ՇՈՒՇԻԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՐՑԸ ՄԻՆՉ ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի  օր է, ինչ բոլորը քննարկում են Շուշիի անկման հանգամանքները, ընդ որում՝ հնչում են իրարից տարբեր հայտարարություններ, իսկ երեկ էլ դրան անդրադարձավ նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

Նախ՝ ամեն ինչ սկսվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից: Վերջինս, նոյեմբերի 16-ին խորհրդարանում խոսելով դեպքերի մասին, նշել էր, թե պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից եւ ապա տեսանելի ապագայում կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից եւ Շուշիից։

Սակայն դրանից առաջ՝ առավոտյան, Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր նաեւ լրագրողների հարցերին՝ նշելով. «Կարո՞ղ էինք մենք խուսափել պատերազմից. այո՛, կարող էինք, եթե համաձայնեինք Ադրբեջանին վերադարձնել 7 շրջանները` ներառյալ Շուշին։ Այո՛, կարող էինք, բայց արդյոք դա՞ էր այն քաղաքականությունը, որ մենք ուզում էինք վարել: Ո՛չ, դա չէր։ Արցախի ՊԲ-ն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ մեր ԶՈՒ-ն որոշեցին ընդունել այդ մարտահրավերը, որ նետված էր, բայց դա չբերեց այն արդյունքներին, որը մենք բոլորս  կցանկանայինք…»:

Ազգային ժողովում նրա հայտարարություններից հետո առաջինն արձագանքեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ ասելով՝  խաղաղ գործընթացի որեւէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց:

Երեկ էլ այս հարցին անդրադարձավ նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ կրկին նշելով, որ Շուշիի հանձնման հարցը մինչեւ վերջին հակամարտությունը չի բարձրացվել` խոսելով մի առաջարկի մասին, որը հոկտեմբերի 19-20-ին արվել է հայկական եւ ադրբեջանական կողմերին, սակայն Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է դրանից:   Վլադիմիր Պուտինը հայտնեց, որ հոկտեմբերի 19-20-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հայերը կկարողանային պահպանել Շուշին, սակայն այնտեղ պետք է վերադառնային գաղթականները։ Պուտինը նշեց, թե կարողացել էր համոզել Իլհամ Ալիեւին, սակայն հրաժարվել էր Նիկոլ Փաշինյանը։ «Ի զարմանս ինձ՝ Փաշինյանն ուղղակիորեն ասաց, որ այստեղ տեսնում է վտանգ հայերի ու Ղարաբաղի համար, հիմա այդքան էլ չեմ հասկանում՝ ինչ վտանգ, եթե Շուշին մնում էր հայկական կողմում, եւ այնտեղ լինելու էին ռուս խաղաղապահները»,- ասել է Պուտինը:

Հայաստանի ներքաղաքական իրավիճակին անդրադառնալով՝ Պուտինն ընդգծել է, որ պատերազմի վտանգի տակ գտնվող երկիրը չի կարող պառակտված լինել ներսից, եւ որ հարկավոր է միավորել հանրությանը, այլ ոչ թե մասնատել։

Ռուսաստանի ղեկավարն այսօր խոսել է նաեւ ղարաբաղյան հակամարտության պատճառների մասին, խոսել է Սումգայիթից եւ ակնարկել, որ եթե Հայաստանը ճանաչեր Ղարաբաղի անկախությունը, իրավիճակը կարող էր ուրիշ լինել` որպես օրինակ բերելով Աբխազիան, Հարավային Օսիան եւ Ղրիմը։

Հարցազրույցում Պուտինը անդրադարձել է նաեւ թուրք խաղաղապահներին՝ ասելով, որ հաշվի առնելով Ցեղասպանությունը՝ հնարավոր չէ պատկերացնել, որ հայերը հանդուրժեն թուրք զինվորականներին Լեռնային Ղարաբաղում, եւ սա կարող է հանգեցնել համաձայնագրի իրագործման տապալմանը:

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Մոսկվան եւ Անկարան պայմանավորվել են միայն համատեղ մոնիթորինգային կենտրոնի մասին, որը կվերահսկի իրավիճակը Ղարաբաղում անօդաչու թռչող սարքերի միջոցով, իսկ թե որտեղ կլինի տեղակայված այդ կենտրոնը, պետք է որոշի Բաքուն:

Ի դեպ, Թուրքիայի խորհրդարանը նախօրեին հավանություն է տվել Ադրբեջան զորք ուղարկելու մասին նախագահ Ռեջեփ Էրդողանի հրամանագրին: Փաստաթուղթը ենթադրում է Թուրքիայի զինված ուժերի զինծառայողներին Ադրբեջան ուղարկել մեկ տարի ժամկետով:

Հավելենք, որ նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված հայտարարությունով Շուշիի հանձնումն Ադրբեջանի վերահսկողության տակ բուռն քննադատության եւ քննարկումների առիթ էր դարձել։

Ն. Հ.

 

 

ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄ

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը ազատման դիմում է ներկայացրել։ Հիշեցնենք նաեւ, որ Մովսես Հակոբյանը գլխավոր ռազմական տեսուչ էր նշանակվել հեղափոխությունից հետո՝ անցած տարվա մայիսի 24-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Մինչ այդ նա զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Իսկ ավելի վաղ երկար տարիներ ղեկավարել է Արցախի պաշտպանության բանակը: Հավելենք, որ նա առաջիկայում պատրաստվում է մամուլի ասուլիս տալ եւ պատասխանել բոլոր հարցերին:

 

 

ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ռուսաստանից եւ Թուրքիայից զինվորականները կմասնակցեն Լեռնային Ղարաբաղում «հայերի եւ ադրբեջանցիների անվտանգության ապահովմանը»: Նրա խոսքով՝ տարածաշրջանի բոլոր երկրներն աջակցել են ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների համատեղ հայտարարությանը: «Մեր բոլոր հարեւաններն աջակցություն են հայտնել: Մեր հարեւաններից երկուսը՝ Ռուսաստանը եւ Թուրքիան, կմասնակցեն ադրբեջանցիների եւ հայերի անվտանգության ապահովման հարցով գործողություններին»,-ասել է Ալիեւը Բաքվում Նիդերլանդների նոր դեսպանի հետ հանդիպման ժամանակ:

 

 

ԴՐԱԿԱՆ ԴԻՆԱՄԻԿԱ

Հայաստանում կորոնավիրուսի թվերի հետ կապված դրական դինամիկա է նկատվում, սակայն առողջապահական համակարգը շարունակում է լարված գործել: «Ամեն դեպքում հերթի մեջ եղած մեր քաղաքացիների թիվը մեծ է: Այսօրվա տվյալներով` հոսպիտալացման հերթի մեջ ունենք 375 քաղաքացի: Նրանցից շատ ծանրը 25-ն են: Հավանաբար կկարողանանք նրանց օրվա մեջ հոսպիտալացնել: Ասեմ, որ օրեր առաջ հերթում սպասողների թիվը 800-ից ավելին է եղել, ինչպես տեսնում ենք, այստեղ եւս նվազում կա: Այո, տարբեր ցուցանիշներում նվազում նկատվում է, սակայն հոսպիտալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը չի թուլանում: Ծանր դեպքերը երկար են պառկում, շաբաթներ են տեւում, համակարգի վրա դեռ թեթեւություն չենք զգում»,-ասել է Ա. Թորոսյանը:  Նախարարի խոսքով՝ այս դրական դինամիկան նույնպես հարաբերական է: Արդեն քանի օր է՝ բացվել են կրտսեր դասարանները, երեխաները հաճախում են դպրոց, ինչ-որ մի փուլում կարող են գնալ միջին, ավագ դպրոցի բացմանը, որը հավելյալ ծանրաբեռնվածություն է:

 

 

 

ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԸ ԶԳԱՅՈՒՆ Է

Մոսկվան հույս ունի, որ Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակի քննարկումը մերժելը տարածաշրջանում հակամարտության նոր ալիք չի սադրի. այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն: «Հույս ունենք, որ դա չի հանգեցնի նոր ալիքի»,-ասել է նա: Հարցին, թե արդյոք ԼՂ կարգավիճակի մասին հարցը լուծելու որեւէ մոտավոր ժամկետ կա, դիվանագետը բացասական է պատասխանել: «Ոչ, ժամկետներ չկան»,-ասել է Ռուդենկոն՝ հավելելով, որ կարգավիճակի հարցը շատ զգայուն է:  Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանում ընթացող բողոքի ցույցերն իրավիճակի ապակայունացման չեն հանգեցնի Լեռնային Ղարաբաղում եւ չեն սպառնա երեք երկրների ղեկավարների միջեւ տարածաշրջանի վերաբերյալ ստորագրված համաձայնագրի դրույթների իրագործմանը. հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: «Հույս ունենք, որ Հայաստանում իրադարձությունները իրավիճակի ապակայունացմանը չեն հանգեցնի, ինչն այդ թվում կսպառնա ստորագրված հայտարարությանը»,-ամփոփել է նա:

 

 

ՆՎԱԶՄԱՆ ՄԻՏՈՒՄ

Անհայտ կորած համարվող անձանց ցուցակն ունի նվազման միտում.  այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝պատասխանելով «Իմ քայլը»-ից Նազելի Բաղդասարյանի հարցին: Պատգամավորը հետաքրքրվել է անհետ կորածներով,  նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքներով: Բաղդասարյանի կարծիքով՝ փոխհատուցում ստանալու համար համապատասխան հիմնադրամի շահառու դառնալու գործընթացը բավականին երկարատեւ է՝ կապված այդ անձանց անհայտ կորած ճանաչելու հետ:

Դավիթ Տոնոյանը հիշեցրել է, որ ՊՆ-ում ստեղծված է հանձնաժողով, որը շատ սերտ աշխատում է ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ արդեն ՌԴ-ի խաղաղապահ կոնտինգենտի հետ: «Լայնածավալ աշխատանքներ են կատարվում նաեւ ճշգրտման առումով: Անհայտ կորածների ցուցակն այս պահին ունի նվազման միտում, քանի որ ճշգրտումների արդյունքում պարզվում է, որ այդ ցուցակներում հայտնվում են բավականին շատ մարդիկ, որոնք ողջ-առողջ են, ուղղակի հաշվառման առումով սխալ է եղել»,-ասաց նախարարը: Անդրադառնալով անհայտ կորածների ընտանիքներին տրամադրվող սոցիալական երաշխիքներին՝ Տոնոյանն ասել է, որ ՊՆ-ն հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, սակայն կլինեն նաեւ որոշակի շտկումներ:

 




Լրահոս