«Փաշինյանն ապացուցեց, որ իսկապես քաղաքականությունից ոչինչ չի հասկանում». Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է Փաշինյանի հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարության առիթով գրառում է կատարել, որում ասվում է.

«Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Լևոն Տեր-Պետրոսյանը ձևակերպում է, որ Ղարաբաղի հարցով այս էր վիճակը, այն էր վիճակը, բայց ի վերջո չի ձևակերպում՝ Ղարաբաղի հարցի կարգավորման իր պատկերացումը որն էր, այսօր ո՞րն էր։ Իսկ պետք է հստակ ասել՝ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իր պատկերացումը հետևյալն էր, որ մենք պետք է Ղարաբաղը տանք ամբողջությամբ Ադրբեջանին և դրանով թեման համարենք փակված»:

Ի պատասխան այս առիթով լրագրողների հարցումներին, Առաջին նախագահի անունից հայտնում եմ.

Այս գրառմամբ Փաշինյանն ապացուցեց, որ իսկապես քաղաքականությունից ոչինչ չի հասկանում: Չի հասկանում ո՛չ իր ընդդիմախոսների և ո՛չ նույնիսկ դաշնակիցների, ինչպիսին է Ռուսաստանը, ուղիղ, շիտակ ասված խոսքերը: Ավելին, նա չի հասկանում անգամ, թե ինչում է մեղադրում Առաջին նախագահին, ասելով, թե վերջինս ուզում է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին: Մի բան, որ ինքն արդեն «փառավորապես» իրականացրել է՝ Ղարաբաղը ոտքով-գլխով հանձնել է Ադրբեջանին: Այսինքն՝ եթե Ռոբերտ Քոչարյանը Արցախին դուրս էր մղել ղարաբաղյան կարգավորման գործընթացում իրավահավասար կողմ լինելու կարգավիճակից, ապա Փաշինյանն այդ կարգավիճակից զրկել է նաև Հայաստանին: Հայաստանն այլևս այդ հարցում վճռական ձայնի իրավունք չունի:

Դա չի նշանակում, անշուշտ, որ մենք պետք է մեր ձեռքերը լվանանք Ղարաբաղի ճակատագրից: Հայաստանի միակ հնարավոր քայլը Ղարաբաղի բնակչության հումանիտար կարիքների բավարարումն է, ինչից բխում է, որ մենք պարտավոր ենք շարունակել արդեն տասնամյակներ Ղարաբաղին հատկացվող տնտեսական, ֆինանսական աջակցությունը և կանխել Ղարաբաղից արտագաղթի սպառնալիքը՝ շուտափույթ կերպով լուծելով պատերազմի հետևանքով դեռևս Հայաստանում ապաստանած տասնյակ հազարավոր ղարաբաղցիների իրենց հայրենի բնակավայրերը վերադառնալու հարցը»:




Լրահոս