«Տեղանքի իմացությունը նրան հնարավորություն է տվել անտառում թաքստոց գտնել». ինչպես են 61 օր գոյատևել հայտնաբերված հայրն ու որդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 քաղաքացիական անձինք՝ հայր և որդի Միքայել ու Գեղամ Պետրոսյանները, 61 օր գոյատևել են անտառում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Նրանք Հադրութի բնակիչներ են: Որդին՝ Գեղամ Պետրոսյանը, հմուտ որսկան է: Տեղանքի իմացությունը նրան հնարավորություն է տվել անտառում թաքստոց գտնել և այնտեղ տեղափոխել նաև հորը: Գեղամը պատմել է, որ անձամբ լավ գիտեր Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքի անվտանգ ճանապարհը, սակայն հայրը տեղաշարժման խնդիրներ ուներ: Ուստի ստիպված են եղել անտառային թաքստոցում պատսպարվել և սպասել փրկարարներին: Այս ընթացքում գոյատևելու համար որդին կարողացել է մոտակա գյուղ հասնել՝ սնունդ՝ մասնավորապես պահածոներ, հայթայթելու համար»,-մանրամասնեց Թադևոսյանը՝ հավելելով, որ ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել են Ստեփանակերտ և այժմ բժիշկների վերահսկողության տակ են:

Արցախի փրկարար ծառայության տեղեկատվությամբ՝ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 21-ին գտնվել են ողջ մնացած 2 քաղաքացիական անձինք: Ըստ այդմ՝ նոյեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից ընդհանուր առմամբ, ողջ հայտնաբերվել է 9 անհետ կորած. յոթը եղել են զինծառայող, նրանցից 1-ը նոյեմբերի 14-ին հայտնաբերվել է Շուշիի տարածքից:




Լրահոս