Կցանկանայի Հայաստանը դառնա վարպետների երկիր, երբ վարպետ լինելն ամենաբարձր պատիվն է. Արմեն Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհահռչակ հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված «Քեմուրջյան-100» համաժողովի շրջանակում ամերիկացի գրող և լրագրող Նինա Բերլին զրուցել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Նա նախագահ Սարգսյանին հարցեր է ուղղել մասնավորապես համաշխարհային գիտության մեջ հայերի ունեցած ներդրման, Հայաստանի տեխնոլոգիական զարգացման հնարավորությունների, ինչպես նաև գալիք տարի Հայաստանում նախատեսվող՝ գիտության և արվեստի «STARMUS» 6-րդ փառատոնի մասին: Նախագահ Սարգսյանը պատասխանել է նաև համաժողովի մասնակիցների հարցերին:

Ստորև ներկայացնում ենք հիմնական հարցերն ու պատասխանները.

Հարց- Ինչպե՞ս են հայկական հայտնագործությունները, ինժեներները մեծ ներդրում ունեցել համաշխարհային գիտության մեջ: Դուք գիտնական եք, ըստ Ձեզ, ո՞րն է հայերի ամենակարևոր գիտական ներդրումն աշխարհում։

Նախագահ Արմեն Սարգսյան- Ես հավատացած եմ, որ համաշխարհային գիտության ու տեխնոլոգիաների ամենամեծ ու կարևոր ներդրումն արվելու է ապագայում:

Ես այստեղ (համաժողովում) հանդիպեցի երիտասարդ տղաների և աղջիկների, տեսա նրանց էներգիան, ոգևորվածությունն ու հետաքրքրվածությունը՝ անելու ինչ-որ բան, ներգրավվելու 21-րդ դարում աշխարհում տեղի ունեցող իրադարձություններում: Կարծում եմ՝ մեր ժողովուրդն ունի առավելություններ: Խոսքը միայն պատմության մասին չէ: Հայերին կարելի է գտնել ամենուր, ամեն ոլորտում: Դուք ամերիկացի եք: Ձեր երկրում կա կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութ՝ Pfizer և Moderna: Moderna-ն ստեղծվել է հայի՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորի կողմից: Անշուշտ, սա մեծ ներդրում է: Մի քանի օր առաջ մեկ այլ հայ, ով ծնվել է Լիբանանում, արժանացավ Նոբելյան մրցանակի:

Հայերը շատ կարևոր բաներ են արել, և դրանցից մեկն էլ Քեմուրջյանի ներդրումն է: Մենք մի ժողովուրդ ենք, որի ամենակարևոր արժեքը մարդն է։ Այսօրվա Հայաստանը շարունակությունն է այն ամենի, ինչ ունեցել ենք նախկինում:

Ցավոք, Ցեղասպանության հետևանքով սպանված հայերի թիվը հսկայական էր: Մենք կորցրեցինք մեծաթիվ տաղանդներ, հանճարներ: Եթե չլիներ Ցեղասպանությունը, գուցե ավելի շատ հանճարներ ունենայինք ողջ աշխարհում, որոնք իրենց ներդրումը կունենային արվեստի, երաժշտության, տեխնոլոգիաների և գիտության մեջ:

Ցեղասպանությունը պատճառ հանդիսացավ հայկական սփյուռքի ընդլայնման համար: Ներկայում Հայաստանը փոքր երկիր է, սակայն՝ համաշխարհային ազգ: Եվ մեր ունեցած ամենակարևոր արժեքը մարդիկ են: Հարցը հետևյալն է՝ կարողանո՞ւմ ենք ճիշտ կառավարել այդ ռեսուրսը: Իմ պատասխանը բացասական է՝ մենք այն լավ չենք կառավարում:

