Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմից պաշտպանության համար ռազմական գործողություններին մասնակցության նպատակով մեծ թվով անձանց տարբեր զինատեսակների և ռազմամթերքի տրամադրումը լուրջ վտանգներ է ստեղծել ռազմական գործողությունների ավարտից հետո դրանց ապօրինի շրջանառության համար: Վերջինիս վկայությունն են Արցախից դեպի Հայաստան ապօրինաբար զենք և ռազմաթերք տեղափոխելու բազմաթիվ դեպքերը, դրանցով հարուցված մի քանի տասնյակ քրեական գործերը։
Ռազմական գործողությունների ավարտից հետո Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները, դրանց հետ կապված հանցագործությունները, հրապարակային ելույթներում, այդ թվում նաև 2020թ դեկտեմբերի 5-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում կազմակերպված հավաքում հնչեցված՝ որոշակի գործողություների անխուսափելիության կամ թույլատրելիության մասին դիրքորոշումներով համեմված հայտարարությունները, ստեղծում են զենքի ապօրինի գործադրմամբ հանցավոր դրսևորումների ռիսկեր և դրանով պայմանավորված՝ քաղաքացիների, այդ թվում նաև զանգվածային հավաքներին մասնակցող, կյանքի և առողջության պաշտպանությանը, հասարակական կարգին սպառնացող վտանգներ:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր գրություններ է հասցեագրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին և ՀՀ ոստիկանության պետին՝ անհապաղ ձեռնարկելու անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ զենքի ապօրինի շրջանառության դեպքերը, դրանց գործադրմամբ, ինչպես նաև հնարավոր նախապատրաստվող՝ բռնությամբ զուգորդված հանցագործությունները նախականխելու, կանխելու և բացահայտելու, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ակտիվացնելու ուղղությամբ։
Միևնույն ժամանակ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված տեղեկությունների համաձայն՝ մի շարք իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար պաշտոնյաներ ենթակա աշխատակիցներին համոզելու, նյութապես շահագրգռելու, իսկ որոշ դեպքերում՝ նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով պարտադրում են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված հավաքներին:
Այդ կապակցությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում տուրք չտալ գործատուների նման անօրինական պահանջներին և տեղեկացնում, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որևէ հավաքի։
Մանրամասները՝ տեսանյութում