Armlur.am-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանի հետ, պարզելու համար, թե որքանով են իրական այն տեղեկությունները, որ ԲՀԿ այս ժամանակահատվածում ակտիվորեն պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ը ընտրություններին:
-Պարո′ն Գրիգորյան, մի քանի օր է՝ ձեր խմբակցության տարբեր գործընկերներ հայտարարում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է: Կարելի՞ է արդյոք ասել, որ ԲՀԿ-ում արդեն նախընտրական գործընթացները մեկնարկել են, և ԲՀԿ-ն պատրաստ է ընտրությունների:
-Քանի դեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով պաշտոնապես չի հայտարարել նախընտրական գործընթացների մեկնարկի մասին, խոսել նախընտրական գործողությունների մասին, ճիշտ չի լինի: Միևնույն ժամանակ, լինելով խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր ուժը, ԲՀԿ-ն չի կարող զերծ մնալ երկրում տեղի ունեցող գործընթացներից: Հայտարարվել է, որ պետության օրակարգում արտահերթ ընտրությունների անցկացումն է, և յուրաքանչյուր քաղաքական ուժ պատրաստվում է այդ գործընթացին: ԲՀԿ-ի դեպքում պատրաստվելը զուտ տեխնիկական-կազմակերպչական բնույթ է կրում, որովհետև ԲՀԿ-ն ունի երկար տարիների գործունեության փորձ և վաղուց ձևավորել է իր բոլոր ենթակառուցվածքները:
Ինչ վերաբերում է կուսակցության վարչապետի թեկնածուին, ապա մենք առիթ ունեցել էինք նախապես հայտարարելու, որ ԲՀԿ-ն մասնակցելու է միայնակ՝ առանձին ցուցակով և այո՛, մեր կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն է:
Սոնա Գրիգորյան