Հրաժարականի դիմում եմ ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին. դատավոր Կարինե Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին.

«Ամիսներ շարունակ տևած գործընթացները իմ նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի և քրեական գործի շրջանակներում վերհանեցին դատական իշխանության կրողի առջև ծառացած այն խնդիրը, որ դատավորը միայնակ է դիմակայում ճնշումներին ու մարտահրավերներին, որովհետև մեկ ձայնի ստորագրությամբ, մեկ «անձ»-ի քվեարկությամբ ԲԴԽ-ն դատավորների անկախությունը երաշխավորող մարմնից վերածվել է օրենսդիր մարմնի արդեն նախկին իշխող ուժի տեղական նշանակության օղակի, դատավորներին պատժող ու զսպող կառույցի, որի «ղեկը» տրվել է սահմանադրական օրենքի պահանջների խախտմամբ ընտրված, տարիքը լրանալու հիմքով լիազորությունները վաղուց դադարած անձի:

Իրավական գործընթացների ամբողջ ընթացքում պահպանել եմ դատավորի զսպվածության և չեզոքության արգելքը:

Եվ չնայած որ այս պահի դրությամբ կարճված է իմ նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը և մերժված է կարգապահական վարույթը, ես կամ այլ դատավոր երաշխավորված չենք շարունակական ՙՙհետապնդումներիցՙՙ: Ասվածի ապացույցը քաղաքական հնչեղություն ունեցող գործերով դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների առկայությունն է:

Եվ քանի դեռ կան այդ գործընթացները, պայքարը շարունակվում է…

Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այն գործընկերներին, ովքեր իրենց բարոյական աջակցությամբ հավաստեցին իմ ընտրած ճանապարհի ճշմարտացիությունը:

Շնորհակալություն եմ հայտնում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր այն անդամներին, ովքեր չվարանացեին պաշտպանել իրենց գործընկերների խախտված իրավունքները»,-գրել է նա:




Լրահոս