ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՆԱԽԱԳԻԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագրի եւ 2021-2025թթ.  գործողությունների պլանի նախագիծը:

 

Հաշվի առնելով բնակչության ֆինանսական ունակությունների զարգացման կարեւորությունը՝ դեռեւս 2014թ.  կառավարության հավանությանն են արժանացել ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը եւ 2014-2019թթ. գործողությունների ծրագիրը: Այս ընթացքում ռազմավարության ներքո տարբեր պետական, մասնավոր եւ հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվել են ֆինանսական կրթման մի շարք ծրագրեր դպրոցականների, ուսանողների եւ լայն հանրության համար։

2019թ. Կենտրոնական բանկն իրականացրել է «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատում» հետազոտությունը, որի արդյունքների հիման վրա 2020թ. Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման եւ իրագործման հանձնաժողովը կազմել է ֆինանսական կրթման ազգային ծրագիրը եւ 2021-2025թթ. գործողությունների նոր պլանը՝ «Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի» եւ Գերմանիայի կառավարության աջակցությամբ: Ռազմավարության իրականացման աշխատանքները համակարգել են ՀՀ կենտրոնական բանկը եւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը: Վերջինս պատասխանատու է ուսումնական հաստատություններում ֆինանսական կրթության համար: Հանձնաժողովում ընդգրկված ԿԲ-ն եւ մյուս  կառույցները պատասխանատու են ֆինանսական կրթման այլ ծրագրերի մշակման ու  իրականացման համար:

Նոր ծրագրի նախագծով ամփոփվում է ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագրի իրագործման առաջին փուլի ընթացքում գրանցված առաջընթացը, ինչպես նաեւ ներկայացվում են 2021-25թթ. տեսլականը եւ գործողությունների պլանը: Փաստաթղթում սահմանվում են ֆինանսական կրթության առաքելությունը, նպատակները, նպատակային ցուցանիշները, խնդիրները, ուղղորդող սկզբունքները, թիրախային խմբերը եւ նրանց ուղղված ծրագրերը, դրանց արդյունավետության գնահատման եւ ֆինանսավորման մոտեցումները։ Ֆինանսական կրթման ազգային ծրագիրը նախատեսում է մի շարք գործողությունների ծրագրեր. օգնել երկրի բնակչությանը, որպեսզի ձեռք բերեն գիտելիքներ, հմտություններ, ձեւավորել վերաբերմունք եւ վարքագիծ, որոնք անհրաժեշտ են անձնական ֆինանսներն առավելագույնս արդյունավետ կառավարելու համար:

«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը գործարկվել է 2014թ.-ին ՀՀ ԿԳՄՍ եւ ՀՀ ԿԲ-ի միջեւ համագործակցության արդյունքում:  Ֆինանսական կրթության թեմաները ներառվել են տարրական, միջին եւ ավագ դպրոցների չորս առարկաներում՝ «Մաթեմատիկա», «Ես եւ շրջակա աշխարհը», «Հանրահաշիվ» եւ «Հասարակագիտություն»: Մշակվել եւ հաստատվել են կրթական չափորոշիչներ, ծրագրեր ու այլ ուսումնական եւ ուսումնաօժանդակ նյութեր: 2017-2018 ուստարում պիլոտային ծրագիրն իրականացվել է 14 դպրոցներում: Ծրագրի արդյունավետությունը գնահատվել է ֆոկուս խմբերի միջոցով` ցույց տալով ծրագրի դրական ազդեցությունը:  Այդ արձագանքի հիման վրա 2018-2019 ուստարում մեկնարկել է ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը։ 2019թ. դեկտեմբերի դրությամբ ֆինանսական կրթություն է իրականացվել 685 դպրոցում՝ ընդգրկելով հանրակրթական ուսհաստատությունների շուրջ 50%-ը: Ընդհանուր առմամբ 220,000 աշակերտ ստացել է ֆինանսական կրթություն, իսկ 4,951 ուսուցիչ՝ վերապատրաստվել:

ՀՀ ԿԲ-ն համագործակցել է համալսարանների հետ՝ ապահովելու ուսանողներին ֆինանսական կրթության տրամադրումը: ԿԲ-ն վերապատրաստել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի մի շարք դասախոսների՝ այդպիսով հնարավորություն տալով նրանց ապահովել իրենց ուսանողների ֆինանսական կրթությունը: «Իմ ֆինանսների ամիս» եւ «Փողի միջազգային շաբաթ» ծրագրերի բազմաթիվ միջոցառումներ հիմնականում թիրախավորել են ուսանողներին։ «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի միջոցառումների շարքը ներառել է ֆինանսական բանավեճեր՝ Եվրոպական երիտասարդական պառլամենտի հետ համագործակցությամբ, ֆինանսական թեմաներով ինտելեկտուալ առաջնություն՝ «Հայ գիտնականների ասոցիացիայի» հետ համագործակցությամբ, եւ այլն:

2021-2025թթ. գործողությունների ծրագրի թիրախային խմբերն են աշակերտները, ուսանողները, գյուղական համայնքները, կանայք եւ ընտանիքները, միգրանտներն ու աշխատողները: Գործողությունների պլանը մշակելիս հաշվի են առնվել նախորդ ժամանակահատվածի ընթացքում քաղված դասերը եւ բազմակողմանի քննարկումները:

 

 

ՇԻՖԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը խորապես մտահոգված է ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի սահմանը հատելու մասին հրապարակումներով:

 

«Սա եւս մեկ վտանգավոր եւ սադրիչ գործողությունն է, որը կարող է հանգեցնել կյանքերի հետագա կորստի: Միացյալ Նահանգների համար ժամանակն է հասկանալու, որ մեր քաղաքականությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին քաջալերում է լարել ռազմական իրավիճակը՝ մեծացնելով եւս մեկ պատերազմի ռիսկը»,-սոցիալական ցանցի իր էջում գրել է Ադամ Շիֆը: Նա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ քննարկումների մեջ է եւ առաջարկել է առավել լայնորեն ներգրավվել Մինսկի խմբի ձեւաչափում, որն այժմ ավելի, քան երբեւէ, կարեւոր է: Կոնգերսականն ընդգծել է, որ Ադրբեջանն այս քայլերին դիմում է Պետդեպարտամենտի կողմից Ադրբեջանին ուղղակի օգնության սահմանափակումների մասին «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման անհիմն չեղյալ հայտարարումից ընդամենը օրեր անց: «Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը սովորաբար ներգրավվում է մարդու իրավունքների խախտումներում եւ ոտնահարում իր հարեւանների ինքնիշխանությունը»,- նշել է կոնգրեսական Շիֆը:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սեւ լիճ տեղանքում եւ հարակից տարածքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ խորացել մինչեւ 3,5 կիլոմետր՝ փորձ անելով պարփակել Սեւ լիճը: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս գործողություններն անհանդուրժելի են Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ դա ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Փաշինյանը գործողությունն իր էությամբ դիվերսիոն անցում է որակել:

 

 

 

267 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում մայիսի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 267 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 220217 դեպքի: Այս մասին  հայտնել են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1026974, վերջին մեկ օրում` 3723 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 8124 պացիենտ. մեկ օրում նվազել է 426-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 206752 անձ, վերջին մեկ օրում՝ 674 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 4291 է:

 

 

ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ՝ ՌԴ-ԻՑ

ՀՀ առողջապահության նախարարությունը տուլարեմիայի դեմ պատվաստանյութ ձեռք կբերի Ռուսաստանի Դաշնությունից: Ըստ հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետությունում պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված է իրականացնել պատվաստումներ տուլարեմիայի դեմ զորակոչային եւ նախազորակոչային տարիքի անձանց շրջանում, ինչպես նաեւ համաճարակաբանական ցուցումով: «Պատվաստանյութն արտադրվում է բազմադեղաչափ՝ 30, 35, 40, 45 եւ 50 դեղաչափ սրվակներով, որի արդյունքում պատվաստանյութի կորուստը լինում է բավականին բարձր՝ տարեկան միջին կորուստը կազմելով 50-60 տոկոս, քանի որ սրվակը բացելուց հետո պատվաստանյութը թույլատրվում է օգտագործել միայն երկու ժամվա ընթացքում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձանց պատվաստումները կազմակերպվում են միաժամանակյա անտեղի կորուստից խուսափելու նպատակով: Վերջին 3 տարիներին տուլարեմիայի դեմ պատվաստանյութի ձեռքբերման գործընթացում եղել են դժվարություններ, քանի որ պատվաստանյութի արտադրության հետ կապված առկա են որոշ առանձնահատկություններ: Մասնավորապես, շուկայում հայտնի է միայն մեկ արտադրող՝ Ռուսաստանի Դաշնության «Միկրոգեն» գիտաարտադրական միավորումը:

«Ըստ «Միկրոգեն» գիտաարտադրական միավորում» ԲԸ-ի կողմից ներկայացված գնային առաջարկի՝ տուլարեմիա պատվաստանյութի 1 դոզայի գինը կազմում է 109.15 ռուբլի (767.3 դրամ՝ մայիսի 13-ի փոխարժեքով- խմբ.), իսկ բոլոր ծախսերը եւ հարկերը ներառված` 875.11 ՀՀ դրամ»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

 

 




Լրահոս