Կառավարությունը փոփոխություններ է կատարել «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում: Հարցը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Կորոնավիրուսի վարակի կանխարգելման նպատակով պատվաստանյութերի անխափան մատակարարման ապահովմամբ: «Գիտեք, որ Հայաստանը COVAX FACILTY-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում հնարավորություն ունի ձեռք բերելու COVID-19-ի դեմ պատվաստանյութ, սակայն այն նախատեսված է ընդամենը բնակչության 10%-ի համար: Մնացած մեր թիրախային ցուցանիշներին հասնելու համար պատվաստանյութերը ձեռք են բերվում երկկողմանի համաձայնագրերի հիման վրա: Մենք ամեն ինչ անում ենք, որ հասանելի լինեն նաեւ նվիրատվությամբ տրվող պատվաստանյութերը ՀՀ-ին: Այս որոշման շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել 500 հազար դեղաչափ պատվաստանյութ՝ չինական Sinopharm եւ գերմանական Pfizer ընկերությունների կողմից արտադրված: Այս նպատակով ուղղվող միջոցները կազմելու են 3,459 մլրդ դրամ»,-ասել է Ավանեսյանը:
Նախարարի պաշտոնակատարի փոխանցմամբ` ակտիվությունը պատվաստումների նկատմամբ անընդհատ աճում է: «Մենք 163 հազար պատվաստում ենք արդեն իրականացրել: Իհարկե, այսօր կառավարության որոշմամբ ձեռք բերվող պատվաստանյութերի արագ մատակարարումը եւս կխթանի, որ մեր քաղաքացիներն ավելի ակտիվ պատվաստվեն: Դա կարեւորագույն երաշխիք է աշնանը, նոր ուսումնական տարվա սկզբին ունենալ ավելի շատ պատվաստված անձինք: Մենք նաեւ նախապատրաստում ենք որոշակի սահմանափակումների փաթեթ, որը շուտով կներկայացնենք նաեւ կառավարության դատին: Ինչպես տեսնում ենք բոլոր երկրները որոշակի գործիքակազմ կիրառում են՝ ե՛ւ սահմանափակումների, ե՛ւ խրախուսման, եւ փորձում են հնարավորինս ապահովել պատվաստումների բարձր ցուցանիշներ: Եթե նախկին շտամերի պարագայում բնակչության թիրախային ցուցանիշ վերցվում էր 65 տոկոս պատվաստումը, ներկայումս դելտա շտամի պարագայում, քանի որ տարածելիությունը բավական բարձր է, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս երկրներին պատվաստման ցուցանիշը բարձրացնել 75 տոկոսից ավել»,- ասել է Ա. Ավանեսյանը: Վերջինս նկատել է, որ, ցավոք սրտի, հարեւան Վրաստանում համաճարակային իրավիճակը լարված է. «Մենք Հայաստանում պահպանում ենք կայուն հարաբերական վիճակ, բայց ամեն շաբաթ մի փոքր աճ նկատում ենք: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս միտումը պահպանվի, եւ թվերի կտրուկ աճ չունենանք»:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եւս մտահոգիչ է համարել, որ թվերը թեեւ դանդաղ, բայց աճում են. «Մենք Վրաստանի հետ բավականին ակտիվ համագործակցության ավանդույթ ունենք պատվաստանյութերի փոխանակման առումով: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի կառավարությանը, որ որոշում են կայացրել 50 հազար դոզա պատվաստանյութ փոխանցել Հայաստանին: Սա, ըստ էության, նվիրատվություն է, մենք էլ նվիրատվություն կանենք: Այս համագործակցությունը կարեւոր է, որովհետեւ մեր երկրների քաղաքացիների միջեւ ակտիվ հաղորդակցություն կա»,-ասել է նա:
Ավանեսյանի խոսքով՝ Լիտվայի կառավարությունը եւս որոշել է Հայաստանին 27 հազար դոզա պատվաստանյութ նվիրել:
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումներից հետո կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սեյրան Բեգլարյանին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամասի գործունեությունը: Կասեցման հիմք են ծառայել հայտնաբերված խախտումները: Մասնավորապես՝ աշխատանքներն ավարտելուց հետո արտադրական, կենցաղային եւ օժանդակ սենքերը չեն լվացվել եւ ախտահանվել ներկայացվող հիգիենիկ պահանջներին համապատասխան, սարքավորումներն ապահովված չեն եղել չափիչ եւ ստուգիչ սարքավորումներով, կաթնամթերքի փաթեթավորման համար օգտագործվող նյութերը չեն բավարարել տեխնիկական կանոնակարգերի պահանջները եւ հանդիսացել են սննդամթերքի աղտոտման աղբյուր, բուն փաթեթավորման գործընթացները չեն կատարվել փաթեթավորման ամբողջականությունն ու մաքրությունն ապահովող, սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում: Ի լրումն՝ չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման եւ տեղափոխման տարածքներ կանխելու, ինչպես նաեւ վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, իսկ սննդի շղթայում ներգրավված աշխատակիցը չի անցել պարտադիր նախնական եւ պարբերական բժշկական զննություններ, բացակայել է անձնակազմի համար նախատեսված հանդերձարանը: Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
233 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում հուլիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 233 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229 603-ի: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4604 է: Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք է գրանցվել: Հուլիսի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1119 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5723-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 123 է, փաստացի բուժվողներինը՝ 4378: Մեկ օրում արվել է 5930 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 328 107 թեստավորում:
ՑԱՆՔԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2020թ., 2019 թ. համեմատ, աշնանացան ցորենի ցանքատարածությունները նվազել են 1 տոկոսով, իսկ միջին բերքատվությունն ու համախառն բերքն ավելացել են համապատասխանաբար 15,3 տոկոսով եւ 17 տոկոսով։ Վերջին տարիներին հանրապետությունում նվազել է ցորենի ինքնաբավության մակարդակը. 2019 թ. այն կազմել է 25,9 տոկոս՝ 2015 թվականի 49,5 տոկոսի դիմաց։ Միաժամանակ վերջին 5 տարիներին տարեկան ներմուծվել է 280,2-349,7 հազար տոննա ցորեն։
Կորոնավիրուսի տնտեսական եւ ռազմական դրության հետեւանքների մեղմման նպատակով անհրաժեշտություն է առաջանում տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով բարձրացնել ինքնաբավության մակարդակը եւ նպաստել պարենային անվտանգության ապահովմանը։ Գործող ծրագրի շրջանակում նախատեսված էր շուրջ 5000 տոննա աշնանացան ցորենի սերմերով ցանքի իրականացում։ Փաստացի պետական աջակցությամբ իրացվել է շուրջ 4100 տոննա։
Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ բոլոր մարզերում 1-100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաեւ ցանք կատարելու համար արտադրված եւ/կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա եւ/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Սուբսիդավորման կամ փոխհատուցման գործընթացը կիրականացնի Էկոնոմիկայի նախարարությունը։ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։ Ծրագրի ռիսկերը մեղմելու նպատակով պարտադիր պահանջ է դրվել միայն պիտակավորված, ախտահանված եւ ՀՀ-ում հավատարմագրված լաբորատորիաներում փորձաքննություն անցած սերմերի վաճառքն ու ցանքը: Ծրագրին չեն կարող դիմել կառավարության համապատասխան որոշումների շրջանակում արձանագրված խախտումներ կատարած մատակարարները եւ/կամ շահառուները։ Բացի այդ փոփոխվել է նաեւ ցանքատարածությունների նվազագույն եւ առավելագույն թույլատրելի շեմը՝ 2-20 հա-ի փոխարեն 1-100 հա, եւ նախկին 7 մարզի փոխարեն ընդգրկվել են ՀՀ բոլոր մարզերը։ Որոշման ընդունման կապակցությամբ 2021 թ. պետբյուջեում ծախսերը գնահատվում են շուրջ 329,0 մլն դրամ։ Արդյունքում հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի կբարձրանա շուրջ 30 տոկոսով։
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ
Կառավարության դիմաց երեկ բողոքի ակցիա էր ընթանում, որի մասնակիցներն իրենց բողոքն էին հայտնում Քիմիական ինստիտուտի տարածքում բնակելի շենք կառուցելու որոշման դեմ: «Պետք չէ ինստիտուտի տարածքում կառուցել բնակելի շենք, հետո էլ վերացնել ինստիտուտը, եւ կկառուցեն տարբեր բնակելի շենքեր: Մենք այդ ինստիտուտում թանկարժեք սարքեր ունենք, դրանք զգայունություն ունեն, որոնց համար վտանգավոր է ցանկացած շինարարական աշխատանք: Ջրավազանի տարածքում ուզում են բազմաֆունկցիոնալ բնակելի շենք կառուցել»,-ասում են ակցիայի մասնակիցները: