Հայաստանի կառավարությունն արդեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատերն է։ Ընկերության 15 տոկոս բաժնեմասը կառավարությանը նվիրաբերել է «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, որը «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող ընկերություն է։
Եվ այս ընկեչությունը կառավարության որոշումից ընդամենը մեկ օր առաջ՝ ձեռք է բերել կոմբինատի 60 տոկոսը, որից 25 տոկոսն էլ նույն օրը նվիրաբերել է կառավարությանը եւ այսպիսով կառավարությունը դարձել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի 15 տոկոսանոց համասեփականատեր։
«Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն, կառավարության տարածած հաղորդագրության մեջ անդրադարձել է գործարքին եւ կառավարությանը վստահելի գործընկեր է համարել։
«Մենք մտադիր ենք ընդլայնել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, և սա ավելի լայն ներդրումային տեսլականի առաջին քայլն է: Այս ամենից կշահի Հայաստանի Հանրապետությունը, ժողովուրդն ու մեր բաժնետերերը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության համար կբացվեն նոր հնարավորություններ: Նպատակ ունենք առաջիկա տարիներին Հայաստանում սկսել նոր պղնձաձուլարանի կառուցումը», – մասնավորապես նշել է նա։
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Ֆորբսի ցանկում հայտնված ռուս միլիարդատիրոջ ընկերությանը Հայաստանի ժողովրդին երկրի խոշորագույն ակտիվներից մեկում մասնաբաժին ունենալու հնարավորություն ընձեռելու համար:
Նկատենք, որ ընկերության հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահը ներկայումս ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն է, սակայն այս թեմայով նրա կողմից դեռ որեւէ պարզաբանում չի եղել: Իսկ ահա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ էր կոշտ արտահայտվել կոմբինատի հասցեին՝ հայտարարելով, որ ընկերությունն անցել է կարմիր գիծը` քաղաքական գործընթացին խառնվելով։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է հայտարարություն արել: Ես իրենց, ձեզ զգուշացրել էի մի քանի անգամ, որ աշխատողների նկատմամբ չփորձեք քաղաքական ներգործություն ցուցաբերել, դուք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, կարմիր գիծն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուչն առաջինը ձեր գլխին է ջարդվելու: Հայտարարեք-չհայտարարեք, բողոքեք, ձեր հարցը լուծված ա, ժամանակի հարց ա, դուք հանգիստ սպասեք ձեր դատավճռին»,- հայտարարել էր Փաշինյանը:
Եվ ահա, այս հայտարարությունիցդ չորս ամիս անց իրավիճակ փոխվեց, կառավարությունն էլ մասնաբաժին ստացավ ընկերությունում։
Ն.Հ.