Պատերազմի հետեւանքները փշրեցին բարեփոխումների հույսերը Հայաստանում, որը Լեռնային Ղարաբաղում բախվեց ադրբեջանական ռեժիմի հետ։ Բռնապետական պետությունների կողմից ռազմական ուժի կիրառումը, որը ժողովորդավարական նորմերի համաշխարհային քայքայման ախտանիշներից է, արձանագրվեց նաեւ Լեռնային Ղարաբաղում անցյա տարի. փաստում է հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը աշխարհում ժողովրդավարության զարգացման եւ ազատությունների մասին իր տարեկան զեկույցում։
Անցյալ տարի Freedom House-ը Հայաստանում ժողովրդավարացման առումով լուրջ առաջընթաց է արձանագրել, այս տարի կառույցը փորձում է ցույց տալ, թե ինչպես է պատերազմը վտանգում ժողովրդավարությունը՝ որպես օրինակ բերելով Հայաստանը, նկարագրելով Ալիեւի ռեժիմի սանձազերծած պատերազմի բացասական հետեւանքները Հայաստանում ժողովրդավարական զարգացումների վրա։
Freedom House-ը շեշտում է, որ, առհասարակ, աշխարհում ավտորիտար կառավարման ընդլայնումը շոշափելի ազդեցություն է ունեցել մարդու կյանքի եւ անվտանգության վրա, այդ թվում՝ քաղաքական վեճերը ռազմական ճանապարհով լուծելու հաճախակի դարձած դեպքերը։
Իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցնում է, որ անցյալ տարի Ադրբեջանի առաջնորդը իր բռնապետ հարեւան Թուրքիայի աջակցությամբ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղում՝ ապակայունացնելով տարածաշրջանը։ Զեկույցի հեղինակները նկատում են, որ պատերազմը դադարեցնելու հարցում բացակայում էր միջազգային մասնակցությունը. «Պատերազմը դադարեց Մոսկվայի խաղաղապահ առաքելության միջոցով, որն ամրագրեց Ադրբեջանի տարածքային ձեռքբերումները, սակայն անպատասխան թողեց բազմաթիվ հարցեր»,- փաստում է իրավապաշտպան կազմակերպությունը։
Հակամարտությունը, նախագահ Իլհամ Ալիեւի իշխանությունը ամրապնդելուց բացի, նաեւ սպառնում է ապայակունացնել Հայաստանի կառավարությունը, վտանգում 2018 թվականից ի վեր ժողովրդավարության ոլորտում գրանցված ձեռքբերումները, որոնց արդյունքում, ինչպես հիշեցնում է իրավապաշտպան կառույցը, Հայաստանում հաստատվել էր բարեփոխումների տրամադրված կառավարություն։ «Պատերազմում Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիան, սակայն, բուռն արձագանք հարուցեց ընդդիմախոսների շրջանում, որոնք անցյալ նոյեմբերին հարձակվեցին խորհրդարանի շենքի եւ խորհրդարանի խոսնակի վրա»,- ասվում է զեկույցում։ «Նման անկարգությունները սպառնում են երկրի՝ դժվարությամբ ձեռք բերված առաջընթացին եւ կարող են այնպիսի իրադարձությունների շղթա հրահրել, որոնք Հայաստանը կմոտեցնի բռնապետական միտումներ ունեցող իր հարեւաններին»։
«Ազատությունն աշխարհում-2021» զեկույցի վարկանիշային աղյուսակում Հայաստանը շարունակում է դասվել մասամբ ազատ երկրների թվին՝ վաստակելով 55 միավոր հնարավոր 100-ից։ Տարածաշրջանում իր ցուցանիշներով Հայաստանը գերազանցում է անազատ Ադրբեջանին, սակայն զիջում է մասամբ ազատ մյուս հարեւանին՝ Վրաստանին։
Ի դեպ, ի տարբերություն Ադրբեջանի, որն ընդամենը 10 միավոր է վաստակել քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների չափման գործընթացներում, Լեռնային Ղարաբաղը կազմակերպության կողմից գնահատվել է մասամբ ազատ՝ վաստակելով 35 միավոր։
Անդրադառնալով աշխարհում ազատությունների մակարդակին՝ Freedom House-ը շեշտում է, որ 2006 թվականից ի վեր ոչ ազատ երկրների թիվը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա, հետընթաց են արձանագրել աշխարհի ավելի քան յոթ տասնյակ երկրներ, որոնց բաժին է հասնում մոլորակի բնակչության շուրջ 75 տոկոսը:
Ն.Հ.
