Անկախ պատգամավորների նախագիծը՝ օրակարգում. ինչ են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 27-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նիստ է գումարելու: Նիստի օրակարգում ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախագիծն է. այն կոչվում է «Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների դեօկուպացիայի եւ արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ»:

Նախագծերի համահեղինակներն են նաև անկախ պատգամավորներ Աննա Գրիգորյանն ու Սոֆյա Հովսեփյանը: Վերջիններս ցանկանում են խորհրդարանի կողմից հայտարարության այսպիսի տեքստ ընդունել.

– 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը Արցախյան հիմնահարցի լուծում չէ, այլ՝ զինադադարի ռեժիմի պահպանման եւ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների խախտմամբ Արցախին պարտադրված հերթական պատերազմի արդյունքում ստորագրված հրադադարի հայտարարություն: Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակելու է մնալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթությունը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա: Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է Արցախի Հանրապետության համար ընդունելի տարբերակով հիմնահարցի լուծումը՝ բացառելով Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում,  երաշխավորելով Արցախի անվտանգության անհրաժեշտ մակարդակի ապահովումը, Արցախի հետ Հայաստանի հուսալի եւ անվտանգ ցամաքային կապը: Հայաստանը շարունակելու է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը՝ միաժամանակ կարեւորելով եւ գնահատելով Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության դերն ու նշանակությունը տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման գործում,

– Արցախի Հանրապետությանը Ադրբեջանի Հանրապետության պարտադրած պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը (օկուպացիա) որեւէ ազդեցություն չի կարող ունենալ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակի եւ սահմանների որոշման գործընթացի վրա,

– Ադրբեջանի Հանրապետության կողմից բռնազավթված` Արցախի Հանրապետության շրջանների դեօկուպացիան Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման, Արցախյան հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորման ուղղությամբ առաջանցիկ քայլերի իրականացման, հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման, բռնի, ինչպես նաեւ ներքին տեղահանված անձանց եւ փախստականների՝ իրենց բնակավայրեր վերադարձի ապահովման հրամայական է:




Լրահոս