Մարզպետի ու ՊՆ-ի հակասությունը. ինչ է կատարվել Գեղարքունիքի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ու ՀՀ Պաշտպանության նախարարությունը հակասում են իրար: Այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարել է, թե Գեղարքունիքի մարզի հատվածում պետական սահմանը պահպանվել է, լարվածություն չկա:

«Որոշ հատվածներում հակառակորդը տեղակայման պրոցես չէր արել, հիմա եղանակային պայմանները փոխվել են, տեղակայման պրոցես են անում, մեր Զինված ուժերն էլ հետևում են։ Ռելյեֆն այնքան բարդ է այնտեղ, որ հեշտ չի սահմանագիծը կողմնորոշվել, որպեսզի իրենք իրենց տեղակայման վայրերից առաջ չգան», – նշել էր Սանոսյանը:

Դրան զուգահեռ Պաշտպանության նախարարությունն է հայտարարություն տարածել՝ նշելով, որ մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Ստացվում է՝ մարզպետն ասում է պետական սահմանը պահպանվել է, եւ լարվածություն չկա, իսկ պաշտպանության նախարարությունն էլ խոսում է սադրանքի եւ ադրբեջանական կողմից դիրքային առաջխաղացում կատարելու ցանկության մասին:




Լրահոս