ԳՈՀԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ՝ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին ընթանում են «Արշալույս» խորագրով մենահամերգիս փորձերը, որը տեղի է ունենալու ապրիլի 7-ին: Համերգը նվիրված է լինելու բոլոր հերոսածին մայրերին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է  երգչուհի Գոհար Հովհաննիսյանը:

 

«Մենահամերգն անվանել ենք «Արշալույս», որովհետեւ ինչ էլ որ պատահի, միեւնույնն է, լույս տեսնելու ենք, եւ ես հավատում եմ մեր ազգի անպարտելի ուժին եւ ոգուն: Այս պահին միակ զբաղմունքս մենահամերգի հետ կապված աշխատանքներն են, քանի որ օրերն արդեն մոտենում են, իսկ պատասխանատվությունը շատ մեծ է: Ինձ համար շատ դժվար է նորից ապրելը. այսքան կորուստ տեսնելով՝ շատ դժվար է մտածել ապագայի մասին: Մեր հազարավոր անմեղ տղաներն իրենց թանկ կյանքը հենց այնպես չեն զոհել»,- ընդգծել է մեր զրուցակիցը:

Գոհար Հովհաննիսյանի խոսքով՝ մենահամերգին հրավիրվածների մեծամասնությունը զոհված զինծառայողների մայրերն են: Երգչուհին իր համերգի միջոցով ցանկանում է իր խոնարհումն եւ շնորհակալությունը հայտնել նրանց. «Լինելու են անակնկալներ, որոնց մասին այս պահին չեմ ուզում խոսել, միայն  մի բան կարող եմ ասել, որ ինձ հետ միայն դուետ այդ օրը կկատարի սիրված երգիչ Դավիթ Ամալյանը, ով նույնպես այս պատերազմի ընթացքում կորցրել է իր որդուն՝ մեր սիրելի Վարդանին: նա կարողանում է այդ ուժն իր մեջ գտնել, փորձել ապրել, ավելին ասեմ՝ իր ուժը փոխանցում է մեզ, որպեսզի կարողանանք հաղթահարել այս ցավն ու կսկիծը: Դավիթն ինձ համար համարվում է վեհ, իսկական հայ հոր սինվոլ»:

Երգչուհին մեզ հետ զրույցում անկեղծանալով  հայտնում է, որ դեռ չի կարողանում հաղթահարել պատերազմի թողած անդառնալի հետեւանքները: Նրա կարծիքով՝ վերքը դեռ թարմ է, եւ այն մոռանալ այնքան էլ հեշտ չի լինի:

«Երբ մեր տատերն ու պապերը պատմում էին իրենց նախնիների մասին, ինչպես են ենթարկվել ցեղասպանության, մենք մինչ այսօր հիշում եւ սարսափում ենք, մինչ այսօր գնում ենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ մեր արվեստի եւ երգերի մեջ էլ պահպանում ենք այդ պատմությունները: Իսկ հիմա ամեն ինչ այնքա՜ն թարմ է… Ես այս շրջանում միայն երազում եմ խաղաղության մասին, որպեսզի այլեւս երբեք պատերազմ չտեսնի ժողովուրդս»,-ասում է նա:

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ երգչուհին մեզ հետ զրույցում ընդգծում է, որ աշխատում է այս տարվա հետ կապված պլաններ չկազմել, իսկ ինչ վերաբերում է արտագաղթին, Գոհար Հովհաննիսյանը հավելում է, որ չի մտածում այլ երկրում ապրելու մասին, քանի որ նա շատ ամուր կանգնած է հայրենի հողի վրա:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԵՎՐԱՏԵՍԻԼՅԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

Բուքմեյքերները նշել են 2021 թվականի «Եվրատեսիլ»-ի հավանական հաղթողի անունը։ Փորձագետները կանխատեսում են, որ կհաղթի Մալտայի ներկայացուցիչ Դեսթինի Չուկունիերեն, որը հանդես է գալու «Je Me Casse» երգով։ Երկրորդ եւ երրորդ տեղը, ըստ փորձագետների կանխատեսումների, կզբաղեցնեն Շվեյցարիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները համապատասխանաբար։ Այս տարի Շվեյցարիան կներկայացնի երաժիշտ Ջոն Մուխարեմայը, որը հայտնի է նաեւ Gjon’s Tears բեմական կեղծանվամբ, Ֆրանսիան՝ Բարբարա Պրավին։ Փորձագետները կանխատեսնում են, որ Ռուսաստանը ներկայացնող Մանիժան կզբաղեցնի 13-րդ հորիզոնականը։ Ավելի վաղ պահանջել էին մրցույթից հեռացնել Վրաստանի մասնակից Տորնիկե Կապիանին։ Պատճառն արտիստի Facebook-յան հրապարակումներն են, որոնցում նա  անպարկեշտ ձեւով դիմել էր իր երգը քննադատած մարդականց։ Երաժշտական մրցույթը, որը 2020 թվականի  չեղարկվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, անց կկացվի Ռոտերդամում մայիսի 18-22-ը։

 

 

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ

Իտալական «Ռոման» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամբողջությամբ փոխել դարպասապահական գիծը: Հռոմեացիները պատրաստ են բաժանվել թիմի բոլոր 3 դարպասապահներից՝ Պաու Լոպեսից, Անտոնիո Միրանտեից ու Դանիել Ֆուզատոյից: «Ռոման» մտադիր է վերադարձնել 31-ամյա դանիացի Ռոբին Օլսենին, որը վարձավճարով հանդես է գալիս անգլիական «Էվերտոնում»: Մայրաքաղաքային ակումբը հետաքրքրված է «Ուդինեզեի» դարպասապահ Խուան Մուսոյի ծառայություններով: Տրանսֆերային ցուցակում են նաեւ Ալեքս Մերետը («Նապոլի») եւ Պյերլուիջի Գոլինին («Ատալանտա»):

 

 

ՀԱՐՁԱԿՎՈՂՆ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ Է

Բելգիական «Վեստերլոյի» հարձակվող Տուր Դիկսը մեկ ամսով ազատազրկվել է կարանտինի ընթացքում երեկույթ կազմակերպելու համար: Բելգիացի ֆուտբոլիստն Անտվերպենում գտնվող իր տուն է հրավիրել 14 հյուրերի, որոնցից չորսը ֆուտբոլիստներ են: Նրանք աղմկել են մինչեւ ուշ գիշեր, ինչի պատճառով հարեւանները դիմել են ոստիկանություն: 25-ամյա ֆուտբոլիստը տուգանվել է 800 եվրո, իսկ նրա հյուրերը՝ 400-600: Տուր Դիկսն ընդունել է իր մեղքը եւ չի բողոքարկի որոշումը: Հիշեցնենք, որ «Վեստերլոն» հանդես է գալիս Բելգիայի առաջին դիվիզիոնում:




Լրահոս