Այս շաբաթ Միացյալ Նահանգների և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է Հարավային Կովկասում հայկական և ադրբեջանական ուժերի միջև տեղի ունեցած 44-օրյա թեժ ռազմական գործողությունների ավարտը ազդարարած հրադադարի մասին հայտարարության ստորագրման մեկ տարին:
Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հռչակման մեկամյակի կապակցությամբ:
«Մենք խորապես ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում անցած տարվա ռազմական գործողությունների զոհերի ու վիրավորների ընտանիքներին։ Մենք կոչ ենք անում վերադարձնել բոլոր պահվող անձանց, լիարժեք հաշվետու լինել անհետ կորածների համար, ապահովել տեղահանվածների կամավոր վերադարձն իրենց տներ, իրականացնել ընդգրկուն հումանիտար ականազերծում հակամարտության ազդակիր տարածքներում և կարիքավորների հետ աշխատելու հասանելիություն ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների համար»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նաև ասվում է, որ այս շաբաթ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը ճանաչում են հրադադարի հռչակման մեկամյակը, որը վերջ դրեց Հարավային Կովկասում հայկական և ադրբեջանական ուժերի միջև 44-օրյա ինտենսիվ մարտերին: Մենք նաև կոչ ենք անում հետաքննել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի ենթադրյալ խախտումները:
«Մենք Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ այդ հակամարտությունից բխող դեռևս չլուծված հարցերին համապարփակ լուծումներ գտնելու ուղղությամբ շարունակել ու առավել մեծացնել ջանքերի գործադրումը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,-նշված է ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարության մեջ։