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ
Արցախի Մարտունու շրջանի 27 հազար 133,1 հեկտար վարելահողերից 2020թ. 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության ներքո է անցել 15 հազար 792,1 հա-ը, որից 8 հազար 603,8 հա` վարելահող, 7 հազար 188,3 հա` պետպահուստային ֆոնդ, մշակված` 6 հազար 418.48 հա, եւ 250 հա` վարելահող, որտեղ ցանքս էր կատարվել: «Մինչեւ պատերազմը շրջանի առկա վարելահողերից մշակվում էր մոտ 22 հազար հեկտարը: Ներկայումս հակառակորդի վերահսկողության տակ է գտնվում 308,29 հա խաղողայգի, 230 հա նռան եւ 62,27 հա պտղատու այգի»,- մանրամասնել են Մարտունու շրջվարչակազմի գյուղատնտեսության բաժնից: Մարտունու շրջանում պատերազմի ընթացքում հրետակոծության հետեւանքով սատկել է 578 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 872 գլուխ մանր եղջերավոր, 820 գլուխ խոզ, ինչպես նաեւ կորել է 792 գլուխ խոշոր եղջերավոր, 565 գլուխ մանր եղջերավոր անասուն: Պատերազմի ընթացքում Մարտունու՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված գյուղտեխնիկայի եւ գյուղատնտեսական սարքավորումների որոշակի քանակություն մնացել է հակառակորդի վերահսկողության տակ:
ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է
ՀՀ վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վարազդատ Կարապետյանն ազատվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առեւտրական կցորդի պաշտոնից։
ԸՆԴՈՒՆՎԵԼ Է
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ միաձայն ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր նշել: ««Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 115 կողմ ձայն: Նախագծի հեղինակը նախապես առաջարկել էր որպես ազգային փոքրամասնությունների օր նշել սեպտեմբերի վերջին շաբաթ օրը: Սակայն նկատի ունենալով, որ ամեն 7 տարին մեկ այդ օրը կարող է լինել սեպտեմբերի 27-ը՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրը՝ Բաքոյանն առաջարկել է հոկտեմբերի առաջին կիրակին նշել որպես ազգային փոքրամասնությունների օր:
ԿԱՆԽՎԵԼ Է
Երեկ ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ փորձելով նետվել Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 26 շենքի տանիքից։ Քաղաքացի Մ. Խ.-ին (ծնված 1975 թ.) ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն, կանխվել է վերջինիս ինքնասպանության փորձը, քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։
ԻՏԱԼԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԿՈՉԸ
Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթղթին, որով կոչ է արվում անհապաղ վերադարձնել պատերազմի հետեւանքով ռազմագերի դարձած բոլոր անձանց: Համապատասխան բանաձեւը պատգամավորների պալատին ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Պյերո Ֆասինոն: Ինչպես ասվում է բանաձեւի տեքստում, այն կառավարությանը պարտավորեցնում է կոչ անել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, խրախուսել կողմերին կառուցողական կերպով ձգտել նպաստել տարածքների ականազերծմանը՝ կոչ անելով նրանց միմյանց տրամադրել ականապատ տարածքների քարտեզները: Կառավարությանը կոչ է արվում նաեւ ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում եւ Եվրոպական միության համապատասխան հարթակներում աջակցել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամբողջական կատարմանը: Ըստ բանաձեւի՝ Իտալիայի կառավարությունը նաեւ պետք է կոչ անի Մինսկի խմբի համանախագահին՝ աջակցելու կողմերի միջեւ բանակցություններին, որոնք միտված են տարածաշրջանում խնդրի վերջնական լուծմանը:
ԱԳՐԵՍԻՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
«Այդպիսի մտադրություն չունեմ»,- հայտնել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե հրաժարական տալու մտադրություն ունի արդյոք: Դիտարկմանը, որ իշխանական պատգամավորներն իրեն անընդհատ հարցեր են ուղղում իր՝ 2020-ի նոյեմբերի 15-ին արած կոչի վերաբերյալ, արդյոք տեսնում է իր դեմ ինչ-որ բան, ԲԴԽ նախագահն ասել է, թե պետք է վերլուծի տեղի ունեցածը, հետո կպատասխանի հարցին: Հարցին, թե ինչպես է գնահատում իմքայլականների՝ իր նկատմամբ վերաբերմունքը, Վարդազարյանն արձագանքել է՝ առնվազն ագրեսիվ, սակայն պատճառը չգիտի: Հիշեցնենք, որ Վարդազարյանը նշված օրը կոչով դիմել էր հայաստանյան դատավորներին` հորդորելով զերծ մնալ քաղաքական ճնշումներից ու ազդեցություններից։ «Այսօր, թերեւս, առարկայական ու վերջնական տրվելու է շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած եւ դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»,-նշել էր նա: