Պաշտոնական Բաքուն Լեռնային Ղարաբաղում եւ հարակից շրջաններում գտնվող մշակութային ժառանգության պահպանության հարցում պատրաստ է համագործակցել ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հանդեպ ցուցաբերված հարգանքի պարագայում. մի քանի շաբաթ տեւած լռությունից հետո ադրբեջանական իշխանությունները նախօրեին այսպես արձագանքեցին ՄԱԿ-ի կազմում գործող մշակութային, կրթական եւ գիտական հարցերով զբաղվող հեղիանակավոր կազմակերպության՝ Լեռնային Ղարաբաղ փորձագիտական առաքելություն ուղարկելու առաջարկին։ «Ադրբեջանը պատրաստ է առաքելության մանրամասների վերաբեյալ ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ կառուցողական երկխոսություն ծավալել՝ երկխոսություն, որ հիմնված կլինի Ադրբեջանի ինքիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջագայնորեն ճանաչված սահմանների հարգման սկզբունքի վրա», – նշված է երեկ Ադրբեջանի արտգործնախարարության կողմից տարածած հայտարարության մեջ։
Այսպիսով, պաշտոնական Բաքուն արձագանքեց UNESCO-ի գլխավոր քարտուղարի՝ մշակութային հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի՝ երկու օր առաջ հրապարակած հայտարարությանը, որով ՄԱԿ-ի պաշտոնյան ադրբեջանական իշխանություններին մեղադրում էր հարցը արհեսականորեն ձգձգելու մեջ։
«Մենք մի քանի անգամ դիմել ենք Ադրբեջանի իշխանություններին, սակայն ապարդյուն։ Ամեն մի անցնող շաբաթ ավելի է դժվարացնում մշակութային ժառանգության վիճակի գնահատումը նաեւ եղանակային պայմանների պատճառով. չէ՞ որ առաջիկա շաբաթներին դրանք գնալով վատթարանալու են,-հայտարարում էր ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը՝ հավելելով:- Հնարավորությունների այն պատուհանը, որ բացվել է կրակի դադարեցման շնորհիվ, չպետք է փակվի։ Մշակութային ժառանգության պահպանությունը հարատեւ խաղաղության հաստատման պայմաններից մեկն է, այդ իսկ պատճառով մենք ակնկալում ենք, որ Բաքուն անհապաղ կերպով կպատասխանի մեր առաջարկին, որպեսզի վերջին շաբաթների կառուցողական բանակցությունները վերածվեն գործուն քայլերի»:
Բաքվի պատասխանից, սակայն, դժվար է ենթադրել, որ մոտ ապագայում ՄԱԿ-ի փորձագետներին հնարավորություն կտրվի ժամանել հակամարտության գոտի։ Ադրբեջանի ԱԳՆ առաքելության մեկնարկին խոչընդոտող պատճառների մի ողջ ցանկ է ներկայացրել՝ վերը հիշատակված վատ եղանակից ու բարդ տեղանքից մինչեւ Լեռնային Ղարաբաղին հարող շրջաններում ականների առատությունը։
Բացի այդ, Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը նախօրեին հրապարակած հայտարարությամբ կոչ է անում ՅՈւՆԵՍԿՕ-ին «չքաղաքականացնել մշակութային ժառանգության պաշտպանության թեման, առաքելությունն իրականացնել ինքնուրույնաբար եւ անկողմնակալ»։ Հիշեցնենք, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները ղարաբաղյան հակամարտության գոտում գտնվող մշակութային արժեք ներկայացնող օբյեկտների նախնական գույքագրման առաջարկով հանդես էին եկել ավելի քան մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 20-ին։
Դեկտեմբերի 10-ից 11-ն էլ Հաագայում կայացել էր Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի նիստը, որի մասնակիցներն էլ հենց առաջ էին քաշել Լեռնային Ղարաբաղ հատուկ փորձագիտական առաքելություն ուղարկելու գաղափարը։
Հայաստանի արտգործնախարարության՝ կոմիտեի կողմից կայացրած այս որոշման նախաձեռնողներից մեկը պաշտոնական Երեւանն էր։ «Նախաձեռնությունն արժանացել էր նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լիակատար հավանությանը», – հայտարարում են ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները։
ԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐ
Ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երեւանում բնակվող 19 եւ 27 տարեկան երկու երիտասարդ մայրաքաղաքում եւ Արարատի մարզի մի շարք գյուղերում գողություններ են արել։ Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո՝ դեկտեմբերի 15-ին, կասկածվողները բերման ենթարկվեցին ոստիկանության Մասիսի բաժին: Պարզվել է, որ նրանք դեկտեմբերի 9-ին՝ ժամը 2-ի սահմաններում, լինգով բացել են Երեւանի Կոմիտասի պողոտայում տեղադրված սրճեփ սարքի դուռը եւ հափշտակել մետաղադրամ ընդունող սարքը մետաղադրամներով: Նույն օրը Գեղանիստ գյուղում էին սրճեփ սարքից գողություն արել։ Գեղանիստի մեկ այլ փողոցում, նաեւ Հովտաշատ գյուղում տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել էին կոտրել սրճեփ սարքերի դռները, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ գործն ավարտին հասցնել չէր հաջողվել: Ձեռնունայն չվերադառնալու համար Հովտաշատի շուկայից գյուղմթերք էին հափշտակել։ Հարուցվել է քրեական գործ։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։
ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի 18-ամյա բնակիչը, 2020թ. ապրիլի 6-ին՝ հոր՝ շուկա մեկնելուց հետո, ծնողների սենյակից ձայներ է լսել: Ներս մտնելով՝ տեսել է մորը համագուղացու հետ եւ խոհանոցից վերցնելով դանակը՝ հետ է վերադարձել եւ ննջասենյակից փախչելու պահին, ուղղակի դիտավորությամբ դանակով հարվածել է համագյուղացու մեջքին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է, որ հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության հետ կապված շահարկումները՝ հարկ է համարում հատուկ պարզաբանում անել:
«1) Եթե ինչ-որ մեկը, ով չունի որեւէ պաշտոն կամ օժտված չէ պետաիշխանական լիազորություններով, ու այդ անձը սպառնում է մեկ այլ կոնկրետ պաշտոնատար կամ ոչ պաշտոնատար անձի կամ բռնություն է գործադրում նրա նկատմամբ, ապա սպառնալիք տվողին կամ բռնություն գործադրողին քրեական կամ այլ տեսակի պատասխանատվության ենթարկելը, նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը, նրան ձերբակալելը կամ կալանավորելը կամ քաղաքացիների պատասխանատվության ենթարկելու նպատակով նրանց արարքներին իրավական որակումներ տալը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը չէ:
Նշվածի համար ինչպես մեր, այնպես էլ ցանկացած այլ պետությունում գոյություն ունեն իրավապահ մարմիններ ու դատարաններ: Այսինքն՝ այդ հարցերը գտնվում են, օրինակ, ոստիկանության, քննչական մարմինների կամ դատախազության կամ դատարանի իրավասության ներքո:
Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող կատարել նրանց գործը:
Այլ հարց է, թե շահարկողներն այդ մարմիններին ինչու չեն դիմում, կամ այդ մարմիններն ինչով են զբաղված, եթե առաջ են եկել նրանց իրավասության առնչվող հիմքեր: Իսկ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունն առաջ է գալիս այն ժամանակ, երբ, օրինակ, կոնկրետ դեպքով (ասենք՝ ինչ-որ մեկը հրապարակային կամ ոչ հրապարակային սպառնացել է մեկ այլ անձի կամ բռնություն է գործադրել) քաղաքացի-քաղաքացի հարաբերությունները տեղափոխվում են պետություն-քաղաքացի կամ քաղաքացի-պետություն հարթություն, օրինակ՝ քաղաքացին դժգոհում է, որ իրավապահ մարմինները պատշաճ չեն քննում իրեն տրված սպառնալիքներին վերաբերող գործը կամ թույլ են տալիս խախտումներ կամ առհասարակ հրաժարվում են քննությունից։
2) Քանի որ Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթն է նաեւ երկրում մարդու իրավունքների համակարգի կատարելագործմանը, համերաշխության մթնոլորտին նպաստելը, մարդու իրավունքների համար բոլոր խնդրահարույց հարցերին Պաշտպանն անդրադառնում է նաեւ համակարգային, ինստիտուցիոնալ մակարդակում՝ առանց մասնավոր անձանց կոնկրետ արարքներին իրավական գնահատականներ տալու, ու դա արվում է միշտ՝ բացառելու համար իրավունքի որեւէ հնարավոր խախտում: Օրինակ՝ այս հայտարարությամբ առկա է մանրամասն անդրադարձ վիրավորանքներին ու ատելությանը երեկվա զանգվածային միջոցառումներին ընդառաջ:
Ուստի հորդորում եմ մանրամասն ուսումնասիրել իրավապահ մարմիններին ու դատարաններին վերաբերող իրավական կանոնները, մեր երկրի Սահմանադրությունը, ինչպես նաեւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը եւ Հայաստանի միջազգային պայմանագրերը»,- նշել է Թաթոյանը եւ հավելել՝ շահարկումների մյուս մասին առավել մանրամասն կանդրադառնան օրվա ընթացքում: