցը։ Վարչապետն այդ մասին գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջում` ընդգծելով, որ պատերազմում հաջողության գրավականը այդ նպատակի շուրջ ազգային ներուժի կենտրոնացումն է եւ անձնազոհ կերպով այդ նպատակին լծվելը։

Երեկ ակցիայի մասնակիցներին հաջողվեց հանդիպել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին:  Խոսեցին  արցախյան պատերազմի մասին, ներկայացրին  իրականությունը եւ պահանջեցին, որպեսզի իրենց ծավալուն նամակը փոխանցվի ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ:

 

 

 

«ՍԻՐՏՍ ՑԱՎՈՒՄ Է, ՈՐ ԱՇԽԱՐՀԸ, ԻՐ ՇԱՀԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ, ԼՌՈՒՄ Է». ԱՐԵՎԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

«Ինչպես ցանկացած հայ, ես նույնպես, արդեն շուտով  մեկ ամիսը կլրանա, անշունչ ու անքուն գամված, նորությունների եմ հետեւում ու ամեն վայրկյան սպասում եմ լավ լուրի»,- ArmLur.am-ի հետ զրույցում  նման տեսակետ է հայտնել երգչուհի Արեւիկ Ալավերդյանը՝  անդրադառնալով Արցախում տեղի ունեցող ռազմական գործողություններին:

Նշենք, որ Արեւիկ Ալավերդյանը արդեն երկար տարիներ է, ինչ ընտանիքի հետ միասին բնակվում է Փարիզում:

«Նույնիսկ երեխաներս են  զգում իմ  անհանգիստ վիճակը, եւ իրենք էլ այս մթնոլորտից անհագիստ են դարձել՝ հատկապես աղջիկս: Պատկերացրեք՝ չեմ կարողանում նորմալ ժամանակ տրամադրել իրենց: Չեմ կարող նկարագրել, թե  ինչ եմ զգում, երբ  ամեն անգամ հրապարակում են մեր զոհված տղաների անունները. դա անտանելի ցավ է բոլորիս համար: Նրանք բոլորն էլ  մեր եղբայրներն են»,-նշում է ցավով մեր զրուցակիցը:

Արեւիկ Ալավերդյանը մեզ հետ զրույցում ափսոսանքով է փաստում Արցախյան հարցի վերաբերյալ աշխարհի անտարբերությունն եւ լռությունը:

«Սիրտս ցավում է, որ աշխարհը,  իր շահերից ելնելով,  լռում է եւ չի միջամտում: Հուսամ՝ այս  լռությունից դասեր կքաղենք: Միայն աղոթում եմ խաղաղության համար: Բոլորս մեկ մարդ ենք դարձել: Հպարտանում եմ մեր հայերիս համախմբվածությամբ, հատկապես սփյուռքը աննկարագրելի  բան է անում, որպեսզի աշխարհը լսի  մեր ձայնը»,- շեշտում է երգչուհին:

Մեզ հետ զրույցի վերջում Արեւիկ Ալավերդյանն առաջնագծում կյանքի եւ մահվան կռիվ մղող մեր տղաներին մաղթում է խաղաղ երկինք եւ աղոթում, որպեսզի անվնաս վերադառնան տուն:

«Մեր տղաները, մեր եղբայրները, թող Աստված պահապան լինի նրանց, թող իմանան, որ իրենց  քույրերն ու մայրերը հպարտ են  իրենցով, եւ աղոթում ենք, որպեսզի խաղաղ երկնքով վերադառնան տուն»,- հավելում է Արեւիկ Ալավերդյանը:

Նյութերը՝ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

 

 

ՄԱՐԶԻՉԸ ՊԱՏՄԵԼ Է

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը պատմել է, թե առաջին անգամ ինչ է զրուցել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ: «Ակնհայտ է, որ խաղացողների շրջանում մեծ դժգոհություն կար տարբեր հարցերում: Այդ պատճառով ինձ համար առաջնային էր առաջինը զրուցել Մեսիի հետ՝ հասկանալու համար, թե ինչպես է նա տեսնում իրավիճակը: Նա իր տանն ինձ պատմեց ամեն բան: Ես ուշադիր լսեցի եւ հիշեցրի, որ այնտեղ չեմ եղել: Ես խոսեցի միայն այն մասին, թե ինչպես եմ ցանկանում աշխատել ու փոխել իրավիճակը: Վերջում մենք խոսեցինք զարգացման լավագույն միջոցների, ֆուտբոլի ու խաղի մասին: Դա դուր եկավ ինձ»,- ասել է հոլանդացի մասնագետը:

Հիշեցնենք, որ այս ամռանը 33-ամյա Մեսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբը բաց չթողեց նրան:

 

 

 

ՏՊԱՎՈՐԻՉ ՌԵԿՈՐԴ

«Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ դառնալով «Վեստ Հեմի» դեմ Անգլիայի առաջնության 5-րդ տուրի խաղում (3:3), սահմանել է տպավորիչ ռեկորդ: Պրեմիեր լիգայի մեկնարկային 5 տուրերում 27-ամյա անգլիացին 12 միավոր է հավաքել «գոլ+փոխանցում» (5 գոլ, 7 գոլային փոխանցում) հաշվարկով: Նախկինում ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել գրանցել այդպիսի ցուցանիշ: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրներն էին Լոնդոնի «Արսենալի» լեգենդար հարձակվող Թյերի Անրին (2004/05) ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ուեյն Ռունին (2011/12), որոնք Պրեմիեր լիգայի մեկնարկային 5 տուրերում 11 միավոր էին հավաքել «գոլ+փոխանցում» հաշվարկով:

 

 

ԻՄ ԵՐԿԻՐՆ ԻՄ ՍՐՏՈՒՄ Է

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլի Իտալիայի առաջնության չորրորդ տուրում «Բենեւենտոյի» նկատմամբ 5։2 հաշվով հաղթանակից հետո գրառում է կատարել սոցցանցերում: «Հրաշալի «Ռոմա», հրաշալի հաղթանակ: Իմ երկիրն իմ սրտում է»,- գրել է Հայաստանի ազգային հավաքականի ավագը:

Հիշեցնենք, որ այդ խաղում Հենրիխ Մխիթարյանը դարձել էր երկու գոլային փոխանցման հեղինակ։ Երկու դեպքում էլ նրա փոխանցումներից հետո աչքի ընկավ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Հենրիխ Մխիթարյանը նաեւ գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR-ի միջամտությամբ գրանցվեց խաղից դուրս վիճակ։ս

 




Լրահոս