Գյումրու քաղաքապետի պաշտոնին հավակնող թեկնածուներից ամենահարուստները, ըստ ընտրատարածքային հանձնաժողով ներկայացված հայտարարագրերի, «Հայրաքաղաք» եւ «Գյումրին կռնա» դաշինքներից են։ Ամենահամեստ միջոցները հայտարարագրել է Կոմունիստական կուսակցության թեկնածուն։
«Հայրաքաղաք» դաշինքը առաջնորդող, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը 7 անշարժ գույք է հայտարարագրել, 2 բնակելի տուն, 5 հողատարածք, ընդ որում՝ հողատարածքներից 3-ը՝ Լոռու մարզի Վահագնի գյուղում, 2 «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա, 52 մլն դրամի թանկարժեք գույք՝ սեփական գծանկարների, գրքերի ու հնաոճ իրերի հավաքածուներ:
Բարսեղյանը հայտարարագրել է շուրջ 27 մլն 330 հազար դրամ եկամուտ, որից 11 մլն 617 հազար դրամը «Ասպարեզ» ակումբից ստացած աշխատավարձն է, մնացածը անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվելու եկամուտը եւ տարբեր ծրագրերից ստացած հոնորարները: Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու դրությամբ կազմել են 8 մլն 685 հազար դրամ։
«Գյումրին կռնա» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Վարդան Գրիգորյանն է, որը հեղափոխությունից հետո մոտ 2 տարի զբաղեցրեց Շիրակի փոխմարզպետի պաշտոնը, այժմ չի աշխատում: Գրիգորյանը հայտարարագրել է 1 բնակարան, 1 առանձնատուն, 1 ավտոմեքենա: Որպես եկամուտ Շիրակի փոխմարզպետի 3 մլն 260 հազար դրամ աշխատավարձը եւ 3 բանկերում՝ 2 դրամային ու մեկ դոլարային ավանդների տոկոսներից ստացված 2 մլն 957 հազար դրամը եւ 3657 դոլարը: Գրիգորյանը հայտարարագիրը ներկայացնելու օրը 41 մլն դրամ, 25 հազար 300 եվրո եւ 3500 դոլար է ունեցել։
«Արժանապատիվ ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հովհաննես Մարգարյանը 6 անշարժ գույք է հայտարարագրել, այդ թվում՝ մեկական բնակարան Գյումրիում ու Երեւանում, հողամասեր Կոտայքի մարզում: Շարժական ու թանկարժեք գույք չի հայտարարագրել: Մարգարյանը «Մադլեն գրուպի» 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է, նույն ընկերությունից 1 մլն 250 հազար դրամի աշխատավարձ է ստացել, հայտարարագիրը ներկայացնելու պահին 985 հազար դրամ է ունեցել:
Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին է: Քաղաքապետի Հանրապետական թեկնածուն հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ առանձնատուն ու հողատարածք Բենյամին գյուղում, եւս մեկ հողատարածք էլ՝ Գյումրիում: 3 ավտոմեքենա ունի, թանկարժեք գույք ու եկամուտ չի հայտարարագրել։ Հայտարարագիրը ներկայացնելու պահին 10 մլն դրամ եւ 5 հազար դոլար է ունեցել:
«Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանն է։ Իշխող ուժի ներկայացուցիչը հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ բնակարան, առանձնատուն եւ հողատարածք: Թանկարժեք գույք չունի, ունի մեկ մեքենա։ Եկամուտը մարզպետի աշխատավարձն է՝ 7.5 մլն դրամ եւ 3 բանկերից վերցրած 4.2 մլն դրամ վարկային միջոցները: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ 4 մլն դրամ է ունեցել։
«Զարթոնք» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախկին ԱԱԾ-ական, ներկայումս անվտանգության «Գրոմ Սիքյուրիթի» ընկերության տնօրեն Վարդեւան Հակոբյանն է: Վերջինս հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ 2 բնակարան Գյումրիում եւ մեկ առանձնատուն Մարմաշեն համայնքում, 2 շարժական գույք, ընդ որում՝ «Տոյոտա Լանդ Քրուզեր» մակնիշի ավտոմեքենան 2021 թվականի է: Որպես եկամուտ հայտարարագրել է 918 հազար դրամ աշխատավարձ, որ ստացել է իր իսկ ղեկավարած ընկերությունից, եւ 25 մլն 832 հազար դրամ ընկերության շահաբաժին: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ 12 մլն դրամ եւ 5 հազար դոլար է ունեցել։
Կոմունիստական կուսակցությանը ցուցակը գլխավորող Կոնստանտին Ղավազյանը աշխատում է Գյումրիի քաղաքապետարանում: Հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենա, 60 հազար դրամ թոշակ եւ 70 հազար դրամ աշխատավարձ: Ղավազյանը 95 հազար դրամ է ունեցել հայտարարագիրը ներկայացնելու օրը:
«Բալասանյան» դաշինք սոցիալական կուսակցության քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետի ազգական, Գյումրու կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանն է։ Վերջինս հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ 2 առանձնատուն՝ մեկը Ախուրյան համայնքում, մյուսը՝ Գյումրիում, եւ մեկ կաթսայատուն-պահեստ: Ունի մեկ ավտոմեքենա: Եկամուտը քաղաքապետարանից ստացած 2 մլն 565 հազար դրամն է, դրամական միջոցներ չի հայտարարագրել:
«Թասիբով» դաշինքի քաղաքապետ թեկնածուն Կարապետ Պողոսյանն է, որը ԱԺ-ի արտահերթ ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակում էր: Պողոսյանը հայտարարագրել է 1 առանձնատուն, 2 ավտոմեքենա, եկամուտ չի ներկայացրել, որպես դրամական միջոցներ հայտարարագրել է 20 հազար դոլար եւ 5 մլն դրամ: Նաեւ 20 մլն դրամի թանկարժեք ոսկեղեն:
«Ապրելու երկիր» կուսակցությունը թեկնածուն Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Կարեն Մալխասյանն է: Վերջինս հայտարարագրել է 2 առանձնատուն Գյումրի քաղաքում: Որպես եկամուտ կենտրոնի տնօրենի աշխատավարձն է 3մլն 100 հազար դրամ: Դրամական միջոցները կազմել են 285 հազար դրամ եւ 180 դոլար:
Ն. Հ.
ԹԵՍՏԵՐԻ ԳՆԵՐԸ
Հայաստանում կորոնավիրուսի թեստի հանձնման արժեքը շարունակում է մնալ հանրությանը հուզող հարցերից մեկը: Հայաստանյան բուժհաստատությունները համառորեն չեն նվազեցնում դրանց գները: Իսկ հոկտեմբերի 1-ին մնացել է ընդամենը 3 օր, երբ ուժի մեջ է մտնելու նոր կարգը եւ բացառությունները: Տեղեկացնենք, որ չպատվաստվածները կամ քովիդ թեստ չհանձնողները ու դրա հետեւանքով աշխատանքի չներկայացող անձինք կարող են ազատվել աշխատանքից: ArmLur.am-ը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ այսօրվա դրությամբ կորոնավիրուսի թեստի հանձնման արժեքը կազմում է 15 000 դրամ, բայց վաղվանից որոշ լաբորատորիաներում կորոնավիրոսի թեստի հանձնման գինը կնվազի, բայց չնչին:
Օրինակ՝ «Էկոսենս»-ից ArmLur.am-ին փոխանցեցին, որ կորոնավիրուսի թեստի հանձնման գինը 15000 դրամից կնվազի՝ հասնելով 10000 դրամի: «Աստղիկ» ԲԿ-ում այն երեկ արժե 15000 դրամ, նույն գինը կպահպանվի նաեւ այսօր: Ի դեպ, այս բժշկական կենտրոնում 40-ից ավել անձի համար միայն թեստի հանձման արժեքը կարող է նվազել, բայց այս պահին փաթեթներ չկան: Իսկ, ահա, «Վարդանանց» ԲԿ-ում թեստի հանձման արժեքը 9500 դրամ է. այս բուժհաստատությունից ArmLur.am-ին փոխանցեցին, որ գնային փոփոխություն առաջիկայում չի սպասվում: Հայաստանում տպավորություն է, որ կորոնավիրուսի թեստի հանձման մաֆիա է գործում. բուժկենտրոնները կարծես թե փոխհամաձայնեցված են գործում, հավանաբար սա է պատճառը, որ չնայած պահանջարկի ավելացմանը՝ գները չեն նվազում: Եւ ամենակարեւորը՝ որեւէ պետական կառույցի կողմից չի վերահսկվում այս գործընթացը: Եւ անպատասխան է մնում մի կարեւոր հարց՝ բուժկենտրոնն ի՞նչ գնով է ձեռք բերում կորոնավիրուսի թեստը, եւ այն որքանո՞վ է վաճառում պացիենտին: Արդյոք գերշահույթ չի՞ ստանում բուժհաստատությունը:
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԻՖԵՐԻՑ
2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի առաջին օրը, «Ազատական» կուսակցության ղեկավար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն առաջինը հայտարարեց, որ հայկական կողմն արդեն 10 զոհ ունի, սակայն Արցախից սկսկեցին հերքել Բաբայանի հայտարարությունը: Ու առաջին օրվանից սկսվեց այն միֆը, որ հայկական կողմը պատերազմում հաղթում է, սկսեցին հայրենի իշխանությունները խաբել հանրությանը ու թաքցնել իրականությունը: Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտության համար գեներալներն են մեղավոր, որոնց մեծ մասը անգամ ունակ չի եղել կառավարել Զինված ուժերը՝ հակառակորդին անցած տարածքներում թողնելով 1700 զոհ ու վիրավոր: Հիշեցնենք, որ առավոտյան 7-ից Ադրբեջանը մի քանի ժամ շարունակ հրետանային եւ հրթիռային հարվածներ էր հասցրել ճակատի ամբողջ երկայնքով, ինչպես հետո խոստովանեց ինքը՝ Բաբայանը, պատերազմի առաջին ժամերին վերացրել էր պաշտպանության բանակի հրետանու եւ հակաօդային պաշտպանության 40 եւ 50 տոկոսները։
ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հերթական անգամ բացահայտ ագրեսիա եւ սպառնալիք դրսեւորելով, նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի։ Ալիեւն այս մասին խոսել է թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում։ «Մենք դեռեւս համբերություն ենք դրսեւորում, չնայած մեր համբերությունը նույնպես սահմաններ ունի: Երկրորդ Ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, թե ինչ է տեղի ունենում, երբ մեր համբերությունը սպառվում է: Հետեւաբար, մենք Հայաստանին հնարավորություն ենք տալիս կատարել նոյեմբերի 10-ի հայտարարության բոլոր պայմանները եւ գործել պատասխանատվությամբ»,- ասել է Ալիեւը: Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում եւ օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։
ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ
«Այսօր մենք պետք է խաղաղության գնանք, այսօր մենք հզոր չենք ո՛չ բանակով, ո՛չ ներքին կայունությամբ, ո՛չ տնտեսությամբ»,- ասել է ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը: «Դա քաղաքական խնդիր է, որ լուծում է վարչապետը, բայց ես՝ որպես ԵԿՄ ղեկավար, պետք է պատրաստ լինեմ պատերազմի: Մենք ամեն օր, ամեն ժամ մեր շարքերը համալրում ենք երիտասարդներով, որպեսզի կարողանանք հետագայում դիմակայել, եթե ոտնձգություն լինի մեր սահմաններին, չմտնի մեր տուն թշնամին»,- ասել է նա: Սասուն Միքայելյանը վստահեցրել է, որ ոչ մի խնդիր չունի երկրի քաղաքական ղեկավարության հետ. «Մենք մեր գործն ենք անում՝ չշեղվելով մեր ճանապարհից: Բանակում շատ խնդիրներ կան, որ նախկինից է եկել, պետք է կարգավորվի ու հարթվի»: Դիտարկմանը, որ ընդամենը 8 ամսվա ընթացքում թշնամին դեպի Շուշի տանող թունել է կառուցել, ԵԿՄ ղեկավարն ասել է. «Մենք պետք է կառուցեինք էդ թունելը այս 20 տարվա ընթացքում, բայց ոչինչ, կառուցում են մեզ համար, կվերցնենք: Ես իմ հույսը երբեք չեմ կորցնում, ես Շուշի կմտնեմ»: