Ոստիկանության բաժիններում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին է ներկայացել Սիսիանի 53-ամյա մի բնակիչ և իրավապահներին հանձնել «ԱԿՄ» ինքնաձիգ։ Նա հայտնել է, որ հանգուցյալ հոր ինքնաձիգը հայտնաբերել է տանը մաքրման աշխատանքներ կատարելիս։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի և ՊՊԳՎ Արաբկիրի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Ադոնցի փողոցի մի բնակիչ հանձնել է հանգուցյալ հոր ինքնաձիգը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Քանաքեռ-Զեյթունի բաժնում արձանագրվել են հրացանների, նռնակների և փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։ Արդյունավետ էր նաև Ջերմուկի ոստիկանների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ մի տղամարդ հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ինքնաձիգի փամփուշտներ։ Թալինի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ևս արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։ Հրազենը բաժին բերած տղամարդը կամավոր հանձնել է նաև ինքնաձիգի դատարկ պահեստատուփ ու փամփուշտներ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգը, նռնակի պայթուցիչը, ինքնաձիգի պահեստատուփն ու փամփուշտները կամավոր հանձնել է Կոտայքի մարզի մի բնակիչ՝ Հրազդանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ։

«Կալաշնիկովի» ինքնաձիգների, պահունակների և տարբեր տրամաչափի փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Եղեգնաձորի և Մասիսի բաժիններում։
Արդյունավետ էր նաև ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ արձանագրվել են տարբեր տեսակի հրացանների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Արթիկում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է ատրճանակ ու փամփուշտներ։ Հորդորում ենք՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Միջոցառումները շարունակվում են։




Լրահոս