«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԻՆ Է ՍՊԱՌՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը համակրում է «Հայաստան» դաշինքին ու կարծում է, որ իրենք շատ լավ քարոզարշավ են իրականացնում: Պատգամավորը նշեց, որ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ե՛ւ ՀՀ Սահմանադրությունն է խախտել, ե՛ւ Ընտրական օրենսգրքի տարբեր կետեր ու քարոզարշավի ընթացքում միայն սպառնալիքներ է հնչեցրել: Ըստ Պետրոսյանի՝ Սյունիք կատարած այցից էլ պարզ դարձավ, որ իրենք մեքենաներով մարդկանց են տանում ու ներկայացնում են, որ դա սյունեցի իրենց համակիրներն են:

 

-Պարո՛ն Պետրոսյան, հետեւո՞ւմ եք քարոզարշավին: Ինչպիսի՞ բառերով կնկարագրեք քարոզարաշվի ընթաքցը: Մի հատվածն ասում է, որ սա բացի քարոզարշավից ամեն ինչ կարելի է անվանել: Ըստ Ձեզ՝ ի՞նչ էր սա:

-Նայած ում մասին է խոսքը: Եթե խոսքը վերաբերում է «Հայաստան» դաշինքի քարոզարշավին, ես գտնում եմ, որ այն իրականացվում է գործող օրենսդրության շրջանարկներում: Եթե խոսքը վերաբերում է «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավին, գտնում եմ, որ այնտեղ նույնպես կոռեկտության սահմանները պահպանվում են: Մյուս քաղաքական միավորների քարոզարշավն այդքան տեսանելի չէ: Իհարկե, կան քաղաքական կոռեկտությունը պահանող ուժեր: Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին, ապա էստեղ քարոզարշավ չկա: Նա թքում է քարոզարշավի վրա, թքում է Ընտրական օրենսգրքի վրա եւ ընդհանրապես մեր բարքերի վրա: Կա ընդամենը ուժի ցուցադրության սպառնալիք, բռնություն գործադրելու սպառնալիք ու կոչ: Այ իր մասով քարոզարշավ անվանել չի կարելի: Որեւէ ծրագիր չկա, որեւէ խնդրի մասին չի խոսում: Նա օրնիբուն զբաղված է իր քաղաքական հակառակորդներին սպառնալով: Մուրճը ձեռքին գա, իբր թե քարոզչություն է անում, եւ դրանով սպառնա իր քաղաքական հակառակորդներին, սա աննախադեպ, աննորմալ երեւույթ է: Ես մեղադրում են ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլ նրա շուրջը կանգնողներին, որ նրան ծափահարում են: Եվ նաեւ շատ լրջորեն մեղադրում եմ Հայաստանի Հանրապետության դատախազությանը, Կենտրոնական ընտրական  հանձնաժողովին եւ Ազգային անվտանգության ծառայությանը, որ ոչ մի միջոց չեն  գործադրում նման քարոզչությունը կանխելու ուղղությամբ:

-Ըստ Ձեզ՝ քաղաքացիներն ու հանրությունը կարողացա՞ն հասկանալ՝ ում  պետք է ընտրել:

-Հանրության մեջ մի զանգված կա՝ մոլորյալների զանգվածը, որոնք տարված են Նիկոլ Փաշինյանի հովերով: Նրանց ինչ ծրագիր ուզում ես ներկայացրու, միեւնույնն է, նրանք ընդունել են, որ կարեւորը՝ նախկինները չլինեն: Իհարկե, նրանք այդքան բարձրամիտ չեն, որ ուզենան տեսնել, որ հենց այդ նույն նախկիններից ավելի շատ կան իրենց շարքերում՝ թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմնում, թե՛ կառավարման համակարգում: Մի զանգված կա, որին ոչ մի գաղափարական ազդեցություն չես կարող ունենալ, եւ այստեղ քարոզչությունը չէ, որ պետք է խելքի բերի նրանց: Պարզապես նա մի օր պետք է իր մաշկի վրա զգա էդ ամեն ինչի ծանրությունը, նոր հասկանա, որ ինքը մոլորվել է: Բայց ահագին մարդիկ էլ բնականաբար կողմնորոշվեցին: Այսօր մեր երկրում լրջության պակաս կա, իսկապես աշխատելու ունակ մարդկանց պակաս կա, իսկ իմ նշած առաջին երեք ուժերը աշխատող մարդիկ են: Ես համակրանք ունեմ նաեւ փաստաբանների  պալատի նախագահ Արա Զոհրաբյանի եւ Վահագն Չախալյանի կայացրած միության նկատմամբ: Իրենք էլ  աշխատող, պատասխանատու պահերին միշտ ապացուցել են, որ ժողովրդի կողքին են: Ես հայտնել եմ իմ կարծիքը: Սատարելու եմ  «Հայաստան» դաշինքին, համակրանք ունեմ նաեւ «Պատիվ ունեմ» դաշինքին: Ժողովուրդը պետք է կողմնորոշվի, եւ, ցավոք սրտի, ես միշտ քննադատել եմ չարյաց փոքրագույնի ընտրության մոտեցումը: Նիկոլ Փաշինյանն էլ դարձավ չարյաց փոքրագույն, այնպես չէր, որ փայլում էր իր մասնագիտական  ունակություններով, գիտելիքներով: Նա լավ ըննդիմադիր գործիչ  էր, բայց նա այդպես էլ պետական գործիչ չդարձավ:

 Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԱԺ-Ի ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԿԵՐՊԱՐԸ

Խորհրդարանում Մարիա Կարապետյան անունով մի պատգամավոր կա, որը, կարելի է ասել, իր խմբակցության՝ «Իմ քայլի» պատգամավորների համար անհասկանալի մի կերպար է: Կարապետյանն իր աշխատանքային 3 տարվա գործունեության ընթացքում ոչ ոքի հետ այդպես էլ չմտերմացավ, խմբակցությունը անգամ տեղյակ չէ, թե նա որտեղից կամ ում միջոցով է հայտնվել իրենց թիմում:

 

Մարիա Կարապետյանը այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի պատվավոր 24-րդ համարն է, ու կրկին խմբակցության պատգամավորների համար անհասկանալի է, թե ինչպես է նրան հաջողվում նման հորիզոնականներում լինել: Կարապետյանը, կարելի է ասել, մշտապես թեժ քննարկումների կիզակետում է, վերջինս շատ կոնֆլիկտային է ու իր թիմակիցներից շատերի հետ շատ վատ փոխհարաբերություններ ունի: Վերջինս կարողանում է մարդկանց շատ արագ հունից հանել, սովորական քննարկումներ վերածել թեժ կռվի: Նրան հաջողվել է վերջերս հունից հանել Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, իսկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնից «գահընկեց անել» ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին:

ԱԺ իմքայլական պատգամավորը 32 տարեկան է, ծնվել է Վանաձորում: 2008թ. ավարտել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանության եւ միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները Կարապետյանի մասին միայն գիտեն, որ միջազգային ինչ-որ նախագծեր եթե կան, ապա Կարապետյանն այն բերում ու անցկացնում է: Ու խմբակցության որեւէ պատգամավորի չի հաջողվում պարզել, թե ինչպես է դա հաջողվում անել Կարապետյանին: Ու անհայտ է նաեւ, թե ինչպես նա կրկին դարձավ իշխանությունների սիրելին ու մնաց թիմում:

Նշենք, ու ըստ parliamentmonitoring.am-ի կայքի՝ Մարիա Կարապետյանը այս նստաշրջանում 719 նախագծի «կողմ» է քվարկել, 72 նախագծի էլ՝ «դեմ»:

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ՄԵՆՔ ՈՒՆԵՑԱԾՆ ԷԼ ՎԱՃԱՌԵՑԻՆՔ

Մեկնարկել է աշխարհի ամենամասսայական սպորտային իրադարձություններից մեկը` ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը. այն պետք է անցկացվեր 2020թ-ին, սակայն կորոնավարակի պատճառով հետաձգվեց մեկ տարով: Ինչեւիցե, թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի տարբեր ծանրերում հարյուրմիլիոնավոր մարդիկ գամված են էկրաններին ու դիտում են խաղերը, որոնք անց են կացվում Եվրոպական տարբեր քաղաքներում` Սանկտ Պետերբուրգ, Լոնդոն, Մյունխեն, Հռոմ, Ամստերդամ, Կոպենհագեն եւ Բաքու: Իհարկե, սա առաջին դեպքը չէ, երբ Բաքուն դառնում է սպորտային աշխարհի ուշադրության կենտրոն, սակայն ինչպես ասում էին, այն ժամանակ Հայաստանում գործում էր կարեւորը «մենք հաղթած ենք, մնացածը կարեւոր չէ» սկզբունքը, ու կարծես թե չէր երեւում դա: «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստներից մեկը, որը չցանկացած հնչեցնել իր անունը, մեզ հետ զրույցում ասաց, որ մինչեւ օրս ցավ են ապրում, թե ինչպես նախկին իշխանությունների թեթեւ ձեռքով սեփականաշնորհվեց լեգենդար «Հրազդան» մարզադաշտը, որին այն ժամանակ ճանաչում էին ֆուտբոլային աշխարհում բոլորը, մասնավորեցվեցին Կապանի, Մարտունու ու շատ այլ քաղաքների ստադիոնները, ու ամենավատն այն է, որ դրանց հետ ոչինչ չարեցին: Մի ամբողջ ֆուտբոլային Հայաստան, մի ամբողջ ֆուտբոլային սերունդ լեգենդար «Հրազդան»-ին կարողանում է նայել միայն դրսից ու հետեւել գեղեցկուհու դանդաղ մահվանը:  Հենրիկ Մխիթարյան ունեցող երկրում ներակառույց, ժամանակակից չափանիշներին համապատասխանող ստադիոն այդպես էլ չկառուցվեց: Իհարկե, եթե հիմա հարցնես նախկին ցանկացած պաշտոնյայի, ապա նա բացառիկ հայրենասեր է, ում գործերն ուղղված էին բացառապես երկրի բարգավաճմանը, իրականությունը սակայն այլ է. անկախությունից հետո դեռ վայելում ենք կոմունիստական Հայաստանի մեր պապերի կառուցածը, նորը չենք արել, ոչինչ չենք ավելացրել, միայն մաշացրել ու քանդել ենք: Ի դեպ, գերժամանակակից մարզադաշտ ունի նաեւ Վրաստանը Թբիլիսիում եւ Բաթումիում, այստեղ եւս անցկացվել են խոշոր միջազգային հանդիպումներ, օրինակ` 2015թ-ին Վրաստանի մայրաքաղաքի «Դինամո Արենա» ստադիոնում անցկացվեց ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը. միմյանց դեմ մրցում էին «Բարսելոնան» ու «Սեւիլիան», աշխարահռչակ Լեոնել Մեսսիի խաղը տեսնելու համար հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ գնացին Վրաստան, համաշխարհային մամուլն էր օրեր շարունակ գրում մեր հարեւանների մասին: Տարածաշրջանում միայն մենք ենք, որ միայն խոսում ենք՝ տարիներ շարունակ ագրեսիայի չափաբաժինն ավելացնելով: Գործ չի արվել մեր երկրում, մեր երկիրը կարելի էր շենացնել այս տարիների ընթացքում:

 

ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՄԵՋ

Վարչապետի պարտականությունները կատարող Տիգրան Ավինյանը Գեորգի Ավետիսյանին չվճարվող արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել: Որոշման մեջ ասվում է. «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2021թ. հունիսի 16-ից 18-ը ներառյալ տրամադրել չվճարվող արձակուրդ: Գեորգի Ավետիսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին կփոխարինի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը»:




Լրահոս