Երեկ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հրավիրելու Անվտանգության խորհրդի նիստ։
«Այսօր խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներով դիմել ենք վարչապետ Փաշինյանին՝ հրավիրելու Անվտանգության խորհրդի նիստ՝ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում կքննարկվի ստեղծված իրավիճակը»,- գրել էր ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Այս առնչությամբ ArmLur.am-ը մի քանի հարց է ուղարկել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանին:
-Տիկին Տոնոյան, երեկ խորհրդարանական երկու ուժեր՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել էին հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ: Արդյո՞ք ստացել եք պատասխան ՀՀ վարչապետից:
-Ցավով պետք է արձանագրեմ, որ մինչ այս պահը որևէ պաշտոնական պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանից մենք դեռևս չենք ստացել: Վարչապետը բավարարվել է իր մամուլի խոսնակի այն հրապարակային դիտարկմամբ, թե նախկինում նման ձևաչափով հանդիպում արդեն իսկ կայացել է, սակայն դա բացարձակ անընդունելի հիմնավորում է: Ի՞նչ է նշանակում նախկինում եղել է նման հանդիպում այն դեպքում, երբ այսօր ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան իրադրություն է փոխվում սահմանին: Կան կուտակված հարցեր, որոնց պատասխանելու լիազորությունը վարչապետի և Անվտանգության խորհրդի անդամների վրա է դրված: Այսօր մենք ունենք կուտակված բազմաթիվ մտահոգություններ, քանզի մենք միայն պաշտոնական լրահոսից ու պարբերական ֆեյսբուքյան լայվերից ու հեռուստատեսային ուղերձներից չէ, որ օբյեկտիվ տեղեկատվություն ենք ստանում սահմանային իրավիճակի և մեր երկրի համար ճակատագրական այս պահին կայացվող որոշումների վերաբերյալ: Այսօր էլ խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության որոշմամբ չեղարկվել է Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ձևաչափը, զրկելով խորհրդարանական ընդդիմությանը հնչեցնել իրենց հուզող հարցերն ու մտահոգությունները: Արդյո՞ք հարցերից խուսափելը լավագույն լուծումն է: Վստահաբար ո՛չ:
-Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր կամավորականների ջոկատ կազմելու իր նախաձեռնության մասին: Ի՞նչ փուլում է հիմա գործընթացը:
-Կամավորականների ջոկատի հավաքագրման և կազմակերպչական աշխատանքներն այս պահին էլ ակտիվորեն ընթանում են և դրանք ղեկավարում է անձամբ Գագիկ Ծառուկյանը: Հպարտությամբ պետք է փաստեմ, որ թեպետ այսօր մեր հայրենակիցների մեծ մասը գտնվում է առաջնագծում՝ համախմբվելու և մարտական ջոկատ կազմելու Գագիկ Ծառուկյանի կոչին կարճ ժամանակահատվածում արձագանքել են բազմաթիվ կամավորականներ: Աշխատանքները համակարգող հատուկ շտաբն օպերատիվ գործակցում է ՀՀ Պաշտպանության նախարարության և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետ: Որևէ գործողություն չպետք է անկազմակերպ կամ հախուռն կերպով իրականացվի: Սա Գագիկ Ծառուկյանի հստակ հանձնարարականն է: Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ջոկատի բոլոր անդամները պետք է ապահովվեն հայրենիքի պաշտպանության համար անհրաժեշտ պարագաներով: ԲՀԿ քաղաքական թիմի բոլոր տղամարդիկ ակտիվորեն ներգրավված են այս գործընթացում: Իմ գործընկեր պատգամավորներից մի քանիսն արդեն Արցախում են, մյուս մասն էլ այստեղ զբաղված են կամավորական ջոկատների կազմավորման աշխատանքներով և առաջիկա օրերին կմեկնեն: