ArmLur.am-ը զրուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որը վերաբերում էր բուհերի շենքերի վաճառքին ու ակադեմիական քաղաք կառուցելուն:
-Դուք կուզեի՞ք, որ Երեւանի պետական համալսարանի շենքը վաճառքի հանվեր:
-Ոչ:
-Իսկ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը նման բան ասել: Ձեզ հետ չի՞ քննարկել:
-Ն. Փաշինյանը նման բան չի ասել:
-Ասել է:
-Չի ասել: Նոր օրենքով Երեւանի պետական համալսարանն ունի հատուկ կարգավիճակ, եւ որեւիցե մեկը Երեւանի պետական համալսարանի շենքի վաճառքի վերաբերյալ որեւիցե պաշտոնական միտք չի հնչեցրել:
-Արմավիրի մարզում Ն. Փաշինյանը հնչեցրել է ակադիմիական քաղաք ստեղծելու միտք, իսկ պետական շենքերը, համալսարական շենքը կդրվեն վաճառքի, եւ այդ գումարը կօգտագործվի այլ նպատակներով:
-Նման բան ինքը չի ասել: Դուք ճիշտ չեք ընկալել: Իմ բառերով ես հպարտությամբ կրկնում եմ, որ Երեւանի պետական համալսարանի շենքը չի վաճառվում եւ չի վաճառվի: Երբե՛ք:
-Ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարի մասին ի՞նչ կասեք:
-Հրաշալի գաղափար է: Մնում է ցանկանալ, որ իրականություն դառնա:
-Նախադրյալներ կա՞ն արդեն: Սկսե՞լ եք ինչ-որ բան անել:
-Կա քաղաքական կամք: Հրաշալի գաղափար է, մնում է հաջողություն մաղթել, որպեսզի այն դառնա իրականություն:
-Դո՞ւք եք հուշել Նիկոլ Փաշինյանին ակադեմիական քաղաք ստեղծել:
-Ոչ:
-Իսկ ո՞ւմ գաղափարն էր:
-Չգիտեմ:
-Իսկ եթե ակադեմիական քաղաք կառուցվի, Երեւանի պետական համալսարանի շենքի ճակատագիրն ի՞նչ է լինելու:
-Երեւանի պետական համալսարանի շենքը մնալու է Երեւանի պետական համալսարանի շենք:
-Ակադեմիական քաղաքի մե՞ջ է մտնելու Երեւանի պետական համալսարանի շենքը:
-ԵՊՀ-ի շենքն իր տեղում մնալու է:
-Ասում են՝ թուրքական հյուրանոց է դառնալու: Կա՞ նման տեղեկություն:
-Ո՞վ է ասում: Ես Ձեզանից լսեցի:
-Մամուլում է շրջանառվում նման տեղեկություն:
-Ես առաջին անգամ Ձեզանից եմ լսում:
-Իսկ Դուք կո՞ղմ կլինեք, որ ԵՊՀ-ի շենքը այլ կարգավիճակ ստանա: Օրինակ՝ ԵՊՀ չլինի, այլ ժամանցային հյուրանոց:
-Ոչ, կողմ չեմ լինի: Ես ասուլիսի ժամանակ այդ մասին ասել եմ:
-Ինչո՞ւ Երեւանի պետական համալսարանի շենքը չի մտնելու ակադեմիական քաղաքի մեջ:
-Ես նման բան չեմ ասել: ԵՊՀ ու, ընհանրապես, համալսարանները մեծ կառույցներ են, որոնք կարող են ունենալ բազում մասնաշենքեր:
-Իսկ ակադեմիական քաղաքն ինչո՞վ է ձեւավորվելու, ի՞նչ կառույցներով:
-Երբ կձեւավորվի, այն ժամանակ կիմանաք:
-Նախագիծը կա՞ արդեն:
-Ոչ: Դա այսօր գաղափար է, որի իրականացման համար կա քաղաքական կամք:
-Երբ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում հայտարարեց ակադեմիական քաղաք ստեղծելու մասին, քննարկում ունեցե՞լ եք, խոսե՞լ եք՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է ստեղծեք նման ակադեմիական քաղաք: Ինչո՞ւ Ն. Փաշինյանը հիմա հայտարարեց նման բան ստեղծելու մասին:
-Կարծում եմ՝ պարոն Փաշինյանը կպատասխանի, իսկ առաջին մասով ասեմ, որ գործնական գործողություններ, ծրագրեր այդ գաղափարի իրականացման համար այս պահին դեռեւս չունենք: Ունենք գաղափարը, քաղաքական կամքը կա կառավարության կողմից: Իսկ արդեն հստակ գործողությունների մասին դետալներն այս պահին չեմ կարող ասել: Այս պահին որեւիցե ասելիք չկա, հենց լինի, դուք անմիջապես դա կիմանաք: Որեւիցե գաղտնիք կամ վարագույրի հետեւում խոսակցություններ, հատկապես՝ այս հարցում, գոյություն չունի:
-Խոսքը միայն ԵՊՀ-ի շենքի մասին չէ՞:
-Խորհուրդ կտամ այս հարցի վերաբերյալ բովանդակությունից խոսեք: Այստեղ որեւիցե արժեք չունի վաճառքի մասին խոսելը: Ես ասում եմ, որ այդ շենքերը չեն վաճառվում: Չկա նման բան:
-Ի՞նչ ճակատագրի կարժանա «Բարձագույն կրթության մասին» օրենքը:
-Իրավական ճակատագրի: Պրոցեսի մեջ է, կանխագուշակություններով չեմ զբաղվում:
-Ո՞րն է իրավական ճանապարհը: Հե՞տ է ուղարկվելու Ազգային Ժողով:
-Իրավական ճանապարհն այն է, ինչ ենթադրում է օրենքը: Գտնվում է նախագահի աշխատակազմում, սպասենք, տեսնենք՝ ինչ է լինելու:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԵՆ ԵԼՈՒՅԹԻՆ
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն անդրադարձել է երեկ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որտեղ նա անդրադարձել է Լեւոն Տեր-Պետրոսյանին: Մուսինյանը, մասնավորապես, գրել է. «Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթում նախագահ Տեր-Պետրոսյանին առնչվող «մտքերը» մեկնաբանելու լրագրողների հարցումներին ի պատասխան՝ հիշեցնեմ 2020 թվականի նոյեմբերի 30-ին Փաշինյանի նույնանման «մտքերին» Լեւոն Տեր-Պետրոսյանի տված գնահատականը: Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին:
Ինչ ուզում, թող դուրս տա: Միեւնույնն է, նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»:
Հիշեցնենք, որ իր այսօրվա ելույթում Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Դուք գիտեք, որ 2018-ի ամռանը առաջին նախագահի հետ հանդիպում է եղել, եւ կարող եմ գաղտնիք բացել, թե ինչ է ասել ինձ: Ասել է. «Հողերը արդեն պետք է տաս»: Իսկ ինչի՞ դիմաց, ինչի՞ համար, ինչպե՞ս: Առաջին նախագահի պատկերացումը այս շրջանակից դուրս չի եկել: Մնացածն արդեն գնահատման հարց է»:
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին արձագանքել է նաեւ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը: «Պատկերացնո՞ւմ եք, մարդը, ով ապականել է մեր ներկան, համարձակվում է խոսել ապագայից։ Միակ զգացողությունը, որ առաջացավ իշխանությունը կորցնողի խուճապահար այս ելույթը լսելիս, խղճահարությունն էր»,- նշել է Քոչարյանի գասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը:
ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ
ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի զինված ուժերի անձեռնմխելի պաշարներում պահպանվող սննդամթերքը կպահպանվի պահածոյացված վիճակում, ինչի համար մշակվել է պատերազմական ժամանակաշրջանի համար նոր չափաքանակներ, որում ձավարեղենը եւ մակարոնեղենը փոխարինվել են պահածոյացված պատրաստի ճաշատեսակներով: Բանն այն է, որ 2020 թվականին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում զինված ուժերի անձեռնմխելի պաշարներում պահպանվող ձավարեղենի եւ մակարոնեղենի խմբաքանակները դաշտային պայմաններում ճաշատեսակներ պատրաստելն անհնար է եղել՝ հաշվի առնելով ժամանակակից պատերազմական գործողությունների ինտենսիվությունը եւ բնույթը: Իսկ Պաշտպանության նախարարությունը, կարծես թե, այս խնդիրը լուծելու իր տարբերակն է գտել: Այսինքն՝ հնարավորություն կընձեռվի անձնակազմին օրվա հասանելիք սննդամթերքը հատկացնել անհատական փաթեթավորմամբ, իսկ տեղափոխման գործընթացը կիրականացվի ավելի արագ:
Բացի այս, անձնակազմին հատկացվող սննդատեսակների բազմազանությունը ապահովելու, կալորիականությունը բարձրացնելու նպատակով փոփոխություն է կատարվելու նաեւ հիմնական, օդաչուական, հոսպիտալային, սաների, մարտական հերթապահության չափաքանակներում:
ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
«Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությունը, թե անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որեւէ աղերս չունի»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության՝ ArmLur.am-ի հետ զրույցում ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն ասել է. «Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել։ Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը եւ ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը, եւ օգտագործելով իշխանական լծակները՝ հանրությանը մոլորության մեջ են մտցնում։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել եւ ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։ Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի եւ իշխանափոխության դեպքում։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել ողջ իրականությունը»։
ՍՏԱԽՈՍ ՀԻՎԱՆԴ
Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հայտարարություններին՝ ծաղրելով եւ նրան ասելով «7-րդ պաշտպանական շրջանի արծիվ»: Ի պատասխան ՀՀ վարչապետի հայտարարության՝ ArmLur.am-ի հետ զրույցում Մովսես Հակոբյանը միայն ասաց. «Նա ստախոս հիվանդ է, այդքանը կարող եմ ասել»: