ArmLur.am-ի տեղեկություններով` խորհրդարանական խմբակցություններում հիմա էլ թեժ քննարկվում է այն հարցը, թե ով որ հանձնաժողովի նախագահի տեղակալը կդառնա: Իշխանության ֆրակցիայի մեր աղբյուրները փոխանցում են, որ բացի այն հարցը, թե իշխանական պատգամավորներից ով որ հանձնաժողովի անդամ կդառանա, գրեթե բոլորը պայքարում են նաև հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի համար:
Մենք տեղեկացանք, որ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդի նիստ է անցկացրել ու որոշվել է, որ ԱԺ տնտեսական, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի, եվրոպական ինտեգրման, առողջապահության, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալներին կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Իսկ ԱԺ պաշտպանության և անվտանգության, ֆինանսավարկային և բյուջետային, աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովներինը՝ «Հայաստան» խմբակցությունը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովինը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը: Տեղակալների հարցը դեռևս խմբակցություններում քննարկվում է, առաջիկա օրերին դրանք կհստակեցվեն: Մեր տեղեկություններով՝ ՔՊ խմբակցությունում իրավիճակը քաոսային է նաև այն հարցում, թե հանձնաժողովներ որ պատգամավորներին է պետք «գործուղել»:
Բանն այն է, որ հայրենի իշխանության ներսում լարվածություն կա տարբեր անձանց միջև, հիմա պետք է հստակեցվի, թե ով ում հետ կարող է աշխատել, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խմբակցության փակ հանդիպումների ժամանակ նշել է, որ պետք է հանձնաժողովներում շատ միասնական աշխատեն, քանի որ կան օրենքներ, որոնք պետք է հրատապ ու կազմակերպված «անցկացնել» խորհրդարանում:
Սոնա Գրիգորյան