Այսօր ԱՄՆ-ն զգուշացրել է իր քաղաքացիներին չգնալ Հայաստան, Արցախ եւ Ադրբեջան: Մասնավորապես, ԱՄՆ այս երկրների ճամփորդողների նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր՝ 4-րդ (կարմիր) մակարդակի եւ իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել այս երկրներ: Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսը, բայց զգուշացման մեջ խոսվում է նաեւ սահմանային լարվածության մասին։
Նկատենք՝ ԱՄՆ-ի կողմից այսպիսի հայտարարությունները պատահական չեն եւ հստակ մեսսիջ են պարունակում: Այսօրվա հայտարարությունից հետո տարբեր շրջանակներ վերհիշեցին ԱՄՆ-ի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 26-ին արված գրեթե նույնաբովանդակ հայտարարությունը, որից մեկ օր անց սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը: Այդ ժամանակ եւս Միացյալ Նահանգները կոչ արեց Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգոն լինել, զգուշություն ցուցաբերել և խուսափել ճամփորդություններից դեպի Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններ` լարվածության սրացման և բախումների պատճառով: Նույն թվականի հոկտեմբերին եւս տարբեր զգուշության կոչեր էին հնչում Բաքու կամ Ղարաբաղ այցելությունների մասով:
Իսկ որ դեպքում է առհասարակ ԱՄՆ-ն նման հայտարարություններ անում: Օրինակ 2018 թ. ԱՄՆ–ն իր քաղաքացիներին զգուշացրել է Թուրքիա չգնալ, քանի որ անհանգստացնում էր ահաբեկչության վտանգը: Թուրքիայում երկու տարի արտակարգ դրություն էր տիրում զինված հեղաշրջման փորձից հետո եւ ԱՄՆ-ն անհանգստանում էր, որ ահաբեկչական խմբավորումները մտադրված կերպով թիրախավորում են Արևմտյան երկրներից այցելող զբոսաշրջիկներին:
Իսկ օրինակ 2016 թվականի վերջին Ամերիկայի Միացյալ Նահանգներն իր քաղաքացիներին զգուշացրել էր եվրոպայում հավանական ահաբեկչական հարձակումների մասին՝ հորդորելով ամանորյա օրերին զգույշ լինել եւ ձեռնպահ մնալ եվրոպական երկրներ այցելություններից: Այսպիսի օրինակները բազմաթիվ եւ ամեն դեպքում նման հայտարարությունները պատահական չեն լինում:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.