ՀՀ գլխավոր դատախազությունն ավելի շատ գովազդ է անում, քան իրականում աշխատում: Օրինակ՝ սեպտեմբերի 2-ին հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկման առարկա է դարձել նաեւ 2020թ.-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությունից բխող՝ Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող ՀՀ ԶՈՒ զինծառայողների, քաղաքացիական եւ այլ անձանց վերադարձման վերաբերյալ պահանջների կատարման անհրաժեշտության հարցը։ Ընդ որում, սա այդ պաշտոնյաների 2-րդ հանդիպումն է պատերազմից հետո: Ստացվում է՝ 44-օրյա պատերազմից ինը ամիս անց գլխավոր դատախազը դեռ միայն քննարկում է գերիների հարցը, այլ ոչ թե կոնկրետ գործ անում: Եվ այսպիսի իրավիճակ է՝ ոչ միայն գերիների վերադարձի հարցի հետ կապված: Թավշյա հեղափոխությունից հետո՝ այս տարիների ընթացքում, Արթուր Դավթյանն ավելի շատ հայտարարություններ է արել, քան թե իրականում գործել: Խոսում էր Մարտի 1-ի դեպքերի բացահայտման մասին, բայց մինչեւ հիմա չեն պարզվել, թե ովքեր են սպանել 10-ը անմեղ զոհերին Երեւանի կենտրոնում, հետախուզման մեջ են գտնվում բազմաթիվ նախկին պաշտոնյաներ, որոնք այս ընթացքում ակտիվ հարցազրույցներ են տալիս, ազատ շրջում են այլ երկրներում, բայց նրանց այդպես էլ չեն կարողանում գտնել եւ արտահանձնել Հայաստան: Դատախազը խոսում է ապօրինությունների, կոռուպցիայի բացահայտման մասին, բայց ոչ մի կոռումպացված նախկին չինովնիկ ճաղերի հետեւում չէ: Ստացվում է՝ դատախազը միայն հայտարարություններ անելուց է ակտիվ, իսկ աշխատանքի արդյունավետությունը զրոյական է:
Հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն՝ երկրորդ փորձից: Սեպտեմբերի 6-ին նիստ կգումարի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որի օրակարգում մեկ հարց է՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն: Բանն այն է, որ օգոստոսի 31-ին իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությանը։ Կողմ էին միայն «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցության պատգամավորները, սակայն ընդդիմադիրների ձայները բավարար չէին, որպեսզի ընտրվեր նրանց թեկնածուն։ Հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության քննարկումը տեւեց մեկուկես ժամ։ Իշխանությունը ընդդիմադիր պատգամավորին շատ հարցեր ուներ՝ դեռ նրա վաղ անցյալի մասին։ Ըստ այդմ, պետք է տեղի ունենա նոր ընտրություն, եւ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ եւս առաջադրվելու է Արթուր Ղազինյանը: Բանն այն է, որ այս պաշտոնը հատկացված է հենց ընդդիմությանը, ու թեկնածուն պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից: Այս հանձնաժողովում ընդդիմադիր պատգամավորներն են Տիգրան Աբրահամյանը, Արթուր Ղազինյանը, Գեղամ Նազարյանը եւ Գեղամ Մանուկյանը: Թեկնածությունը կրկին կանգ է առել Ղազինյանի վրա, որն, ի դեպ, բանակում չի ծառայել: Հետաքրքիր է՝ ինչ ձեւ իրենց կդրսեւորեն այս անգամ իշխանական խմբակցության պատգամավորները:
Դավիթ Գալստյանի՝ բոլորին հայտնի Պատրոն Դավոյի քրեական գործով, կարծես թե, ԱԱԾ-ն ու դատախազությունը ներքին գործարքի են գնացել գործը սառեցնելու, քանի որ քաղաքական իշխանություններից հրահանգ ունեն: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն գործով որեւէ քայլի չի գնում, քանի որ, բացի մատակարարողից՝ ի դեմս Դավիթ Գալստյանի, քրեական գործով անցնում են նաեւ ներկայիս ՊՆ պաշտոնատար անձինք՝ սկսած ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանից, վերջացրած պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանով: Իրավապահ համակարգում խոսակցություններ կան, որ Դավիթ Գալստյանի մասով ԱԱԾ-ում 3 տարի է՝ քրեական գործ է քննվում, ու, ըստ էության, որեւէ քննչական գործողություն չի իրականացվում, ինչը խոսում է քաղաքական հրահանգի մասին: Հիշեցնենք՝ Դավիթ Գալստյանը ձերբակալվել էր փետրվարի 1-ին, իսկ փետրվարի 2-ին` կալանավորվել։ Դավիթ Գալստյանն իր հերթին հայտարարություն էր տարածել` նշելով, որ իրականում ՊՆ-ին մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն եւ տարեթվերին համապատասխան զինամթերք, ինչի ապացույցները խոստացել է ներկայացնել ապագայում։ Ազատության մեջ հայտնվելուց հետո, սակայն, նա մոռացավ խոստացված ապացույցների մասին եւ, կարծես թե, չքացել է:
Օգոստոսի 31-ին Moody’s միջազգային վարկանիշավորման կազմակերպությունը հրապարակել է հերթական զեկույցը, որով Հայաստանին տրված վարկանիշը նույնն է թողել։ Moody’s-ի կողմից նախորդ գնահատումը կատարվել էր 2019-ին: Այն ժամանակ Moody’s վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել էր Հայաստանի կառավարության արտոնյալ պարտքի վարկանիշերը: Այսպիսով, Moody’s-ը դրականից կայուն էր գնահատել արտոնյալ պարտքի հեռանկարը։ Զեկույցում կանխատեսվում էր, որ Հայաստանի պետական պարտքի բեռը կայունորեն կնվազի, սակայն երկու տարի անց հակառակ իրավիճակը ունենք: Այս տարվա 7 ամիսների ընթացքում այս կառավարությունը 1 միլիարդ դոլարով ավելացրել է մեր պետական պարտքը.,սա այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում ապահովել է ընդամենը 5.2 տոկոս տնտեսական ակտիվություն: Նման տեմպերով պետական պարտքի ավելացումը, բնականաբար, Հայաստանը տանելու է լուրջ ֆինանսական խնդիրների: Հիշեցնենք՝ 2019 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորից «կարեւոր իրադարձություն» սահմանումով անդրադարձավ Moody’s-ի գնահատականին, ըստ որի՝ Հայաստանի սուվերեն վարկանիշը b1-ից բարձրացել է մեկ մակարդակ եւ հաստատվել BA3 մակարդակում: Տնտեսագետները, սակայն, այդ ժամանակ եւս հիշեցրին, որ առաջին անգամը չէ, երբ Moody’s-ը BA3 վարկանիշն է տվել Հայաստանին, ավելին՝ 2006-ին Հայաստանն ունեցել է BA2 վարկանիշ, սակայն այս գնահատականը հիմնականում ավելին չէ, քան հնարավորություն տալ երկրին ավելի ցածր տոկոսադրույքներով վարկային միջոցներ ձեռք բերել: