ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԱՐՑԱԽԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թուրքիան, որը ներգրավված է Միջերկրականի, Կովկասի եւ Միջին Արեւելքի մշտական  հակամարտություններում, միացել է Ադրբեջանին Արցախի խաղաղ բնակչությանը հրետակոծելու նպատակով»,- այս մասին երեկ Իսպանիայի Կոնգրեսում հայտարարել է պատգամավոր Ջոն Ինյառիտուն:

 

ArmLur.am-ը զրուցել է պատգամավորի հետ՝ կապված Արցախում տիրող իրավիճակի եւ երեկ Իսպանիայի դիրքորոշման հետ, որով վերջինս վետտո դրեց ԵՄ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշմանը:

-Պարո՛ն Ինյառիտու, ըստ Ձեզ՝ ի՞նչը պատճառ հանդիսացավ Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ից սկսված կտրուկ լարվածությանը:

-Ինձ թվում է՝ միայն մեկ պատճառ չէ: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի ներքին իրավիճակն է Ադրբեջանի նախագահ Ալիեւին դրդել հարձակվել Հայաստանի եւ Արցախի վրա, որպեսզի պահի իր իշխանությունը: Մյուս կողմից՝ ես կարծում եմ, որ նաեւ Բելառուսի իրավիճակը ստիպեց Ալիեւին անհանգստանալ, որ իր երկրում էլ կարող են նման անհանդուրժողական իրավիճակ եւ ցույցեր ստեղծվեն: Պատերազմը միշտ ներքին համախմբում է իրենից ենթադրում: Եվ վերջապես, ես կարծում եմ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի նեոօսմանիստական ռազմավարությունն է Ադրբեջանի վրա ազդել, որպեսզի դիմեն իրենց ընկերոջ օգնությանը:

-Որքա՞ն հեռու կարող է գնալ Ադրբեջանը իր նպատակներին հասնելու համար:

-Ադրբեջանը ցույց տվեց իր արհամարհանքը մարդու իրավունքների եւ միջազգային օրինականության նկատմամբ: Նրանք նույնիսկ ցույց տվեցին իրենց անազնվությունը՝  անընդհատ խախտելով հրադադարի ռեժիմները: Ալիեւի կառավարությունը  ոչ մի սահման չի պահել: Այս իրավիճակի առջեւ կանգնած միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախը՝ որպես անկախ պետություն: Ադրբեջանն անվավեր է ճանաչում Հայաստանի կողմից ցանկացած պահանջ այդ տարածքում: Արցախի քաղաքացիները ձգտում են ապրել խաղաղության եւ անվտանգության մեջ, եւ դա պետք է երաշխավորվի:

-Որքանո՞վ է Թուրքիան օգնում Ադրբեջանին նպատակներին հասնելու հարցում: 

-Ինչպես ես արդեն նշեցի, Թուրքիայի Հանրապետության կառավարությունը մինչեւ այժմ ունի թաքնված երկու օրակարգ, որին ցանկանում են հասնել, մեկը՝ իսլամիստական, մյուսը՝ նեոօսմանական: Ընդ որում, Թուրքիայի դերը Միջերկրական ծովում, Մերձավոր Արեւելքում եւ այժմ արդեն Կովկասում շատ մտահոգիչ է: Չկա որեւէ կոնֆլիկտ, որում Թուրքիան չի միջամտում, եւ այն էլ՝ ապակայունացնելու համար՝ Հունաստան, Կիպրոս, Սիրիա, Լիբիա, Քուրդիստան եւ Արցախ:

-Դուք բացասական եք խոսում Թուրքիայի մասին, սակայն ԵՄ-ում Իսպանիան չաջակցեց Հունաստանին, այլ դեմ քվեարկեց Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն. ինչո՞ւ:

-Ինձ թվում է, որ Իսպանիայի կառավարությունը պետք է միջնորդ հանդիսանա Աթենքի եւ Անկարայի միջեւ՝ աջակցելով Գերմանիայի դիրքորոշմանը: Իմ տեսակետն այն է, որ միջնորդությունը միշտ լավ է, սակայն Թուրքիայի վերաբերմունքն արդեն անտանելի է, եւ ես կարծում եմ, որ Եվրամիության անդամ պետությունների ընդհանուր դիրքորոշումը պետք է հստակ եւ ուժեղ լինի Թուրքիայի նկատմամբ:

-Ինչպե՞ս եք տեսնում հարցի կարգավորումը. արդյոք այն կլինի Մինսկի խմբի համանախագահների աջակցությա՞մբ, թե՞ այլ դիվանագիտական խմբի ներքո:

-Իմ կարծիքով՝ եկել է ժամանակը, որ Մինսկի խմբի անդամները պետք է ավելի պահանջկոտ լինեն Ադրբեջանի հանդեպ: Մյուս կողմից էլ՝ եկել է ժամանակը, որ վերջնական լուծում գտնվի Արցախի համար՝ ճանաչելով նրանց քաղաքացիների կամքը: Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախը, ինչը կանխելու է հետագա գրոհները, եւ դա կօգնի հասնել խաղաղության:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՊԵՏՔ Է ԱԳՐԵՍԻԱ ԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ

Անհրաժեշտության դեպքում Հայաստանը չի վարանի դիմել ՀԱՊԿ-ին. այս պահին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի բնորոշմամբ, անհրաժեշտություն չկա: ՀԱՊԿ-ին ֆորմալ չդիմելը, սակայն, չի նշանակում, թե Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ չի աշխատում անընդհատ ռեժիմով: Փոխնախարար Քոչարյանն այս մասին խոսել է՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին:

 

Նա, նախ, շեշտել է, որ ՀԱՊԿ-ին դիմելու համար պետք է ագրեսիա լինի Հայաստանի Հանրապետության հանդեպ: Հիմա դեռ վաղ է Ադրբեջանի որոշ գործողությունները ՀՀ-ի նկատմամբ որպես ագրեսիա գնահատելու համար: «Եթե եղավ հարձակում ՀՀ-ի վրա, այո՛, կդիմենք: Նախ մենք պետք է դիմենք ՄԱԿ-ին, որով ֆիքսում ենք, որ մեր դեմ ագրեսիա է, եւ մենք, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, ինքնապաշտպանության ենք դիմում, դիմում ենք նաեւ ՀԱՊԿ-ին: Այդ բոլորը կանոնակարգված է»,- ասել է Քոչարյանն ու հավելել, որ այս պարագայում դեռեւս դրա մասին խոսելը վաղ է:

Նա շեշտել է , որ եթե ունես փամփուշտ, որը կարող է կրակել, այդ փամփուշտը պետք է օգտագործել այն ժամանակ, երբ այն դատարկ չէ: «ՀԱՊԿ-ին ֆորմալ չդիմելը չի նշանակում ՀԱՊԿ-ի հետ չաշխատել անընդհատ ռեժիմով: Առաջին դեմքերի մակարդակով անգամ կա ինֆորմացիայի փոխանակում»,- ասել է արտաքին գործերի փոխնախարարն ու հավելեց, որ կա անընդհատ շփում:

Նա վստահեցրել է, որ երբ գա պահը, կարվեն համապատասխան քայլեր, բայց հույս է հայտնել, որ այդ պահը չի գա: Ըստ փոխնախարարի՝ Հայաստանը Արցախի խնդրի, Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ տարբեր տիպի արձագանքներ է ստանում. շատ տեղեր կան, որ բավարարված չէ արձագանքներով: Նա շեշտել է, որ չի կարելի տարբերակել մարդկանց՝ կախված նրանից, թե որ սուբյեկտում են բնակվում՝ ճանաչված, թե չճանաչված պետությունում:

«Իրականում մենք գտնվում ենք պատերազմի մեջ, եւ ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում: Ցավալի է ամեն օրը, որովհետեւ կյանքեր ենք կորցնում:  Բայց, մյուս կողմից, պետք է գիտակցենք, որ եթե խոսքը վերաբերում է քո անվտանգության պաշտպանությանը, առաջին հերթին դա քո պարտքն է: Եվ նա, ով հույսը դնում է, որ օտարը կգա, կօգնի, դատապարտված է»,- ասել է նա: Նա նշել է, որ ցավալի է, բայց պատերազմի մեջ ենք, իսկ Թուրքիայի բացահայտ երեւալը խոսում է նրա մասին, որ խոսքը վերաբերում է ոչ միայն պատերազմում պարտություն կրել-չկրելուն, այլ հնարավոր ցեղասպանությանը:

Նշենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում անօդաչու թռչող սարքերով մի քանի անգամ թիրախավորել է ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի բնակավայրեր, քաղաքացիական օբյեկտներ՝ պատճառ դառնալով խաղաղ բնակիչների մահվան եւ վիրավորման:

 

 

ԶՐՈՒՅՑ՝ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ: Զրույցի առանցքում է եղել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամաշտաբ ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությունը: Նախարար Մնացականյանն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող վայրագությունների, իր հսկողության տակ հայտնված ռազմագերիների խոշտանգումների եւ սպանությունների, քաղաքացիական բնակավայրերի եւ կենսաապահովման ենթակառուցվածքների անընդմեջ թիրախավորման, կրոնական, մշակութային հաստատությունների հրետակոծման բազմաթիվ փաստերի վրա: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հոկտեմբերի 10-ին եւ 17-ին կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությանը։ Զ. Մնացականյանը մտահոգությամբ հայտնել է, որ Ադրբեջանի նման վարքագիծն ակնհայտ կերպով սատարվում եւ խրախուսվում է Թուրքիայի կողմից, որն էլ իր հերթին փորձ է անում  տարածաշրջանային անվտանգության ապակայունացմամբ առաջ մղել իր ծավալապաշտական նպատակները:

 

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ՝ ԱՄՆ-ԻՆ

Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին պայմանագրի (ՀՍԿՊ) մեկ տարով երկարաձգման դեպքում «սառեցնել» միջուկային մարտալիցքերը։ Ռուսաստանն առաջարկում է ՀՍԿՊ-ն երկարաձգել մեկ տարով, ընդ որում՝ պատրաստ է ԱՄՆ-ի հետ միասին քաղաքական պարտավորություն ստանձնել այդ ժամանակահատվածում կողմերի ունեցած միջուկային մարտալիցքերի քանակությունը «սառեցնելու» շուրջ։ ԱՄՆ-ն ավելի վաղ մերժել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման վերաբերյալ միջոցառումների պայմանագիրը (ՀՍԿՊ, ՌՀՍ-3) երկարաձգելու մասին։ ՌՀՍ-3 պայմանագիրը Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն ստորագրել են 2010 թվականին։ Այն նախատեսում է երկու կողմերից իրենց ռազմավարական հարձակողական սպառազինության ծավալի կրճատում։ ՌՀՍ-3-ը կնքվել էր 10 տարի ժամկետով։ Ներկայումս որոշվում է  սպառազինության վերահսկման հետագա համակարգի մասին հարցը։

 




Լրահոս