Հայաստանում հուլիսի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 53 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225606 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1 205632, վերջին մեկ օրում` 3907 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 2780 պացիենտ. մեկ օրում նվազել է 16-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 217198 անձ, վերջին մեկ օրում՝ 67 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 4527 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1101 է:
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է
Ի գիտություն բացօթյա առեւտրով զբաղվողների. հատկապես վերջին շրջանում մեր քաղաքացիների կողմից ստացել ենք բազմաթիվ բողոքներ՝ մայթերին եւ առեւտրի համար չնախատեսված այլ վայրերում միրգ-բանջարեղենի եւ այլ գյուղմթերքի վաճառքի վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել Ստեփանակերտի քաղաքապետարանը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այդ բողոքների հիմքում երեք փաստարկներ են.
-հետիոտնի ազատ տեղաշարժի եւ երթեւեկության անվտանգության ապահովման արգելքներ,
-սանիտարական լուրջ խնդիրների առկայությամբ սննդի իրացում ու հակահիգիենիկ միջավայրի ստեղծում,
-մայրաքաղաքի տեսքի խաթարում:
Ստեփանակերտի քաղաքապետարանը եւս մեկ անգամ հորդորում է նման պայմաններում առեւտուր իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործել միմիայն սահմանված վայրերում՝ պահանջվող նորմերին համապատասխան: Նաեւ զգուշացնում է՝ առաջիկայում ստուգայցեր են կազմակերպվելու:
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՆԱՅԵԼ Է
Գերմանիան վերանայել է այլ երկրների քաղաքացիների մուտքի արգելքի սահմանափակումները: Գերմանիան մուտքի սահմանափակումները չեղարկել է նաեւ ՀՀ քաղաքացիների համար: Սահմանափակումները հանվել են նաեւ Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Կոսովոյի, Կատարի, Կանադայի, Հորդանանի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Ադրբեջանի եւ Բրունեյի քաղաքացիների համար: Յուրաքանչյուր ոք, որը բնակվում է այդ երկրներից մեկում, կարող է Գերմանիա մուտք գործել առանց ճանապարհորդության կարեւոր պատճառի եւ անկախ պատվաստման կարգավիճակից: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ Գերմանիան կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ է վերցրել: