Մեկ շաբաթ է՝ ադրբեջանական զինուժը երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի տարածք: Փորձենք ամփոփել, թե այս ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին կատարվող գործողություններին ինչպես է արձագանքել միջազգային հանրությունը:
Այսօր հինգերորդ օրն է, ինչ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ դիմելու մասին:
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարում եմ՝ միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ», – նշել էր նա:
ՀԱՊԿ-ին դիմելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից անցել է հինգ օր, սակայն դաշինքի անդամ-երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների և պաշտպանության ու արտաքին գործերի նախարարների խորհրդակցության մասին տեղեկություն չկա։
Ռուսաստանի հետ Հայաստանը կապված է նաև «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին», ինչպես նաև՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» դեռ 1997-ին ստորագրված պայամանագրերով։
ՀԱՊԿ արձագանքի փոխարեն երեկ արձագանքեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ասելով, թե ռուսական կողմը պատրաստ է օգնել երկու կողմերին էլ:
Ինչու է ուշանում ՀԱՊԿ արձագանքը եւ ինչ սպասել ռուսական կողմից: Այս հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Չեպայի հետ:
-Պարոն Չեպա, որն է Ձեր տեսակետը հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ:
-Առաջին հերթին պետք է ասել, որ միանշանակ է, որ հարցերը եւ առհասարակ բոլոր հարցերը, որոնք կապ ունեն սահմանների հետ, պետք է լուծվեն միայն բանակցությունների սեղանին: Այլընտրանք չկա, բոլոր հարցերը պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ եւ, բնականաբար, Ռուսաստանի Դաշնությունն այստեղ պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ մեկ անգամ է ասել եւ նման հայտարարություններ արել: Չպետք է թույլ տալ որեւէ պրովակիացիա որեւէ մեկի կողմից եւ այն պայմանավորվածությունները, որոնք նախկինում ձեռք են բերվել, պետք է միանշանակ կատարվեն: Չպետք է թույլ տալ, որ տանջվեն խաղաղ մարդիկ:
-Արդեն հինգերորդ օրն է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ-ին, սակայն մենք տեսնում ենք, որ որեւէ հետեւանք չկա: Ըստ Ձեզ, ինչո՞ւ:
-Ես չեմ կարող պատասխանել, թե ինչու է արձագանքն այսքան ուշանում: Կարող ենք եզրակացնել եւ այդպես եմ հասկանում, որ ինչ-որ բանակցություններ վստահաբար իրականացվում են այս հարցով: Միանշանակ է, որ հետագայում որեւէ սրացումներ չպետք է լինեն եւ հույս ունեմ, որ հարցը կկարգավորվի:
-Իսկ միայն հայ-ռուսական հարաբերությունների՞ տեսանկյունից: Ամեն դեպքում կան նաեւ երկկողմանի պայմանագրեր, որոնցով պետք է օգնություն լինի, սակայն մենք տեսնում ենք, որ ակտիվորեն արձագանքում է Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, այլ ոչ թե ՌԴ-ն: Ո՞րն է ի վերջո ՌԴ-ի տեսակետը:
-Այսպես, եւս մեկ անգամ ասեմ, որ ամեն ինչ պետք է կարգավորվի բանակցությունների շրջանակներում: Եվ այն տարածքները, որոնք անօրինական վերցվել են, պետք է ազատագրվեն, եւ ամեն ինչ պետք է վերադարձվի ստատուս-քվոյի:
-ՌԴ-ի դիրքորոշումը դա՞ է:
-Ես վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնությունն ամեն կերպ շահագրգռված է, որ կոնֆլիկտի ոչ մի էսկալացիա սահմանին չլինի:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան