ԱՂՄԿՈՏ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ օրը ցերեկով՝ ժամը 10։50-ի սահմաններում, Երեւանի կենտրոնում, երբ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ մի խումբ երիտասարդներ սրճում էին, իսկ մի խումբ երեխաների դաստիարակներ  ուղեկցում էին նրանց «Մոսկվա» կինոթատրոն, հնչեցին կրակոցներ:

 

Կրակոցները ուղղված են եղել երկու ավտոմեքենաների, որի հետեւանքով Land Crauser մեքենայի մոտ  սպանվել է  մոտ  50  տարեկան մի տղամարդ, երկրորդ մեքենան զրահապատ էր։ Ըստ դեպքի վայրում հավաքված իրավապահ մարմինների առաջ քաշած նախնական վարկածի՝ սպանված տղամարդը Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մտերիմ շրջապատից էր: Բանն  այն է, որ օրերս սպանվել էր վերջինիս եղբայր Արմեն Ասատրյանը՝ բոլորին հայտնի Լալան,  եւ մինչ օրս սպանությունը բացահայտված չէ։ Ու մինչ իրավապահները աշխատում էին  դեպքի վայրում,  ոստիկանության պետի տեղակալ Արամ Հովհաննիսյանը հանձնարարականներ էր տալիս ոստիկաններին, առգրավվում էին դեպքի վայրում առկա բոլոր տեսախցիկները, մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ  ցանկացել են սպանել հեղինակություն  Ռաֆայել Մարդոյանին՝  քյավառցի   Ռաֆոյին, սակայն ենթադրյալ մարդասպանը  վրիպել  է եւ  կրակել  է նրա թիկնապահի վրա, կամ էլ զրահապատ մեքենան փրկել է թիրախավորված Մարդոյանին, իսկ հետեւի մեքենան խոցելի է դարձել:

Մի քանի անգամ մահափորձ արել են

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Ռաֆայել Մարդոյանի նկատմամբ մահափորձ է իրականացվում: Դեռեւս 2018 թվականի հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի հայաշատ քաղաքներից մեկում՝ հենց մարդաշատ փողոցում, կրակոցներ էին արձակվել նույն Մարդոյանի կրծքավանդակի ուղղությամբ: Նրան ծանր վիրավոր վիճակում արագ տեղափոխել էին Բեւերլի Հիլզի հիվանդանոցներից մեկը, որտեղ կարողացել էին  փրկել նրա կյանքը:

Նույն մարդու նկատմամբ մի քանի տարի առաջ եւս մահափորձ իրականացվեց Հայաստանում, եւ, ըստ մամուլի հրապարակումների, պատվիրատուն Արտյոմ Կանեւսկոյն է եղել:

Ի՞նչ վարկածներ են քննում

Հայաստանի իրավապահ մարմինները  Երեւանի կենտրոնում սպանության  դեպքով  տարբեր վարկածներ են առաջ քաշում: Առաջին վարկածի համաձայն՝ ցանկացել են սպանել  հեղինակություն համարվող Ռաֆայել Մարդոյանին՝ քյավառցի Ռաֆոյին, սակայն չի բացառվում, որ նրա սպանությունը կապ ունենա Դոն Պիպոյի եղբոր՝ Արմեն Աաստրյանի սպանության հետ: Բանն այն է, որ  իրավապահ համակարգում վարկած են առաջ քաշում, թե քրեական աշխարհում բոլորը միմյանց հետ տարբեր հարցերով փոխկապակցված են, եւ չի բացառվում, որ այսօրվա սպանությունը Էջմիածնում օրերս տեղի ունեցած դեպքի շարունակությունն է:

Ո՞վ է պատասխանատու

Այս իրավիճակում առավել մտահոգիչ է մեկ հանգամանք. օրը ցերեկով Երեւանի կենտրոնում մարդ են սպանում , եւ իրավապահները անգամ չեն բացառում, որ այս սպանությունները մեկը մյուսի շարունակությունն է, սակայն  հնարավոր վենդետան կանխելու համար ոչինչ չեն արել կամ առնվազն արդյունավետ գործիքներ չեն կիրառել։

Ի՞նչ է մտածում Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի առաջին տեղակալը ոստիկանության բացթողման մասին:  Ստացվում է՝ թշնամին սահմանին մեր զինվորին է ծեծում, ցանկանում է մխրճվել մեր տարածք, իսկ երկրի ներսում օրը ցերեկով հայն է հային սպանում, իսկ իրավապահ համակարգը զբաղված է  առաջիկայում սպասվող ընտրություններով  կամ վարչապետի անվտանգությունը ապահովելով:

Եվ այս իրավիճակում հարց է առաջանում՝ կա՞ ապագա Հայաստանում, թե՞ ոչ:

Ավելի ուշ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կրակոցների հետեւանքով սպանվածը Վարդանյան Հովհաննեսն է: Նա 50 տարեկան էր՝ Գավառ քաղաքից:

Ք. Մ.

 

 

ԳՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ

Նախորդ տարվա հոկտեմբեր եւ այս տարվա փետրվար ամիսներին Գյումրու Մանուշյան եւ Թետչերի փողոցներում երկու գողություն էր կատարվել։ Ոստիկանության փոխանցմամբ՝ մի դեպքում մտել էին ավտոտնակ ու գողացել կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենայի լուսարձակները, ռադիատորը, «ABS» բլոկը, ավտոտնակից հափշտակել էին նաեւ մետաղյա ձողեր: Երկրորդ դեպքը բնակարանային գողություն էր։ Օգտվելով տանտերերի բացակայությունից՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին մուտքի դռան փականը եւ հափշտակել լվացքի մեքենա, շինարարական գործիքներ, սպասք եւ հագուստ: Հարուցվել է քրեական գործ։ Օպերատիվ հարցումների արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ են ստացվել, որ նշված գողությունները կատարել է Գյումրի քաղաքի Անտառավան 4-րդ թաղամասի 20-ամյա մի բնակիչ։ Նրան տանը հայտնաբերել չի հաջողվել։ Մայիսի 24-ին կասկածվողը Երեւան քաղաքի Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին։ Նա խոստովանել է ոչ միայն գողությունները կատարելու, այլեւ գողոնն իրացնելու փաստը։ 20-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

ՊՆ-Ն՝  ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվութունն է տարածել, ըստ որի՝ հունիսի 1-ի երեկոյան 40 հայ զինծառայող հատել է Ադրբեջանի սահմանը, ինչից հետո Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները «ստիպել են նրանց վերադառնալ ելման դիրքեր»։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը. «Ակնհայտ է, որ նմանատիպ ապատեղեկատվությունն ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը շրջանառության մեջ է դնում ՀՀ զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը սրելու փորձերի վերաբերյալ միջազգային հանրության շրջանում տպավորություն ստեղծելու եւ Ադրբեջանի ԶՈՒ կողմից մայիսի 12-ին եւ 13-ին Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցելու սադրանքը հակակշռելու նպատակով։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՀՀ զինված ուժերը ո՛չ հունիսի 1-ին եւ ո՛չ էլ դրան նախորդող օրերին Ադրբեջանի Հանրապետության սահմանը չեն հատել, եւ դրա վերաբերյալ բոլոր պնդումներն այդ երկրի պաշտպանական գերատեսչության կողմից տարածվող ապատեղեկատվություն են, որի ծավալը վերջին շրջանում էապես ավելացել է։ Մասնավորապես՝ օրեր առաջ էլ Ադրբեջանի ՊՆ-ն պնդում էր, թե հայկական կողմը կրակ է բացել ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ Շուշիի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա, ինչը հերքվեց համապատասխանաբար Հայաստանի պաշտպանական գերատեսչության եւ Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հրամանատարության կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդը՝ ծնված 1992 թվականի Վանաձոր քաղաքի Պարույր Սեւակի փողոցում գտնվող կիսակառույց շինության առաջին հարկում, պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել տասնվեց տարին չլրացած աղջնակի հետ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ  կետերով: Նրա նկատմամբ խափանման  միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին։

 

 

ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՎՆԱՍ Է ՊԱՏՃԱՌԵԼ

Հունիսի 1-ին Արցախի Հանրապետության ոստիկանության տնտեսական եւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը զեկուցագիր է ներկայացրել, որ ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Հադրութի շրջանի Առաքել եւ Հարթաշեն համայնքների ղեկավարները, հանդիսանալով պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, 2020 թվականի սեպտեմբերի 27֊ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Առաքել եւ Հարթաշեն համայնքների բնակիչներին ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված սոցիալական աջակցություն տրամադրելու գործընթացում շահառուների ցուցակներում փաստացի բնակության վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել, ինչի հետեւանքով պետությանը պատճառվել է էական նյութական վնաս։

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ ստուգմամբ զբաղվում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տնտեսական եւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։




Լրահոս