Պատճառները մի քանիսին են, որոնցից մեկը Սահմանադրությունն է: Այն թույլ չի տալիս արտասահմանում բնակվող հային գալ Հայաստան ու ծառայել երկրին: Համաձայն Սահմանադրության՝ նա պետք է հետ վերադառնա, վերջին 4 տարին բնակվի միայն Հայաստանում և ունենա միայն ՀՀ անձնագիր, ինչը 21-րդ դարում բացարձակ անհեթեթություն է: Հենց սրա պատճառով է, որ ես հիմա խոսում եմ և պնդում, որ պետք է փոխել Սահմանադրությունը: Այն պահին, երբ կբացենք մեր դռները ու կսկսենք օգտագործել մեր ամենամեծ ռեսուրսը, կտեսնենք հայ ժողովրդի իրական բարգավաճումը ողջ աշխարհում:

Մենք չենք օգտագործում մեր հիմնական ռեսուրսը՝ մարդկանց: Մենք պետք է անենք ամեն բան՝ հարաբերություններ հաստատելու Հայաստան պետության և ողջ աշխարհում բնակվող հայերի ցանցի միջև, որպեսզի այդ կապը շատ ավելի արդյունավետ գործի:

Ձեր հարցի կարճ պատասխանը հետևյալն է՝ ես ակնկալում եմ, որ մեր երիտասարդ տղաներն ու աղջիկներն ապագայում հսկայական ներդրում կունենան գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում:

Հարց- Հայաստանի տեխնոլոգիական արդյունաբերությունը շատ կենսունակ է: Կարո՞ղ եք մատնանշել տեխնոլոգիական արդյունաբերության ներկայիս կամ առաջիկա զարգացումները, որոնք օգտակար են լինելու տիեզերքի ուսումնասիրության գործում:

Նախագահ Արմեն Սարգսյան- Ես միաժամանակ և՛ համաձայն եմ, և՛ համաձայն չեմ Ձեզ հետ տեխնոլոգիական արդյունաբերության վերաբերյալ: Հայաստանում մենք իսկապես հավատացած ենք, որ ունենք բարձր մակարդակի ՏՏ ոլորտ, ինչը, կարծում եմ, պետք է այլ կերպ ձևակերպել: Մենք ունենք մեծ ներուժ՝ ունենալու շատ մեծ ՏՏ ոլորտ, սակայն մենք դա դեռ չունենք: Մենք շատ անելիքներ ունենք՝ հավաստիանալու, որ կենսունակ ՏՏ ոլորտ ունենք: Բոլորն այստեղ անելիքներ ունեն, այդ թվում և՝ կառավարությունը:

Ես, որպես նախագահ, ունեմ մի շարք նախաձեռնություններ, որոնցից մեկը «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ն է, որը մարդկանց համախմբում է մի վայրում, ինչպես Դավոսում է, և քննարկումներ են անցկացվում աշխարհաքաղաքականության, 21-րդ դարի, ապագայի, նոր տեխնոլոգիաների մասին: Երրորդ նման գագաթնաժողովն անցկացվելու է հաջորդ շաբաթ Դիլիջանում:

Մենք ունենք նաև ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնությունը: Կարծում եմ, մենք շատ տաղանդներ ունենք, որոնք աջակցության կարիք ունեն: Այս նախաձեռնության նպատակն է մեծ ձեռնարկություններին ու արդյունաբերողներին բերել Հայաստան, ստեղծել համատեղ վենչուրներ այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են, օրինակ, Google-ը, IBM-ը, Dassault-ն, Thales-ը, Siemens-ը, Մյունխենի, Մոսկվայի պետական համալսարանները և այլն: Նման մեծ կազմակերպությունները մշտապես կունենան երիտասարդ գիտնականների, ստարտափների կարիք, իսկ նման ընկերությունների ներկայությունը կխթանի զարգացնելու մեր կրթական համակարգը:

Պետք է լինի ոլորտ, որը կքաջալերի երիտասարդ սերնդին: Սա, իհարկե, բարդ է, սակայն մենք այլ ճանապարհ չունենք: Մեր երկրի ապագան 21-րդ դարում է, դա ենթադրում է, որ մենք պետք է ունենանք բացարձակ ժամանակակից բիոտեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, ինչպես նաև պետք է զարգացնենք ժամանակակից գյուղատնտեսություն: Երիտասարդները պետք է հասկանան, որ, ապրելով գյուղում, կարող են ապրել ժամանակակից մարդու կյանքով, լինել աշխարհի մասը:

Կարծում եմ՝ ինչ էլ որ անենք Հայաստանում, պետք է հիմքում ունենա բարձր տեխնոլոգիաները:

Հարց- Հաջորդ տարի Հայաստանում կանցկացվի «STARMUS» 6-րդ փառատոնը: Կներկայացնե՞ք, թե ինչ է դա նշանակում Հայաստանի համար և ի՞նչ է իրենից ներկայացնում:

Նախագահ Արմեն Սարգսյան– «STARMUS» 6-րդ փառատոնը մեծ նվաճում է: Գաղափարն, անշուշտ, շատ հիասքանչ է, սակայն գաղափարը հաջողության միայն մեկ տոկոսն է: 99 տոկոսը նվիրումն է, էներգիան, աշխատանքը, այլ մարդկանց ներգրավելու, գաղափարները կիսելու կարողությունը:

Ուրախ եմ, որ Ցյուրիխում՝ «STARMUS» 5-րդ փառատոնի ժամանակ ես հրավիրեցի այս փառատոնը Հայաստան, և հրավերն ընդունվեց:

Ես ուզում եմ, որ «STARMUS» 6-ը դառնա նոր մակարդակի «STARMUS»: «STARMUS»-ը մշտապես եղել է գիտության, մասնավորապես, աստղագիտության ու երաժշտության, մասնավորապես՝ ռոք երաժշտության մասին: Սակայն ես ցանկանում եմ, որ «STARMUS» 6-ը դառնա «STARMUS»-ի համար նոր ժամանակաշրջանի մեկնարկ, երբ մենք կխոսենք գիտության մասին ավելի լայն իմաստով: Այսինքն, ուզում եմ, որ «STARMUS» 6-ը քաջալերի ոչ միայն աստղագիտությունը, այլև գիտությունն ավելի լայն իմաստով: Հաջորդ տարի մեր քննարկումները կլինեն արհեստական բանականության, բիոտեխնոլոգիաների և այլ թեմաների շուրջ:

«STARMUS» 6-ը նաև պետք է լինի ընդհանուր երաժշտության փառատոն, ոչ միայն ռոքի, այլև ժամանակակից ու դասական երաժշտության: Սա իմ տեսլականն էր, որի մասին խոսեցի Գարիկ Իսրայելյանի հետ: Նախատեսվում է, որ այն լինելու է մեծ միջազգային փառատոն, և ուրախ կլինեմ, որ հազարավոր մարդիկ գան Հայաստան՝ մասնակցելու գիտության ու արվեստի այս մեծ փառատոնին:

Հարց- Որպես աշխարհի միակ նախագահ, ով երազում է տիեզերք թռչելու մասին, ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ հեռանկարներ ունի տիեզերական զբոսաշրջությունը:

Նախագահ Արմեն Սարգսյան- Մինչև նախագահ դառնալը ես լրջորեն մտածում էի դառնալ տիեզերական զբոսաշրջիկ: Ես շարունակում եմ երազել դրա մասին: Երբ Շամոնիում էի՝ ֆրանսիական «Մտքերի գագաթնաժողով»-ին, ինձ դիմեց ևս մեկ տիեզերական ընկերություն, և այժմ ես ունեմ արդեն երեք առաջարկ:

Երբ ես փոքր երեխա էի, ես տեսա Հայաստանի մարդկանց դրական էներգիան ու ոգևորվածությունը, երբ Գագարինը թռավ տիեզերք: Այդ օրվանից հետո իմ ներսում տարածվեց մի «վիրուս», որն ասում էր, որ ես տիեզերքի մաս եմ կազմում: Գուցե դա էր պատճառներից մեկը, որ ես դարձա ֆիզիկոս:

Շատ շուտով, մի քանի տարուց, երիտասարդ անձանց մեծ մասը կթռչի տիեզերք, և տիեզերք թռչելը կդառնա նույնը, ինչ այսօր ինքնաթիռով թռիչքներն են: Ես շատ ուրախ եմ, որ կա սերունդ, որը կունենա այդ մեծ հնարավորությունը: Սա կարևոր է նաև հասկանալու, որ այս մոլորակը փոքր տարածք է, և մենք պետք է հոգ տանենք մեկս մյուսի նկատմամբ, չենք կարող թույլ տալ բաներ, որոնք բանական դատողությունից դուրս են: Պետք է հասկանանք, որ այս մոլորակը չափազանց փոքր է անպատասխանատու վարքագիծ դրսևորելու, ապագա սերունդների, ջրի, օդի մաքրության մասին չմտածելու համար:

Հարց- Դուք խոսեցիք Հայաստանում ՏՏ ոլորտի առավելությունների և առաջնահերթությունների մասին: Ի՞նչ եք կարծում՝ կրթական համակարգում կա՞ն բացեր, որոնք խանգարում են հայ գիտնականներին՝ աշխատել ու ստեղծել, և ի՞նչ կարող ենք անել՝ փոխելու դա, որպեսզի ավելի լավ կրթական համակարգ, ավելի շատ գիտնականներ ունենանք:

Նախագահ Արմեն Սարգսյան– Կարծում եմ՝ մենք պետք է սկսենք տեսլականից: Մենք պետք է գտնենք այն հարցի պատասխանը, թե՝ իսկապես ցանկանու՞մ ենք Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիաների երկիր: Մենք պետք է լրջորեն մտածենք, որ նոր տեխնոլոգիաներն առաջ շարժվելու ճանապարհն են ստեղծում: Այն պահին, երբ մենք դա գիտակցենք, տեսլական կունենանք:

Երբ սկսում ես առաջ շարժվել, պետք է հիշես, որ աշխարհը շատ արագ է, այն մշտապես փոփոխվում է: Մենք պետք է հստակ հասկանանք, թե որտեղ ենք և որտեղ ենք ցանկանում լինել 2045 կամ 2050 թվականին: Այդ ամենը ձևավորելու համար պետք է հասկանաս, թե ինչպիսին է աշխարհը լինելու ապագայում: Մենք պետք է մտածենք, թե ինչպիսին է աշխարհը լինելու 10 տարվա կտրվածքով, ինչպիսին է լինելու համաշխարհային շուկան, և ինչ եմ ես վաճառելու այնտեղ՝ գումար վաստակելու համար: Շատ կարևոր է՝ տեսլական ունենալ, որին մենք բոլորս կհավատանք: Մենք բոլորս պետք է ունենանք նույն նպատակը, տեսլականը և ծրագիրը, որում պետք է ներգրավվեն բոլորը:

Եթե 10 տարվա կտրվածքով ցանկանում ենք Հայաստանը դարձնել մի երկիր, որը մենք բոլորս ցանկանում ենք տեսնել, ապա պետք է մեր հասարակությունը դարձնենք ոչ միայն առողջ, այլև հարգանք սերմանենք հաջողության նկատմամբ, ամբողջ միջավայրը պետք է շատ մրցունակ դարձնենք երիտասարդների համար, և ցանկացած հաջողություն պետք է նշանավորվի, հասարակությունը պետք է ցույց տա իր հարգանքն ու պատկառանքը դրա նկատմամբ: Երբ ակադեմիկոս Համբարձումյանը քայլում էր փողոցով, բոլորը նրան պատկառանքով էին նայում: Մեր բառապաշարում կա շատ լավ բառ՝ վարպետ: Մենք շատ վարպետներ ենք ունեցել:

Կցանկանայի Հայաստանը դառնա վարպետների երկիր, երբ վարպետ լինելն ամենաբարձր պատիվն է:

Մենք պետք է ամենալավ կրթությունն ունենանք, պետք է ուսումնասիրենք ուրիշների կրթական համակարգերը և ստեղծենք այնպիսի համակարգ, որը բոլորից լավը լինի:

Հարց- Չե՞ք կարծում, որ մենք պետք է առաջին հերթին մտածենք աշխարհի վրա եղած խնդիրների, պատերազմների, խտրականության մասին և միայն դրանից հետո դիտարկենք Մարս թռչելը:

Նախագահ Արմեն Սարգսյան– Եկեք 100 տարի հետ գնանք: Այդ ժամանակ աշխարհը կրկին խառնաշփոթի մեջ էր, աղքատության վերաբերյալ հարցեր կային, սակայն հետազոտությունների համար գումարներ էին հատկացվում: Այդ ժամանակ ևս հարց էր բարձրացվում, թե ինչու՞ են մեծ գումարներ հատկացվում գիտնականներին, ֆիզիկոսներին՝ բացահայտելու ատոմները, երբ այդքան մարդ քաղցած էր: Այդ գիտնականները բացահայտեցին քվանտային ֆիզիկան, որը օգտագործվեց ԱՄՆ-Խորհրդային Միություն մրցակցության համար: Այն, ինչ մենք ունենք այսօր՝ սկսած խոսափողից, հեռախոսներից, ստեղծվել է քվանտային ֆիզիկայի շնորհիվ: Եվ եթե մենք ներդրում չանեինք այդ ոլորտում, մենք ոչ մի տեղ չէինք հասնի: Եթե չլինեին համակարգիչները, քվանտային ֆիզիկան բազմաթիվ մարդիկ աշխատանք չէին ունենա:

Այսպիսով՝ գիտության ոլորտում ներդրում անելը և Լուսին կամ տիեզերք թռչելը պարզապես հաճույքի համար չէ, դա գիտության մեջ ֆունդամենտալ ներդրում է, քանի որ դու չես կարող թռչել Լուսին առանց տեխնոլոգիաների ուժեղացման և զարգացման: Դեպի Լուսին թռչելով՝ դու ներդրում ես անում բարձր տեխնոլոգիաների մեջ, դու ներդրում ես կատարում նոր տեխնոլոգիաների մեջ, որոնք հազարավոր, միլիոնավոր աշխատատեղեր են ստեղծում: Ապագայի լեզուն գիտության ու տեխնոլոգիաների լեզուներն են:

Հարց- Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ մոտեցում պետք է լինի՝ ներգրավելու ավելի շատ երիտասարդ ուսանողների ու գիտնականների տեխնոլոգիաների ոլորտում, որպեսզի հնարավոր լինի միավորել մեր ողջ ներուժը: Քանի որ շատ հաճախ երիտասարդները հանդես են գալիս այնպիսի նորարարություններով, որոնց մասին մյուսները չէին մտածել: Իսկ հնի ու նորի մեկտեղումը շատ հաճախ ավելի լավ արդյունքների է հանգեցնում: Ըստ Ձեզ, դա ինչպե՞ս պետք է արվի:

Նախագահ Արմեն Սարգսյան– Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա ենք, դրանում կհամոզվեք, եթե խոսեք երիտասարդների հետ: Որոշ ժամանակ առաջ ես Վանաձորում էի, հանդիպեցի դպրոցականների ու հարցրի, թե ինչ են ուզում դառնալ: Նրանց մի մասն ուզում էր դառնալ դիվանագետ, իսկ մյուս մասը՝ ծրագրավորող: Մենք պետք է խրախուսենք, բացատրենք, որ ավելի լավ կյանք ունենալու համար պետք է ավելի լայն մտածել:

Երկրորդը, շատ կարևոր է, որ մեր երկրում բոլորը՝ սկսած նախագահից, վարչապետից, կառավարությունից պետք է գնահատեն ու հարգեն նրանց, ովքեր տաղանդավոր են:

Այս համաժողովը Քեմուրջյանին պատվելու համար էր, ներկայացնելու, թե ով էր նա ու շնորհակալություն հայտնելու նրան: Սակայն սա նաև պետք էր՝ խրախուսելու երիտասարդներին՝ կրկնելու այն, ինչ արել էր Քեմուրջյանը, կամ անելու ավելին:

Մենք բոլորս պետք է մեծ հարգանք ունենանք երիտասարդներիդ հանդեպ, քանի որ, ինչպես ասացի ամենասկզբում, ես հավատացած եմ, որ իմ ժողովրդի ամենամեծ նվաճումները լինելու են վաղը:




Լրահոս