ԱՄՆ արտաքին օժանդակության 2022թ. ֆիսկալ տարվա բյուժեի նախագծի լսումների ժամանակ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները և հայկական հարցերով հետաքրքրված սենատորները, մասնավորապես, հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, Բարբարա Լին, Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը հունիսի 8-ին ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հարցեր են ուղղել՝ Սպիտակ տան վարչակազմի կողմից «907-րդ բանաձևի» կատարումից հրաժարվելու, Ադրբեջանին օժանդակություն տրամադրելու և հայ ռազմագերիների խնդիրների վերաբերյալ։ Բարձրաձայնվել են նաև Թուրքիայի՝ հարևան բոլոր տարածաշրջաններն ապակայունացնող քաղաքականության և այդ երկրում մարդու իրավունքների համատարած խախտումների, մասնավորապես, լրագրողների և իրավապաշտպանների ձերբակալությունների հարցերը։ Մենենդեսը հետաքրքրվել է, թե ինչ է անում Վաշինգտոնը՝ «էրդողանական Թուրքիային հակազդելու համար»։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից, լսումների ժամանակ հանձնաժողովի նախագահ, սենատոր Մենենդեսը մասնավորապես ասել է, որ ինքը հիասթափված է վարչակազմի կողմից «907-րդ բանաձևի» պահանջների հրաժարումից այն բանից հետո, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ Մենենդեսը նկատել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու և գերիներին անօրինաբար պահելու հետնապատկերի վրա, վարչակազմի կողմից «907-րդ բանաձևից» հրաժարումը, Բաքուն կարող է դիտել, որպես «կանաչ լույս՝ անպատիժ գործելու համար»։
««907-րդ բանաձևի» պահանջներից հրաժարվելու և Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման հարցերը բարձրացրեցին նաև Բրեդ Շերմանն ու Բարբարա Լին, վերջինս խնդիրը պետքարտուղարի հետ կքննարկի գրավոր ընթացակարգով։
Ի պատասխան հնչած դիտարկումների՝ պետքարտուղար Բլինքենը նշել է, թե բարձրացված հարցերը պետք է լինեն պետքարտուղարության ուշադրության տակ և, որ ինքն անձամբ աշխատել է գերիների վերադարձի և հակամարտության կարգավորմանն ուղղված գործնական բանակցությունների ուղղությամբ և փոքր ինչ առաջընթաց տեսնելու հույս ունի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի վերաբերյալ բարձրացված հարցերին ի պատասխան՝ Բլինքենը նկատել է, որ պետքարտուղարությունը կիսում է բարձրացված մտահոգությունները և Թուրքիային ուղղակիորեն ներգրավում են դրանց շուրջ քննարկումներում։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ, մեկնաբանելով լսումները, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է․ «Մենք միանում ենք մեր կոնգրեսական բարեկամներին` պահանջելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական և ցանկացած տեսակի օգնությունը Ադրբեջանին։ ԱՄՆ հարկատուներից ոչ մի դոլար չպետք է փոխանցվի Ալիևի նավթով հարուստ, ռասիստական և բռնատիրական ռեժիմին»: