«Հայաստան» խմբակցությունը վաղն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ վաղը ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել: Նիստ հրավիրելու պահանջով հանձնաժողովին է դիմել ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ Ազգային ժողովում նոր մշտական հանձնաժողով ստեղծելու մասին նախագծով:

Նախագծի հիմնական զեկուցողը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն է, հարակից զեկուցողը իշխանական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Ըստ նախագծի հեղինակի՝ պետք է ստեղծվի արտաքին հարաբերությունների եւ Արցախի հարցերի մշտական հանձնաժողով, որը իր մեջ պետք է ներառի միջազգային կառույցների հետ փոխհամագործակցություն եւ կապեր Արցախի հարցի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը օգոստոսի 6-ի նիստում 67 կողմ, 27 դեմ ձայներով ընդունեց «Քաղաքացիական պյմանագիր» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով ԱԺ-ն պետք է ունենա 12 մշտական հանձնաժողով ու մերժեց խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկը, որով 12 մշտական հանձնաժողովների շարքում էր նաեւ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու նախագիծը: Այս նախագիծը ստացավ 33 կողմ ձայն, 67 ՔՊ-ական պատգամավոր ձեռնպահ էր քվեարկել:
Հիմա «Հայաստան» խմբակցությունը փորձում է հարցը նորից օրակարգային դարձնել, բայց թե դա ընդդիմադիր ֆրակցիայի կհաջողվի հասնել, դժվար է ասելը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս