ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են միջոցառումներ՝ նախօրեին Երևան քաղաքի Թումանյան փողոցում Ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2021թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 23:00-ին, ՀՀ ոստիկանության ՊԾ գնդի ծառայողները, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում ծառայություն իրականացնելիս, Թումանյան-Կողբացի փողոցների խաչմերուկի հարևանությամբ ավտոմեքենան չթույլատրված վայրում կայանելու համար Երևանի 35-ամյա բնակչի նկատմամբ վարչական իրավախախտումն արձանագրելու նպատակով, մոտեցել են վերջինիս, պատշաճ կարգով պարզաբանել նրա արարքի հակաիրավական բնույթը և պահանջել տարհանել ավտոմեքենան: