Հավատարիմ մնալով Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մշակույթին (ԿՍՊ)՝ Վիվա-ՄՏՍ-ն արդեն 16 տարի ծրագրեր է իրականացնում երկրի տարբեր մարզերում: Գործընկեր կազմակերպությունների հետ, տարիների հետևողական աշխատանքի արդյունքում, լուծվում են կարևոր խնդիրներ: Դրանցից մեկը գյուղական վայրերում ենթակառուցվածքների զարգացումն է:
Թեև համավարակով ու պատերազմական գործողություններով պայմանավորված, ավելի քան մեկ տարի, փոխվել է աշխատանքների համակարգման մեխանիզմը, սակայն Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), իրականացնում են իրենց առջև դրված նպատակն ու ապահովում ծրագրերի արդյունավետ ընթացքը: Գործընկեր կազմակերպություններին դա հաջողվել է անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում: Տավուշի մարզի սահմանապահ Ոսկեվան գյուղում տեղակայվել է լուսավորության ժամանակակից համակարգ: Տեղադրվել է 39 ԼԵԴ լուսարձակ՝ ապահովելով շուրջ 1500 մետր երկարությամբ ճանապարհի լուսավորություն։ Ծրագրով լուսավորվել են բնակավայրի կենտրոնական և երկրորդային 2 փողոցները։ Ծրագրի իրականացմանն աջակցել է նաև Նոյեմբերյանի համայնքապետարանը:
Էներգախնայող, ԼԵԴ համակարգի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Ոսկեվան բնակավայրի վարչական ղեկավար Վլադիմիր Ղազինյանը և բնակիչներ:
«Սահմանապահ և հեռավոր գյուղերը շարունակում են մնալ մեր ուշադրության կենտրոնում: Այսպիսի ծրագրերի շնորհիվ մեզ հաջողվում է գոնե մասամբ մեղմել մայրաքաղաքի և մարզերի միջև առկա զարգացման տարբերությունը: Մեր գործընկերները երբեմն զրոյից են կատարում աշխատանքը, երբեմն էլ մաշված ու հին ենթակառուցվածքները փոխարինում են նորերով: Նման համակարգերի գործարկումը կարևոր աջակցություն է հեռավոր գյուղերի համար: Սահմանին ապրողներն զգում են, որ իրենք մենակ չեն, իսկ համայնքների փոքր բյուջեն ծախսվում է ավելի արդյունավետ: Այս տարի ևս մենք լինելու ենք նման համայնքների կողքին»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Գործընկերները նախատեսում են ժամանակակից համակարգերի տեղակայման և գործարկման աշխատանքներ իրականացնել նաև ընթացիկ տարում: Դրանք կարևոր են և՛ մարդկանց անվտանգության և՛ բնապահպանական, և՛ համայնքային ծախսերի կրճատման համար:
Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ: Դրա շնորհիվ կլուսավորվի շուրջ 1200 մետր երկարությամբ ճանապարհ։ Առաջնահերթությունը դարձյալ տրվելու է սահմանին հարող թաղամասերի լուսավորությանը։ Ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները շուտով կմեկնարկեն։