Արդեն 12-րդ օրն է, ինչ ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Հայաստանի տարածքի՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հատվածներում եւ հեռանալ, կարծես թե, չեն պատրաստվում: Իսկ ինչ ունենք այս 12 օրերի ընթացքում:
Սյունիքում եւ Գեղարքունիքում իրավիճակը նույն է, վերջին երկու օրերին գրեթե ոչ մի փոփոխություն չի եղել։ Մարդկանց համար իրավիճակն արդեն սովորական է դարձել։
Հայաստանի պաշտպանության նախարարությունից թեև պնդում են, որ ադրբեջանցիները Հայաստանի զինված ուժերի վերահսկողության տակ են, այդուհանդերձ արբեջանցի երեք տասնյակ զինվորականների հաջողվել էր անցած շաբաթ կրկին հատել Հայաստանի Հանրապետության սահմանը՝ հայտնվելով Սև լճի տարածքում։
ՀՀ Պաշտպանության նախարարությունից երեկ հաղորդեցին, որ նրանց մի մասը վերադարձել է ելման դիրքեր՝ չմանրամասնելով, թե մասնավորապես խոսքը որ ուղղությունների մասին է։ Միևնույն ժամանակ, նախարարությունից հերքել են լրատվամիջոցներում շրջանառվող լուրը, թե Սև լճի տարածքում հազարից ավելի ադրբեջանցի կա:
Իսկ ահա բանակցությունները փաստացի փակուղում են հայտնվել, մայիսի 19-ին դրանք պետք է վերսկսվեին, սակայն, ինչպես հաղորդեց հայկական կողմը, ադրբեջանական կողմն այդ բանակցություններին չէր ներկայացել։ Եվ որևէ տեղեկություն բանակցությունների վերսկսման մասին պաշտոնական աղբյուրները այդպես էլ չեն հայտնում:
Սև լճի տարածքում մայիսի 20-ին նաև միջադեպ էր գրանցվել հայ ու ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ, վիճաբանությունը ծեծկռտուքի էր վերածվել: Պաշտպանության նախարարությունից հաղորդել էին՝ երկու կողմերն էլ վնասվածքներ են ստացել, 11 հայ զինծառայող բժշկական կենտրոն էր տեղափոխվել, ըստ ՊՆ-ի՝ հիմնականում թեթև վնասվածքներով:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին՝ ռազմական օգնության համար:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Ն.Հ.